1Երբ նա տաճարից դուրս էր գալիս, իր աշակերտներից մէկը նրան ասաց. «Վարդապե՛տ, տե՛ս ինչպիսի՜ քարեր են սրանք, եւ ինչպիսի՜ շինուածք»: 2Յիսուս նրան պատասխան տուեց եւ ասաց. «Տեսնո՞ւմ ես այդ բոլոր շինութիւնները. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դրանց քարը քարի վրայ չպիտի թողնուի, որ չքանդուի»: 3Եւ մինչ նստած էր նա Ձիթենեաց լերան վրայ, տաճարի դիմաց, Պետրոսն ու Յակոբոսը եւ Յովհաննէսն ու Անդրէասը, առանձին, հարցրին նրան. 4«Ասա՛ մեզ, ե՞րբ պիտի լինի այդ, եւ ի՞նչ կը լինի նշանը, երբ կատարուելու լինի այդ բոլորը»: 5Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Զգո՛յշ կացէք, ոչ ոք ձեզ չխաբի, 6որովհետեւ շատեր պիտի գան իմ անունով եւ պիտի ասեն՝ ե՛ս եմ Քրիստոսը, եւ շատերին պիտի մոլորեցնեն: 7Սակայն երբ լսէք պատերազմների ձայներ կամ պատերազմների լուրեր, չխռովուէք, որովհետեւ այդ պէտք է որ լինի, բայց դեռ աշխարհի վախճանը չէ: 8Ազգ ազգի դէմ պիտի ելնի եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ, եւ տեղ-տեղ երկրաշարժներ պիտի լինեն, սով եւ համաճարակ ու խռովութիւններ. բայց այդ բոլորը սկիզբն է երկանց: 9Եւ դեռ ձեզ էլ պիտի մատնեն ատեանների, եւ ժողովարանների մէջ պիտի տանջուէք. եւ ինձ համար կուսակալների ու թագաւորների առաջ պիտի կանգնէք՝ ի վկայութիւն նրանց: 10Բայց նախ պէտք է, որ Աւետարանը քարոզուի բոլոր հեթանոսների մէջ: 11Եւ երբ ձեզ տանեն յանձնելու, առաջուց հոգ մի՛ արէք եւ մի՛ մտածէք, թէ ինչ պիտի խօսէք, այլ, ինչ որ ձեզ տրուի այդ նոյն ժամին, ա՛յն խօսեցէք, որովհետեւ դո՛ւք չէ, որ պիտի խօսէք, այլ՝ Սուրբ Հոգին: 12Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն. եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու պիտի սպանեն նրանց: 13Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. բայց ով որ մինչեւ վերջ համբերի, նա կը փրկուի»: 14«Եւ երբ տեսնէք սարսափելի պղծութիւնը՝ տեղ գտած այնտեղ, ուր չպէտք է լինէր (ով կարդում է, թող իմանայ), այն ժամանակ նրանք, որ Հրէաստանում են, լեռները թող փախչեն. 15եւ ով տանիքի վրայ է, թող չիջնի եւ տուն չմտնի՝ այնտեղից բան վերցնելու. 16եւ ով արտի մէջ է, թող ետ չդառնայ՝ իր զգեստները վերցնելու: 17Բայց վա՜յ յղիներին եւ ստնտուներին այն օրերին: 18Աղօթեցէ՛ք, որ ձմեռ ժամանակ չլինի դա: 19Այդ օրերը պիտի լինեն օրեր այնպիսի նեղութիւնների, որոնց նմանը չի եղել երբեք արարչագործութեան սկզբից մինչեւ այժմ եւ չի էլ լինի: 20Եւ եթէ Աստուած այդ օրերը իր ընտրեալների համար չկարճէր, ոչ մի մարդ չէր ազատուի. բայց նա իր ընտրեալների պատճառով, - որոնց ընտրեց, - կարճեց այդ օրերը: 21Այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասի, թէ՝ «Ահա՛ այստեղ է Քրիստոսը կամ այնտեղ», չհաւատաք. 22որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ պիտի ելնեն եւ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցոյց տան՝ մոլորեցնելու նպատակով, եթէ հնար լինի, նոյնիսկ ընտրեալներին: 23Բայց դուք զգո՛յշ եղէք. ահա առաջուց ձեզ ամէն ինչ ասացի»: 24«Բայց այդ օրերին, այդ նեղութիւնից յետոյ, արեգակը պիտի խաւարի, եւ լուսինն իր լոյսը չպիտի տայ: 25Եւ աստղերը երկնքից վայր պիտի թափուեն, եւ երկնքում զօրութիւնները պիտի շարժուեն: 26Եւ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու Որդուն՝ եկած ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով: 27Եւ այն ժամանակ պիտի ուղարկի իր հրեշտակներին ու պիտի հաւաքի իր ընտրեալներին չորս կողմերից, երկրի ծագերից մինչեւ երկնքի ծագերը»: 28«Բայց դուք այդ թզենո՛ւց սովորեցէք առակը. հէնց որ նրա ոստերը կակղեն, եւ նրա վրայ տերեւ դուրս գայ, իմանում էք, որ ամառը մօտ է. 29նոյնպէս եւ դուք. երբ այս բոլորը կատարուած տեսնէք, իմացէ՛ք, որ նա մօտ է, դռների առջեւ: 30Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ չի անցնի այս սերունդը, մինչեւ որ այս բոլորը կատարուեն: 31Երկինք ու երկիր կ՚անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնի»: 32«Սակայն այդ օրուայ եւ ժամի մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ հրեշտակները երկնքում եւ ո՛չ էլ՝ Որդին, այլ միայն՝ Հայրը: 33Զգո՛յշ եղէք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք, քանի որ չգիտէք, թէ ե՛րբ է ժամանակը. 34ինչպէս հեռու երկիր գնացած մի մարդ, որ կը թողնի իր տունը եւ իր ծառաներին իշխանութիւն կը տայ եւ իւրաքանչիւրին՝ իր գործը, եւ դռնապանին կը պատուիրի, որ արթուն լինի: 35Արդ, արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ տանտէրը ե՛րբ կը գայ՝ երեկոյեա՞ն, թէ՞ կէսգիշերին, աքլորականչի՞ն, թէ՞ առաւօտեան դէմ: 36Գուցէ յանկարծակի գալով՝ ձեզ քնի մէջ գտնի: 37Բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում՝ արթո՛ւն կացէք»: