1Եւ սկսեց նրանց հետ առակներով խօսել եւ ասել. «Մի մարդ այգի տնկեց եւ նրա շուրջը ցանկապատ քաշեց, հնձանի փոս փորեց եւ աշտարակ շինեց. ու այն յանձնեց մշակներին եւ գնաց ուրիշ երկիր: 2Երբ ժամանակը հասաւ, մշակների մօտ մի ծառայ ուղարկեց, որ այդ մշակներից վերցնի այգու պտղից: 3Եւ մշակները նրան բռնելով՝ ծեծեցին ու ձեռնունայն արձակեցին: 4Դարձեալ նա մի ուրիշ ծառայ ուղարկեց, եւ նրա էլ գլխին հարուածեցին եւ անարգելով արձակեցին: 5Եւ վերստին մէկ ուրիշին ուղարկեց. սրան էլ՝ սպանեցին. եւ ուրիշ շատերին ուղարկեց. ոմանց ծեծում էին, ոմանց՝ սպանում: 6Դեռեւս նա մի սիրելի որդի ունէր. վերջում նրան ուղարկեց նրանց մօտ՝ ասելով. «Թերեւս իմ այս որդուց ամաչեն»: 7Իսկ մշակները երբ տեսան, որ նա գալիս է, իրար ասացին. «Ժառանգը սա է, եկէք սպանենք սրան, եւ ժառանգութիւնը մերը թող լինի»: 8Եւ բռնելով նրան՝ սպանեցին ու հանեցին գցեցին այգուց դուրս: 9Արդ, այգու տէրը ի՞նչ կ՚անի. կը գայ եւ կը սպանի մշակներին ու այգին ուրիշների ձեռքը կը յանձնի: 10Դուք չէ՞ք կարդացել Գրքի այն խօսքը, թէ՝ «Այն քարը, որ կառուցողները անարգեցին, նա՛ եղաւ անկիւնաքար»: 11Տիրոջ կողմից եղաւ այս, եւ մեր աչքին սքանչելի է»: 12Եւ նրանք միջոց էին փնտռում՝ նրան ձերբակալելու, բայց ժողովրդից վախեցան, որովհետեւ հասկացան, թէ նա առակը իրենց մասին ասաց: Եւ թողեցին նրան ու գնացին: 13Եւ նրա մօտ ուղարկեցին փարիսեցիներից եւ հերովդէսականներից ոմանց, որպէսզի նրան խօսքով որսան: 14Եւ նրանք եկան ու նենգութեամբ հարց էին տալիս եւ ասում. «Վարդապե՛տ, գիտենք, որ դու ճշմարտասէր ես եւ չես քաշւում ոչ ոքից, որովհետեւ մարդկանց աչառութիւն չես անում, այլ ճշմարտութեամբ Աստծու ճանապարհն ես ուսուցանում. արդ, ասա՛ մեզ, օրինաւո՞ր է հարկ տալ կայսրին, թէ՞ ոչ. տա՞նք, թէ՞ չտանք»: 15Յիսուս իմացաւ նրանց կեղծաւորութիւնը եւ ասաց. «Ինչո՞ւ էք ինձ փորձում, կեղծաւորնե՛ր. ինձ մի դահեկա՛ն բերէք, որ տեսնեմ»: 16Եւ նրանք բերեցին: Եւ նրանց ասաց. «Ո՞ւմն է այս պատկերը կամ գիրը»: Եւ նրանք ասացին նրան՝ կայսրինը: 17Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Գնացէ՛ք, տուէ՛ք կայսրինը՝ կայսեր եւ Աստծունը՝ Աստծուն»: Եւ զարմացան նրա վրայ: 18Նրա մօտ եկան սադուկեցիները, որոնք ասում են, թէ՝ յարութիւն չկայ. հարց էին տալիս եւ ասում. 19«Վարդապե՛տ, Մովսէսը մեզ համար գրել է. «Եթէ մէկի եղբայրը մեռնի եւ կին թողնի, բայց որդի չթողնի, թող նրա եղբայրը առնի նրա կնոջը եւ իր եղբօր համար զաւակ հասցնի»: 20Արդ, մեզ մօտ եօթը եղբայրներ կային. առաջինը կին առաւ եւ մեռաւ ու զաւակ չթողեց. 21եւ երկրորդը նոյն կնոջն առաւ ու մեռաւ. եւ նա էլ զաւակ չթողեց: Նոյն ձեւով նաեւ երրորդը առաւ նոյն կնոջը: 22Եւ եօթն էլ զաւակ չթողեցին. ամենքից յետոյ մեռաւ նաեւ կինը: 23Արդ, յարութեան ժամանակ, երբ յարութիւն առնեն, նրանցից ո՞ւմ կինը կը լինի. քանի որ եօթն էլ նրան կին առան»: 24Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Հէնց դրա համար չէ՞, որ մոլորուած էք. քանի որ չգիտէք Գրքերը եւ ոչ էլ՝ Աստծու զօրութիւնը. 25որովհետեւ, երբ մեռելներից յարութիւն առնեն, ո՛չ տղամարդիկ կին կ՚առնեն եւ ո՛չ էլ կանայք մարդու կը գնան, այլ կը լինեն հրեշտակների նման, որ երկնքում են: 26Իսկ գալով մեռելներին, թէ յարութիւն են առնում, դուք չէ՞ք կարդացել Մովսէսի գրքում, մորենու դրուագում, թէ ինչպէս Աստուած ասաց նրան. «Ե՛ս եմ, - ասում է, - Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը»: 27Իսկ Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ ողջերի. ուստի, դուք խիստ մոլորուած էք»: 28Օրէնսգէտներից մէկը, մօտենալով, լսում էր նրանց, մինչ վիճում էին. երբ նա տեսաւ, թէ Յիսուս նրանց պատասխանը լաւ տուեց, հարցրեց նրան եւ ասաց. «Ո՞ր պատուիրանն է առաջինը»: 29Եւ Յիսուս ասաց նրան. «Ամենից առաջինն է՝ «Լսի՛ր, Իսրայէ՛լ, մեր Տէր Աստուածը միակ Տէրն է. 30եւ դու պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով եւ քո ամբողջ զօրութեամբ». սա՛ է առաջին պատուիրանը: 31Եւ երկրորդը նման է սրան. «Դու պիտի սիրես քո ընկերոջը քո անձի պէս». չկայ ուրիշ պատուիրան աւելի մեծ, քան սրանք»: 32Եւ օրէնսգէտը նրան ասաց. «Լաւ է, Վարդապե՛տ, ճշմարտութեամբ ասացիր, թէ Աստուած մէկ է, եւ բացի նրանից, ուրիշ Աստուած չկայ. 33եւ նրան ամբողջ սրտով, ամբողջ զօրութեամբ, ամբողջ մտքով սիրելը, ինչպէս եւ ընկերոջն իր անձի պէս սիրելը առաւել է, քան ողջակէզները եւ զոհերը»: 34Եւ Յիսուս տեսնելով, թէ նա իմաստութեամբ պատասխան տուեց, նրան ասաց. «Հեռու չես Աստծու արքայութիւնից»: Եւ այլեւս ոչ ոք չէր համարձակւում նրան բան հարցնել: 35Մինչ Յիսուս ուսուցանում էր տաճարում, հարց տուեց ժողովրդին ու ասաց. «Ինչպէ՞ս են ասում օրէնսգէտները, թէ Քրիստոս Դաւթի Որդի է, 36մինչ Դաւիթն ինքը Սուրբ Հոգով ասում է. «Տէրն իմ Տիրոջն ասաց. նստի՛ր իմ աջում, մինչեւ որ քո թշնամիներին քո ոտքերի համար պատուանդան դնեմ»: 37Արդ, եթէ Դաւիթն ինքն իսկ նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա Որդին կը լինի»: Եւ շատ ժողովուրդ նրան լսում էր սիրով: 38Եւ սովորեցնելով՝ նա իր ուսուցման ընթացքում ասում էր. «Զգո՛յշ եղէք այդ օրէնսգէտներից, որ ուզում են աչքի զարնող զգեստներով ման գալ, հրապարակներում յարգանքի ողջոյններ որոնել, 39ժողովարաններում՝ առաջին աթոռները եւ ընթրիքների ժամանակ՝ պատուոյ տեղերը: 40Նրանք ուտում են այրիների տները, ցուցադրաբար երկարացնում են աղօթքները, որպէսզի աւելի խիստ դատաստան ընդունեն»: 41Յիսուս կանգնած էր գանձանակի դիմաց. դիտում էր, թէ ինչպէս ժողովուրդը պղինձ դրամ է գցում գանձանակի մէջ: Եւ շատ մեծահարուստներ շատ բան գցեցին: 42Մի այրի կին եկաւ եւ երկու լումայ գցեց, որ մի գրոշ է: 43Եւ Յիսուս իր մօտ կանչելով իր աշակերտներին՝ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքաւոր այրին աւելի շատ գցեց, քան գանձանակի մէջ միւս բոլոր դրամ գցողները, 44քանի որ ամէնքը իրենց աւելորդից գցեցին, իսկ նա, իր չքաւորութիւնից, գցեց ամէն ինչ, որ ունէր՝ իր ամբողջ ապրուստը»: