1Այն ժամանակ Հերովդէս չորրորդապետը լսեց Յիսուսի համբաւը եւ իր ծառաներին ասաց. 2«Նա՛ է Յովհաննէս Մկրտիչը. մեռելներից յարութիւն է առել, եւ դրա համար նրա միջոցով զօրաւոր գործեր են լինում»: 3Արդարեւ Հերովդէսը ձերբակալել էր Յովհաննէսին, նրան կապել եւ բանտի մէջ էր դրել իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով. 4որովհետեւ Յովհաննէսը նրան ասում էր. «Օրինաւոր չէ, որ դու նրան իբրեւ կին ունենաս»: 5Եւ կամենում էր նրան սպանել, բայց վախենում էր ժողովրդից, քանի որ նրան որպէս մարգարէ էին ընդունում: 6Եւ երբ Հերովդէսի ծննդեան տարեդարձը հասաւ, Հերովդիայի դուստրը հրաւիրեալների առաջ պարեց. եւ հաճելի թուաց Հերովդէսին. 7ուստի եւ՝ նա երդումով խոստացաւ նրան տալ, ինչ էլ որ ուզի: 8Եւ նա, առաջուց խրատուած լինելով իր մօրից, ասաց. «Տո՛ւր ինձ այստեղ, սկուտեղի վրայ, Յովհաննէս Մկրտչի գլուխը»: 9Եւ թագաւորը տխրեց, բայց երդման եւ սեղանակիցների պատճառով հրամայեց նրան տալ այդ: 10Եւ մարդ ուղարկեց, գլխատել տուեց Յովհաննէսին բանտի մէջ: 11Եւ նրա գլուխը բերուեց սկուտեղով ու տրուեց աղջկան: Եւ սա տարաւ այն իր մօրը: 12Իսկ Յովհաննէսի աշակերտները եկան վերցրին մարմինը եւ թաղեցին. եւ եկան պատմեցին Յիսուսին: 13Երբ Յիսուս այդ լսեց, այնտեղից նաւակով առանձին գնաց մի ամայի տեղ: Երբ ժողովրդի բազմութիւնը լսեց այս, քաղաքներից հետիոտն նրա յետեւից գնաց: 14Եւ երբ նա ցամաք ելաւ, տեսաւ բազում ժողովուրդ, գթաց նրանց եւ բժշկեց նրանց հիւանդներին: 15Երեկոյեան դէմ, աշակերտները մօտեցան նրան եւ ասացին. «Այս տեղը ամայի է, եւ օրը տարաժամել է. արձակի՛ր այդ ժողովրդի բազմութիւնը, որպէսզի գնայ շրջակայ գիւղերը իր համար ուտելիք գնի»: 16Եւ Յիսուս ասաց. «Հարկ չկայ, որ նրանք գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տուէք»: 17Եւ նրանք ասացին նրան. «Այստեղ ուրիշ բան չունենք, բացի հինգ նկանակից եւ երկու ձկից»: 18Եւ նրանց ասաց. «Այստե՛ղ բերէք այդ»: 19Եւ հրամայեց ժողովրդի բազմութիւնը նստեցնել խոտի վրայ. եւ վերցնելով հինգ նկանակն ու երկու ձկները՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց եւ նկանակները աշակերտներին տուեց. իսկ աշակերտները՝ ժողովրդին: 20Բոլորը կերան ու յագեցան: Եւ տասներկու սակառ լիքը կտորտանքների մնացորդներ վերցրին: 21Եւ նրանք, որ կերան, մօտ հինգ հազար հոգի էին՝ չհաշուած կանանց եւ երեխաներին: 22Եւ նա իսկոյն իր աշակերտներին ստիպեց նաւակ մտնել եւ առաջանալ դէպի միւս կողմը, մինչեւ որ ինքը ժողովրդի բազմութիւնն արձակի: 23Եւ երբ ժողովրդի բազմութիւնն արձակեց, առանձին լեռ բարձրացաւ աղօթելու համար: Եւ երբ երեկոյ եղաւ, այնտեղ էր, մենակ: 24Նաւակը ցամաքից մղոններով հեռացել էր՝ դէս ու դէն քշուելով ալիքներից, քանի որ քամին դիմացից էր: 25Եւ գիշերուայ ուշ ժամին Յիսուս եկաւ նրանց մօտ՝ քայլելով ծովի վրայ: 26Երբ աշակերտները նրան տեսան ծովի վրայ քայլելիս, տագնապահար եղան եւ ասացին. «Ինչ-որ ուրուական է». ու սարսափից աղաղակեցին: 27Յիսուս իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Սրտապնդուեցէ՛ք, ես եմ, մի՛ վախեցէք»: 28Պետրոսը նրան պատասխանեց ու ասաց. «Տէ՛ր, եթէ դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մօտ գալ»: 29Եւ նա ասաց՝ արի՛: Եւ Պետրոսը նաւակից իջնելով՝ քայլեց ջրի վրայով ու եկաւ Յիսուսի մօտ: 30Սակայն տեսնելով ուժգին քամին՝ վախեցաւ: Եւ երբ սկսեց սուզուել, աղաղակեց ու ասաց. «Տէ՛ր, փրկի՛ր ինձ»: 31Եւ իսկոյն Յիսուս երկարեց իր ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահաւա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»: 32Եւ երբ նրանք նաւակ բարձրացան, քամին հանդարտուեց: 33Եւ նրանք, որ նաւակի մէջ էին, մօտեցան, երկրպագեցին նրան ու ասացին. «Արդարեւ Աստծու Որդին ես դու»: 34Եւ կտրել անցնելով՝ ցամաք ելան Գեննեսարէթում: 35Եւ երբ այդ տեղի մարդիկ նրան ճանաչեցին, մարդ ուղարկեցին ամբողջ գաւառով մէկ ու բոլոր հիւանդներին նրա մօտ բերեցին: 36Եւ աղաչում էին նրան, որ գոնէ միայն նրա զգեստի քղանցքներին դիպչեն. եւ նրանք, որ մի անգամ դիպան, բժշկուեցին: