1Աստուած ասաց Աբրամին. «Հեռացի՛ր քո երկրից, քո ցեղից ու քո հօր տնից եւ գնա՛ այն երկիրը, որ ցոյց կը տամ քեզ: 2Քեզ մեծ ցեղի նախահայր պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, պիտի փառաւորեմ քո անունը, եւ դու օրհնեալ պիտի լինես: 3Պիտի օրհնեմ քեզ օրհնողներին, իսկ քեզ անիծողներին պիտի անիծեմ: Քեզնով պիտի օրհնուեն աշխարհի բոլոր ժողովուրդները»: 4Եւ Աբրամը գնաց, ինչպէս ասել էր նրան Աստուած: Նրա հետ գնաց նաեւ Ղովտը: Աբրամը եօթանասունհինգ տարեկան էր, երբ հեռացաւ Խառանից: 5Աբրամն առաւ իր կին Սարային, իր եղբօրորդի Ղովտին, Խառանում ձեռք բերած ողջ ունեցուածքն ու ստրուկներին: Նրանք ճանապարհ ընկան, որ գնան Քանանացւոց երկիրը: Նրանք եկան Քանանի երկիրը: 6Աբրամը կտրեց անցաւ երկիրն իր երկարութեամբ մինչեւ Սիւքէմ վայրը՝ Բարձր կաղնին: Այդ ժամանակ, սակայն, քանանացիներն էին բնակւում այդ երկրում: 7Տէրը երեւաց Աբրամին եւ ասաց նրան. «Քո յետնորդներին եմ տալու այս երկիրը»: Աբրամն իրեն երեւացած Տիրոջ համար զոհասեղան շինեց այդտեղ: 8Այդտեղից նա գնաց Բեթէլի արեւելեան կողմում գտնուող լեռը: Այնտեղ՝ Բեթէլում, խփեց իր վրանը, ծովի դիմաց, իսկ արեւելքում Անգէն էր: Այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց ու կանչեց Աստծու անունը: 9Աբրամը հեռացաւ, գնաց ու բնակուեց անապատում: 10Երբ սով եղաւ երկրում, Աբրամն իջաւ Եգիպտոս, որ այնտեղ ապրի պանդխտութեան մէջ, քանի որ սովը սաստկացել էր երկրում: 11Երբ Աբրամը մօտեցաւ Եգիպտոսին, իր կին Սարային ասաց. «Գիտեմ, որ դու գեղեցիկ կին ես: 12Արդ, եթէ պատահի, որ եգիպտացիները տեսնեն քեզ եւ ասեն՝ սա նրա կինն է, ու սպանեն ինձ, իսկ քեզ ողջ թողնեն, 13կ՚ասես, թէ՝ նրա քոյրն եմ, որպէսզի քո շնորհիւ ես չտուժեմ եւ քո շնորհիւ կենդանի մնամ»: 14Երբ Աբրամը մտաւ Եգիպտոս, եգիպտացիները տեսան, որ նրա կինը շատ գեղեցիկ է: 15Տեսան նրան նաեւ փարաւոնի իշխանները, գովեցին նրան փարաւոնի առաջ ու նրան տարան փարաւոնի պալատը: 16Սարայի համար նրանք լաւ վերաբերմունք ցոյց տուեցին Աբրամին: Եւ նա ոչխարների, կովերի, էշերի, ծառաների եւ աղախինների, ջորիների եւ ուղտերի տէր դարձաւ: 17Աբրամի կին Սարայի պատճառով Աստուած փարաւոնին ու նրա ընտանիքի անդամներին պատժեց մեծամեծ ու դաժան պատուհասներով: 18Փարաւոնը կանչեց Աբրամին ու ասաց նրան. «Այս ի՞նչ փորձանք բերեցիր իմ գլխին, ինչո՞ւ չյայտնեցիր, թէ նա քո կինն է: 19Ինչո՞ւ ասացիր, թէ «Իմ քոյրն է», ես էլ նրան կնութեան առայ: Արդ, ահա քո կինը քո առաջ է, ա՛ռ նրան ու հեռացի՛ր»: 20Փարաւոնն իր մարդկանց պատուիրեց, որ Աբրամին, իր ունեցուածքով, նրա կնոջը, ինչպէս նաեւ Ղովտին ճանապարհ դնեն: