1Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2«Ես, ահա, Յուդայի ազգից ընտրեցի Բեսելիէլին, որը որդին է Ուրիի, իսկ սա՝ որդին Ովրի: 3Ես նրան լցրի ամէն գործի համար անհրաժեշտ գիտութեան, հանճարի եւ իմաստութեան աստուածային ոգով, 4որպէսզի նա մտածի ու ստեղծագործի, 5որպէսզի մշակի ոսկին, արծաթն ու պղինձը, մանի կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւը, զբաղուի արհեստի կատարելութիւն հանդիսացող ակնագործութեամբ, նաեւ ատաղձագործութեամբ, որ գործի դնի ամէն մի արհեստ: 6Ահա ես նրան օգնական եմ տալիս Դանի ցեղից Աքիսամի որդի Եղիաբին: Ամէն մի ուշիմ մարդու հոգու մէջ դրի շնորհ, որպէսզի անի այն, ինչ պատուիրել եմ քեզ, այսինքն՝ 7պատրաստի վկայութեան խորանը, կտակարանների տապանակն ու նրա կափարիչը, խորանի ամբողջ սպասքն ու զոհարանը, 8զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, սուրբ աշտանակն ու նրա բոլոր զարդերը, խնկարկութեան սեղանը, 9ողջակէզների սեղանն ու նրա բոլոր մասերը, աւազանն ու նրա պատուանդանը, 10ծիսակատարութեան զգեստները, Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու նրա որդիների՝ ինձ համար քահանայութիւն անելու զգեստները, 11օծութեան իւղն ու սրբարանի խնկի համեմունքները: Այս բոլորը, ինչ մի անգամ պատուիրել եմ քեզ, կը պատրաստես»: 12Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. «Իսրայէլի որդիներին հաղորդի՛ր հետեւեալը. «Զգո՛յշ եղէք, պահեցէ՛ք իմ շաբաթ օրերը, 13որովհետեւ դա ձեր սերնդի մէջ իմ ու ձեր միջեւ դրուած պայմանն է, որպէսզի ճանաչէք, թէ ե՛ս եմ ձեզ սրբագործող Տէրը: 14Կը պահէք շաբաթ օրերը, որովհետեւ Տիրոջ եւ ձեզ համար դա սրբութիւն է: Ով այն պղծի, թող մահուան դատապարտուի: Ամէն ոք, ով այդ օրը գործ կ՚անի, թող վերանայ իր ժողովրդի միջից: 15Վեց օր գործ կ՚անես, իսկ եօթներորդ օրը Տիրոջ սուրբ հանգստեան շաբաթ օրն է: Ով որ շաբաթ օրը գործ կ՚անի, թող մահուան դատապարտուի: 16Իսրայէլի որդիները թող պահեն շաբաթ օրերը, որպէսզի դրանք ձեր սերնդի մէջ ի կատար ածուեն որպէս յաւիտենական ուխտ 17իմ ու Իսրայէլի որդիների միջեւ: Դա իմ յաւիտենական պայմանն է, որովհետեւ Տէրը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, իսկ եօթներորդ օրը դադար տուեց եւ հանգստացաւ»: 18Երբ Աստուած Սինա լերան վրայ աւարտեց իր խօսքը, Մովսէսին տուեց վկայութեան երկու տախտակները՝ Աստծու մատով գրուած քարէ տախտակները: