1Երբ Յիսուս իջաւ լեռից, նրա յետեւից շատ ժողովուրդ գնաց: 2Եւ ահա մի բորոտ մօտենալով՝ նրան երկրպագում էր ու ասում. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարող ես ինձ մաքրել»: 3Յիսուս իր ձեռքը երկարեց, դիպցրեց նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»: Եւ իսկոյն բորոտութիւնը նրանից մաքրուեց: 4Եւ Յիսուս նրան ասաց. «Զգո՛յշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա՛ դու քեզ ցո՛յց տուր քահանային եւ մատուցի՛ր Մովսէսի հրամայած ընծան՝ նրանց իբրեւ վկայութիւն»: 5Կափառնայում մտնելիս նրան մօտեցաւ մի հարիւրապետ. աղաչում էր նրան 6եւ ասում. «Տէ՛ր, ծառաս տանը անդամալոյծ ընկած է եւ չարաչար տանջւում է»: 7Յիսուս նրան ասաց. «Ես կը գամ եւ կը բժշկեմ նրան»: 8Հարիւրապետը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր, ես արժանի չեմ, որ դու իմ յարկի տակ մտնես. այլ խօսքո՛վ ասա, եւ իմ ծառան կը բժշկուի. 9քանի որ ես էլ իշխանութեան տակ եղող մարդ եմ, ինձ ենթակայ զինուորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, եւ գնում է, եւ մի ուրիշին, թէ՝ ե՛կ, եւ գալիս է. եւ իմ ծառային, թէ՝ արա՛ այս, եւ անում է»: 10Երբ Յիսուս այս լսեց, զարմացաւ եւ իր հետ գնացողներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայէլի մէջ իսկ այսպիսի հաւատ չգտայ երբեք: 11Բայց ասում եմ ձեզ, որ արեւելքից եւ արեւմուտքից շատերը պիտի գան ու երկնքի արքայութեան մէջ սեղան պիտի նստեն Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի հետ. 12իսկ արքայութեան որդիները պիտի ելնեն արտաքին խաւարը. այնտեղ պիտի լինի լաց եւ ատամների կրճտում»: 13Եւ Յիսուս հարիւրապետին ասաց. «Գնա՛, եւ ինչպէս հաւատացիր, այնպէս թող լինի քեզ»: Եւ այդ նոյն ժամին նրա ծառան առողջացաւ: 14Յիսուս Պետրոսի տունը գալով՝ տեսաւ, որ նրա զոքանչը տաքութեան մէջ պառկած էր: 15Բռնեց նրա ձեռքից, եւ ջերմութիւնը նրան թողեց. ոտքի կանգնեց եւ ծառայում էր նրանց: 16Երբ երեկոյ եղաւ, նրա մօտ բազում դիւահարներ բերեցին, եւ նա խօսքով դեւերին հանեց ու բոլոր հիւանդներին բժշկեց, 17որպէսզի կատարուի Եսայի մարգարէի բերանով ասուած խօսքը. «Նա մեր հիւանդութիւնները իր վրայ վերցրեց եւ մեր ցաւերը կրեց»: 18Յիսուս իր շուրջը բազում ժողովուրդ տեսնելով՝ հրամայեց միւս կողմ գնալ: 19Եւ մի օրէնսգէտ, մօտենալով, ասաց նրան. «Վարդապե՛տ, ես էլ քո յետեւից կը գամ, ուր էլ որ գնաս»: 20Յիսուս նրան ասաց. «Աղուէսները որջ ունեն, եւ երկնքի թռչունները՝ բոյն. բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ իր գլուխը դնի»: 21Եւ իր աշակերտներից մէկն ասաց. «Տէ՛ր, ինձ թո՛յլ տուր, որ գնամ նախ իմ հօրը թաղեմ»: 22Յիսուս նրան ասաց. «Դու իմ յետեւի՛ց արի եւ թո՛յլ տուր, որ մեռեալնե՛րը թաղեն իրենց մեռելներին»: 23Երբ նա նաւակ մտաւ, նրա յետեւից գնացին իր աշակերտները: 24Եւ ահա ծովի վրայ մեծ փոթորիկ առաջացաւ, այնքան, որ նաւակը ծածկուեց ալիքներից: Իսկ ինքը ննջում էր: 25Եւ աշակերտները մօտենալով՝ վեր կացրին նրան ու ասացին. «Տէ՛ր, փրկի՛ր մեզ, որովհետեւ կորչում ենք»: 26Նրանց ասաց. «Ինչո՞ւ էք վախկոտ, թերահաւատնե՛ր»: Այն ժամանակ, վեր կենալով, սաստեց հողմերին եւ ծովին, ու մեծ խաղաղութիւն եղաւ: 27Եւ մարդիկ զարմացան ու ասում էին. «Ինչպիսի՜ մէկն է սա, որ հողմերն ու ծովը հնազանդւում են սրան»: 28Եւ երբ այն կողմ, գերգեսացիների երկիրն անցաւ, նրան պատահեցին գերեզմաններից ելած երկու դիւահար, այնքան սաստիկ կատաղած, որ այդ ճանապարհով որեւէ մէկը չէր կարող անցնել: 29Եւ ահա նրանք աղաղակեցին ու ասացին. «Ի՞նչ կայ մեր եւ քո միջեւ, Յիսո՛ւս, Որդի՛ Աստծու, մեզ տարաժամ տանջելո՞ւ եկար»: 30Եւ նրանցից քիչ հեռու արօտական խոզերի մի երամակ կար: 31Եւ դեւերը աղչում էին նրան ու ասում. «Թէ մեզ այստեղից հանես, մեզ թո՛յլ տուր գնալ խոզերի երամակը»: 32Եւ նա նրանց ասաց՝ գնացէ՛ք: Դեւերը դուրս ելնելով՝ գնացին խոզերի երամակ: Եւ ամբողջ երամակը դարաւանդից դիմեց դէպի ծով, ու ջրերի մէջ սատկեցին: 33Իսկ խոզարածները փախան եւ քաղաք գնալով՝ պատմեցին ամէն ինչ, նաեւ՝ դիւահարների դէպքը: 34Եւ ահա ամբողջ քաղաքը Յիսուսին ընդառաջ ելաւ. երբ նրան տեսան, աղաչեցին, որ իրենց սահմաններից հեռու գնայ: