1Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ բարձրացաւ լերան վրայ: Եւ երբ այնտեղ նստեց, նրա մօտ եկան իր աշակերտները. 2եւ նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել. 3- Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը: 4- Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարուեն: 5- Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն: 6- Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան: 7- Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն: 8- Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն: 9- Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն: 10- Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը: 11- Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն: 12Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել: 13«Դո՛ւք էք երկրի աղը. սակայն եթէ աղը անհամանայ, ինչո՞վ այն կ՚աղուի. այնուհետեւ ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կը թափուի եւ մարդկանց ոտքի կոխան կը լինի: 14Դո՛ւք էք աշխարհի լոյսը. մի քաղաք, որ լերան վրայ է կանգնած, չի կարող թաքնուել: 15Եւ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրայ, եւ նա լոյս է տալիս բոլոր նրանց, որ տան մէջ են: 16Թող այդպէս փայլի ձեր լոյսը մարդկանց առաջ, որպէսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր Հօրը, որ երկնքում է»: 17«Մի՛ կարծէք, թէ Օրէնքը կամ մարգարէներին ջնջելու եկայ. չեկայ ջնջելու, այլ՝ լրացնելու: 18Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչեւ որ երկինք ու երկիր անցնեն, մի յովտ իսկ, - որ մի նշանախեց է, - Օրէնքից եւ մարգարէներից չի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի: 19Ով որ այս պատուիրաններից, փոքրերի՛ց անգամ մի բան կը ջնջի եւ մարդկանց այդպէ՛ս կ՚ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կը կատարի եւ կ՚ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի: 20Բայց ասում եմ ձեզ, որ, եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայութիւնը չէք մտնի: 21Լսել էք, թէ ինչ ասուեց նախնիներին. «Մի՛ սպանիր», որովհետեւ, ով որ սպանի, ենթակայ կը լինի դատաստանի: 22Իսկ ես ձեզ ասում եմ, թէ՝ ամէն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբօր վրայ, ենթակայ կը լինի դատաստանի, եւ ով որ իր եղբօրն ասի՝ յիմար, ենթակայ կը լինի ատեանի, եւ ով որ իր եղբօրն ասի՝ ապուշ, ենթակայ կը լինի գեհենի կրակին: 23Եթէ սեղանի վրայ քո ընծան մատուցելու լինես եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քո դէմ մի ոխ ունի, 24քո ընծան թո՛ղ սեղանի առաջ եւ գնա՛ նախ հաշտուի՛ր քո եղբօր հետ եւ ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր: 25Եթէ մէկը քեզ հետ խնդիր ունի եւ քեզ դատի է կանչում, մինչ նրա հետ դեռ ճանապարհին ես, եղի՛ր իրաւախոհ կանխաւ. գուցէ նա քեզ դատաւորին յանձնի, եւ դատաւորը՝ դահճին, ու դու բանտ նետուես: 26Ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գայ, մինչեւ չվճարես վերջին դահեկանը: 27Լսել էք, թէ ինչ ասուեց. «Մի՛ շնանար». 28իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում: 29Եթէ քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. որովհետեւ քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն: 30Եւ եթէ քո աջ ձեռքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. որովհետեւ քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն: 31Արդարեւ ասուել է. «Ով որ արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթը տայ»: 32Իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ իր կնոջն արձակում է առանց պոռնկութեան պատճառի, նա՛ է, որ նրան շնութեան է մղում. եւ ով որ արձակուածին է առնում, շնանում է: 33Լսել էք դարձեալ, թէ ինչ ասուեց նախնիներին. «Երդմնազանց մի՛ լինիր, այլ արա՛ Տիրոջն այն, ինչ երդուել ես»: 34Իսկ ես ձեզ ասում եմ՝ ամենեւի՛ն չերդուել. ո՛չ երկնքի վրայ, որովհետեւ Աստծու աթոռն է, 35ո՛չ երկրի վրայ, որովհետեւ նրա ոտքերին պատուանդան է, եւ ո՛չ Երուսաղէմի վրայ, որովհետեւ մեծ Արքայի քաղաքն է: 36Եւ քո գլխով էլ չերդուես, որովհետեւ չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սեւ դարձնել: 37Այլ ձեր խօսքը լինի՝ այոն՝ այո, եւ ոչը՝ ոչ. որովհետեւ դրանից աւելին չարից է: 38Լսել էք՝ ինչ ասուեց. «Աչքի փոխարէն՝ աչք եւ ատամի փոխարէն՝ ատամ»: 39Իսկ ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ. այլ եթէ մէկը քո աջ ծնօտին ապտակ տայ, նրան մի՛ւսն էլ դարձրու: 40Եւ եթէ մէկը կամենայ քեզ բռնադատել եւ քո շապիկն առնել, նրան քո բաճկո՛նն էլ թող: 41Եւ եթէ մէկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւ էլ գնա: 42Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է. եւ ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից: 43Լսել էք արդարեւ, թէ ինչ ասուեց. «Պիտի սիրես ընկերոջդ եւ պիտի ատես քո թշնամուն»: 44Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին եւ աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում, 45որպէսզի որդիները լինէք ձեր Հօր, որ երկնքում է. քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրայ եւ անձրեւ է թափում արդարների եւ մեղաւորների վրայ: 46Եթէ սիրէք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում: 47Եւ եթէ միայն ձեր բարեկամներին ողջոյն տաք, ի՞նչ աւելի բան էք անում. չէ՞ որ մաքսաւորներն ու մեղաւորները նոյնն են անում: 48Արդ, կատարեա՛լ եղէք դուք, ինչպէս որ ձեր երկնաւոր Հայրն է կատարեալ»: