1Այն օրերին Յովհաննէս Մկրտիչը գալիս է քարոզելու Հրէաստանի անապատում եւ ասում. 2«Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»: 3Սա՛ է այն մարդը, որի մասին Եսայի մարգարէի բերանով ասուեց. «Անապատում կանչողի ձայնն է, պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները»: 4Եւ ինքը՝ Յովհաննէսը, ուղտի մազից զգեստ ունէր եւ կաշուէ գօտի՝ իր մէջքին, իսկ նրա կերակուրն էր մորեխ ու վայրի մեղր: 5Այն ժամանակ նրա մօտ էին գնում բոլոր երուսաղէմացիները, ամբողջ Հրէաստանն ու Յորդանանի շրջակայքի ժողովուրդը, 6մկրտւում էին նրանից Յորդանան գետում եւ խոստովանում էին իրենց մեղքերը: 7Եւ նա տեսնելով սադուկեցիներից եւ փարիսեցիներից շատերին, որոնք եկել էին իր մկրտութեանը, ասաց նրանց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել վերահաս բարկութիւնից: 8Այսուհետեւ ապաշխարութեան արժանի գործեր կատարեցէ՛ք. 9եւ մի՛ յաւակնէք ասել դուք ձեզ, թէ՝ Աբրահամը մեր հայրն է. ասում եմ ձեզ, որ Աստուած կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել. 10որովհետեւ կացինն ահա ծառերի արմատին է դրուած: Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տայ, կտրւում եւ կրակն է գցւում: 11Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարութեան համար, բայց ով գալիս է ինձնից յետոյ, ինձնից աւելի հզօր է, եւ ես արժանի չեմ հանելու նրա կօշիկները. նա կը մկրտի ձեզ Սուրբ Հոգով եւ հրով. նա, 12որի քամհարը իր ձեռքում է, եւ կը մաքրի իր կալը, ցորենը կը հաւաքի իր շտեմարանում եւ յարդը կ՚այրի անշէջ կրակով»: 13Այն ժամանակ Յիսուս Գալիլիայից Յորդանան եկաւ, Յովհաննէսի մօտ՝ նրանից մկրտուելու: 14Իսկ Յովհաննէսն ընդդիմացաւ նրան ու ասաց. «Ի՛նձ պէտք է, որ քեզնից մկրտուեմ, եւ դու ի՞նձ մօտ ես գալիս»: 15Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Թո՛յլ տուր հիմա, որովհետեւ այսպէս վայել է, որ մենք կատարենք Աստծու ամէն արդարութիւն»: Եւ ապա նրան թոյլ տուեց: 16Եւ երբ Յիսուս մկրտուեց, իսկոյն ջրից դուրս ելաւ. եւ ահա երկինքը բացուեց նրան, եւ նա տեսաւ Աստծու Հոգին, որն իջնում էր ինչպէս աղաւնի եւ գալիս էր իր վրայ: 17Եւ ահա՝ մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճութիւնը»: