1Յիսուս դարձեալ պատասխանեց եւ առակներով ասաց նրանց. 2«Երկընքի արքայութիւնը նմանուեց մի թագաւորի, որ իր որդու համար հարսանիք արեց: 3Եւ ուղարկեց իր ծառաներին՝ հրաւիրուածներին հարսանիքի կանչելու. ու նրանք չուզեցին գալ: 4Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ ասելով. «Հրաւիրուածներին ասացէ՛ք՝ ահա իմ ճաշկերոյթը պատրաստեցի. իմ զուարակները եւ իմ պարարտ անասունները մորթուած են, ու ամէն ինչ պատրաստ է, եկէ՛ք հարսանիքի»: 5Սակայն նրանք, բանի տեղ չդնելով, գնացին՝ մէկն իր ագարակը, մէկն իր առեւտրին. 6ուրիշներ էլ բռնեցին նրա ծառաներին, անպատուեցին ու սպանեցին: 7Իսկ թագաւորը երբ լսեց, բարկացաւ եւ իր զօրքն ուղարկեց ու բնաջնջեց սպանողներին եւ այրեց նրանց քաղաքը: 8Ապա իր ծառաներին ասաց. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրաւիրուածները արժանի չէին: 9Արդ, գնացէ՛ք հրապարակները եւ ում որ գտնէք, կանչեցէ՛ք հարսանիքի»: 10Եւ ծառաները ճանապարհների վրայ ելնելով՝ հաւաքեցին բոլոր նրանց, ում գտան՝ ե՛ւ չարերին, ե՛ւ բարիներին. եւ հարսանիքը լցուեց հրաւիրուածներով: 11Եւ երբ թագաւորը ներս մտաւ հրաւիրուածներին նայելու, այնտեղ տեսաւ մի մարդու, որ հարսանիքի զգեստ չէր հագել, ու նրան ասաց. 12«Ընկե՛ր, որ հարսանիքի զգեստ չունէիր, ինչպէ՞ս այստեղ մտար»: Եւ նա պապանձուեց: 13Այն ժամանակ թագաւորը ծառաներին ասաց. «Կապեցէ՛ք դրա ոտքերն ու ձեռքերը եւ դո՛ւրս հանեցէք դրան, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում. 14որովհետեւ կանչուածները բազում են, իսկ ընտրեալները՝ սակաւ»: 15Այն ժամանակ փարիսեցիները գնացին խորհուրդ արեցին նրա մասին, թէ ինչպէս խօսքերով նրան որոգայթ լարեն: 16Եւ նրա մօտ ուղարկեցին իրենց աշակերտներից ոմանց՝ հերովդէսականների հետ միասին եւ ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճշմարտախօս ես եւ Աստծու ճանապարհը ճշմարտութեամբ ես ուսուցանում. եւ ոչ մէկից չես քաշւում ու ոչ մի մարդու աչառութիւն չ»ս անում: 17Արդ, ասա՛ մեզ, ինչպէ՞ս է քեզ թւում. պէ՞տք է հարկ տալ կայսրին, թէ՞՝ ոչ»: 18Յիսուս հասկացաւ նրանց խորամանկութիւնն ու ասաց. «Ինչո՞ւ էք ինձ փորձում, կեղծաւորնե՛ր, 19ինձ հարկի դահեկա՛ն ցոյց տուէք»: Եւ նրանք մի դահեկան բերեցին: 20Եւ նա ասաց նրանց. «Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է»: 21Նրանք ասացին՝ կայսրինը: Այն ժամանակ նրանց ասաց. «Գնացէ՛ք, տուէ՛ք կայսրինը՝ կայսեր եւ Աստծունը՝ Աստծուն»: 22Երբ այս լսեցին, զարմացան եւ թողեցին նրան ու գնացին: 23Նոյն օրը նրան մօտեցան սադուկեցիները, որոնք ասում էին, թէ յարութիւն չկայ. հարց տուեցին նրան ու ասացին. 24«Վարդապե՛տ, Մովսէսն ասաց, որ՝ եթէ մէկն անժառանգ մեռնի, նրա եղբայրը նրա կնոջը պիտի առնի եւ իր եղբօրը զաւակ հասցնի: 25Մեզ մօտ եօթը եղբայրներ կային. առաջինը կին առաւ ու ապա մեռաւ. եւ որովհետեւ զաւակ չունէր, կնոջն իր եղբօրը թողեց: 26Նոյնպէս եւ երկրորդը եւ երրորդը, մինչեւ եօթներորդը: 27Բոլորից յետոյ կինն էլ մեռաւ: 28Արդ, յարութեան ժամանակ եօթից ո՞ւմ կին կը լինի նա, քանի որ բոլորն էլ նրան իբրեւ կին ունեցան»: 29Յիսուս պատասխանեց նրանց ու ասաց. «Մոլորուածնե՛ր, ո՛չ Գրքերն էք հասկանում եւ ո՛չ էլ Աստծու զօրութիւնը. 30որովհետեւ յարութեան ժամանակ ո՛չ կին են առնում եւ ո՛չ էլ մարդու գնում, այլ կը լինեն՝ ինչպէս հրեշտակները երկնքում: 31Բայց մեռելների յարութեան մասին չէ՞ք կարդացել Աստծուց ձեզ ասուածը. 32ե՛ս եմ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը. եւ Աստուած՝ մեռելների Աստուածը չէ, այլ՝ կենդանիների»: 33Երբ ժողովուրդը այս լսեց, զարմացաւ նրա ուսուցման վրայ: 34Իսկ փարիսեցիները երբ լսեցին, թէ նա պապանձեցրեց սադուկեցիներին, ի մի հաւաքուեցին. 35եւ նրանցից մէկը նրան փորձելով՝ հարցրեց ու ասաց. 36«Վարդապե՛տ, Օրէնքի մէջ ո՞ր պատուիրանն է մեծ»: 37Եւ Յիսուս նրան ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: 38Այս է մեծը եւ առաջին պատուիրանը. 39եւ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը: 40Այս երկու պատուիրաններից են կախուած ամբողջ Օրէնքը եւ մարգարէները»: 41Եւ երբ փարիսեցիները հաւաքուեցին, Յիսուս նրանց հարցրեց ու ասաց. 42«Ի՞նչ կարծիք ունէք Քրիստոսի մասին, ո՞ւմ որդին է»: Նրան ասացին՝ Դաւթի: 43Յիսուս նրանց ասաց. «Իսկ Դաւիթն ինչպէ՞ս նրան Սուրբ Հոգով կոչում է Տէր եւ ասում է. 44«Տէրն իմ տիրոջն ասաց՝ նստի՛ր իմ աջ կողմում, մինչեւ որ քո թշնամիներին դնեմ քո ոտքերի տակ իբրեւ պատուանդան»: 45Իսկ եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա որդին կը լինի»: 46Եւ ոչ ոք նրան մի բառ պատասխան չկարողացաւ տալ: Եւ այդ օրուանից ոչ ոք չէր համարձակւում նրան մի որեւէ բան հարցնել: