1Այդ օրը Յիսուս տնից դուրս գալով՝ նստեց ծովեզերքին: 2Եւ նրա մօտ շատ ժողովուրդ հաւաքուեց, այնպէս որ նա նաւակ մտաւ ու նստեց. իսկ ամբողջ ժողովուրդը կանգնած էր ծովեզերքին: 3Եւ նրանց հետ առակներով շատ բաներ էր խօսում եւ ասում. 4«Ահա մի սերմնացան ելաւ սերմանելու. եւ երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկաւ ճանապարհի եզերքին, եւ երկնքի թռչունը եկաւ եւ այն կերաւ: 5Եւ ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ, ուր շատ հող չկար. եւ իսկոյն բուսաւ, քանի որ հողը խորութիւն չունէր. 6երբ արեւը ծագեց, խանձուեց. եւ քանի որ արմատներ չկային, չորացաւ: 7Եւ ուրիշ մի մաս ընկաւ փշերի մէջ, ու փշերը բարձրացան եւ այն խեղդեցին: 8Եւ մէկ ուրիշ մաս ընկաւ պարարտ հողի վրայ եւ պտուղ տուեց. կար որ մէկին՝ հարիւր. եւ կար որ մէկին՝ վաթսուն. եւ կար որ մէկին՝ երեսուն: 9Ով լսելու ականջ ունի, թող լսի»: 10Եւ աշակերտները մօտենալով՝ նրան ասացին. «Ինչո՞ւ ես առակներով խօսում նրանց հետ»: 11Նա պատասխանեց եւ ասաց նրանց. «Քանի որ ձե՛զ է տրուած իմանալ երկնքի արքայութեան խորհուրդները, իսկ նրանց տրուած չէ. 12որովհետեւ՝ ով ունի, նրան պիտի տրուի եւ պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից պիտի վերցուի ունեցածն էլ: 13Նրանց հետ առակներով եմ խօսում նրա համար, որ նայում են եւ չեն տեսնում, լսում են եւ չեն իմանում ու չեն հասկանում: 14Եւ նրանց վրայ կատարւում է Եսայու մարգարէութիւնը, որ ասում է՝ պիտի լսէք, պիտի լսէք ու պիտի չիմանաք, պիտի նայէք, պիտի նայէք ու պիտի չտեսնէք. 15որովհետեւ այս ժողովրդի սիրտը կարծրացաւ, եւ իրենց ականջներով ծանր են լսում. եւ փակեցին իրենց աչքերը, որպէսզի երբեք աչքերով չտեսնեն ու ականջներով չլսեն եւ սրտով չիմանան եւ դարձի չգան, ու ես նրանց չբժշկեմ: 16Բայց երանի՜ է ձեր աչքերին, որ տեսնում են, ու ձեր ականջներին, որ լսում են: 17Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ շատ մարգարէներ ու արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ դուք տեսնում էք, բայց չտեսան, եւ լսել՝ ինչ որ դուք լսում էք, բայց չլսեցին»: 18«Եւ արդ, լսեցէ՛ք դուք սերմնացանի առակը. 19ամէն մէկից, ով լսում է արքայութեան խօսքը եւ չի հասկանում, չարը գալիս է եւ յափշտակում նրա սրտում սերմանուածը. դա այն է, որ ճանապարհի եզերքին սերմանուեց: 20Եւ որ ապառաժի վրայ սերմանուեց, այն է, որ երբ լսում է խօսքը, իսկոյն ուրախութեամբ էլ ընդունում է այն: 21Բայց քանի որ ինքն իր մէջ արմատներ չունի, այլ մի որոշ ժամանակի համար է հաւատում, երբ խօսքի համար նեղութիւն եւ հալածանքներ լինեն, իսկոյն սայթաքում ընկնում է: 22Իսկ որ փշերի մէջ սերմանուեց, այն է, որ լսում է խօսքը, բայց աշխարհիս հոգսերը եւ հարստութեան պատրանքները խեղդում են խօսքը, եւ սա լինում է անպտուղ: 23Իսկ որ լաւ հողի մէջ սերմանուեց, այն է, որ երբ լսում է խօսքը եւ հասկանում, պտուղ է տալիս. կայ որ մէկի դիմաց՝ հարիւր, կայ որ մէկի դիմաց՝ վաթսուն եւ կայ որ մէկի դիմաց՝ երեսուն»: 24Նա մէկ ուրիշ առակ էլ նրանց առաջ դրեց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նմանուեց մի մարդու, որ իր արտի մէջ բարի սերմ սերմանեց: 25Եւ երբ մարդիկ քնի մէջ էին, նրա թշնամին եկաւ եւ ցանած ցորենի վրայ որոմ ցանեց ու գնաց: 26Եւ երբ ցորենը բուսաւ ու պտուղ տուեց, ապա երեւաց եւ այն որոմը: 27Տանտիրոջ ծառաները մօտեցան ու ասացին նրան. «Տէ՛ր, չէ՞ որ քո արտի մէջ դու բարի սերմ սերմանեցիր, ուրեմն որտեղի՞ց է այդ որոմը»: 28Եւ տէրն ասաց նրանց. «Թշնամի մարդ է արել այդ»: Ծառաները նրան ասացին. «Կամենո՞ւմ ես, որ գնանք ու քաղենք հանենք այն»: 29Եւ տէրը նրանց ասաց. «Ո՛չ, մի գուցէ որոմը քաղելիս, ցորենն էլ նրա հետ արմատախիլ անէք: 30Թողէ՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչեւ հունձը, եւ հնձի ժամանակ ես հնձողներին կ՚ասեմ՝ նախ այդ որոմը քաղեցէ՛ք եւ դրանից խուրձեր կապեցէ՛ք այրելու համար, իսկ ցորենը հաւաքեցէ՛ք իմ շտեմարանների մէջ»: 31Նրանց առաջ նա մէկ ուրիշ առակ էլ դրեց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ, առնելով, սերմանեց իր արտի մէջ: 32Այն փոքր է, քան բոլոր սերմերը. սակայն երբ աճում է, բոլոր բանջարներից աւելի է մեծանում ու ծառ է լինում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճիւղերի վրայ հանգստանում»: 33Նա մէկ ուրիշ առակ էլ պատմեց նրանց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նման է թթխմորի, որ մի կին, առնելով, դրեց երեք չափ ալիւրի մէջ, մինչեւ որ ամբողջը խմորուեց»: 34Այս բոլորը Յիսուս առակներով պատմեց բազմութեանը եւ առանց առակի ոչինչ չէր ասում նրանց, 35որպէսզի կատարուի մարգարէի կողմից ասուածը. «Իմ բերանը առակներով պիտի բանամ եւ աշխարհի սկզբից ի վեր ծածկուած բաները պիտի յայտնեմ»: 36Այն ժամանակ Յիսուս արձակելով ժողովրդին՝ տուն եկաւ. աշակերտները մօտեցան նրան ու ասացին. «Մեկնի՛ր մեզ համար արտի որոմների առակը»: 37Նա պատասխանեց եւ ասաց. «Այն, որ սերմանում է բարի սերմը, մարդու Որդին է, 38իսկ արտը այս աշխարհն է. բարի սերմը նրանք են, որ արքայութեան որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են. 39եւ թշնամին, որ այն ցանեց, սատանան է. իսկ հունձը այս աշխարհի վախճանն է, եւ հնձողները հրեշտակներ են: 40Ինչպէս որոմը հաւաքւում է եւ կրակի մէջ այրւում, այնպէս կը լինի այս աշխարհի վախճանին: 41Մարդու Որդին կ՚ուղարկի իր հրեշտակներին, եւ նրանք կը հաւաքեն նրա արքայութիւնից բոլոր գայթակղութիւնները եւ նրանց, որոնք անօրինութիւն են գործում: 42Եւ կը գցեն նրանց բոցավառ հնոցի մէջ. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում: 43Այն ժամանակ արդարները երկնքի արքայութեան մէջ կը ծագեն ինչպէս արեգակը: Ով լսելու ականջ ունի, թող լսի»: 44«Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է արտի մէջ թաքցուած գանձի, որ մի մարդ, գտնելով, նորից թաքցնում է. եւ ուրախութիւնից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը եւ այդ արտը գնում է: 45Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ էր որոնում. 46եւ գտնելով մի թանկարժէք մարգարիտ՝ գնաց վաճառեց իր ամբողջ ունեցածը եւ այդ մարգարիտը գնեց: 47Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է ծով նետուած ուռկանի, որ ամէն տեսակ բան է հաւաքել. 48երբ լցուել էր, այն ցամաք հանելով եւ նստելով՝ լաւերը մի առ մի հաւաքեցին ամանների մէջ, իսկ անպէտքը դուրս գցեցին: 49Այնպէս էլ կը լինի այս աշխարհի վախճանին: Հրեշտակները կ՚ելնեն եւ չարերին արդարների միջից կը բաժանեն 50ու կը գցեն նրանց բոցավառ հնոցի մէջ. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում»: 51Յիսուս իր աշակերտներին ասաց. «Այս բոլորը իմացա՞ք»: Նրան ասացին՝ այո՛, Տէ՛ր: 52Եւ Յիսուս նրանց ասաց. «Դրա համար երկնքի արքայութեանն աշակերտած ամէն օրէնսգէտ նման է տանուտէր մարդու, որ իր գանձից հանում է նորը եւ հինը»: 53Երբ Յիսուս այս առակները վերջացրեց, այնտեղից մեկնեց: 54Եւ գալով իր գաւառը՝ նրանց ուսուցանում էր իրենց ժողովարանում, այնպէս որ նրանք զարմանում ու ասում էին. «Սրան որտեղի՞ց են այս իմաստութիւնը եւ զօրութեան գործերը: 55Սա հիւսնի որդին չէ՞. սրա մայրը չէ՞, որ Մարիամ է կոչւում. եւ սրա եղբայրները՝ Յակոբոս, Յովսէս, Սիմոն եւ Յուդա: 56Եւ սրա քոյրերը բոլորը մեզ մօտ չե՞ն. եւ արդ, որտեղի՞ց է սրան այս բոլորը»: 57Եւ նրանով գայթակղւում էին: Իսկ Յիսուս նրանց ասաց. «Չկայ անարգուած մարգարէ, բայց միայն՝ իր գաւառում եւ իր տանը»: 58Եւ նրանց անհաւատութեան պատճառով այնտեղ զօրաւոր շատ գործեր չարեց: