1Վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին ու առանձին նրանց հանեց մի բարձր լերան վրայ եւ նրանց առաջ պայծառակերպուեց: 2Եւ նրա զգեստները փայլուն, խիստ սպիտակ դարձան, այնպէս որ երկրի վրայ ոչ մի լուացք անող չի կարող այդքան սպիտակեցնել: 3Եւ նրանց երեւաց Եղիան՝ Մովսէսի հետ մէկտեղ, ու նրանք խօսում էին Յիսուսի հետ: 4Պետրոսը Յիսուսին ասաց. «Ռաբբի՛, լաւ է, որ մենք այստեղ լինենք եւ երեք տաղաւարներ շինենք, մէկը՝ քեզ, մէկը՝ Մովսէսի եւ մէկն էլ՝ Եղիայի համար»: 5Սակայն չգիտէր, թէ ինչ էր խօսում, որովհետեւ զարհուրած էին: 6Եւ մի ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, դրա՛ն լսեցէք»: 7Եւ յանկարծակի այս ու այն կողմ նայելով՝ այլեւս ոչ մի տեղ ոչ ոքի չտեսան, այլ միայն Յիսուսին՝ իրենց հետ: 8Եւ մինչ լեռնից իջնում էին, նա պատուիրեց նրանց, որ իրենց տեսածը մարդու չպատմեն, մինչեւ որ մարդու Որդին մեռելներից յարութիւն առնի: 9Նրանք այս խօսքը իրենց մտքում պահում էին եւ միմեանց հարցնում էին, թէ ի՛նչ է մեռելներից յարութիւն առնելը: 10Ապա հարցրին նրան ու ասացին. «Այն ի՞նչ է, որ օրէնսգէտներն ասում են, թէ նախ Եղիան պէտք է գայ»: 11Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Եղիան նախ պիտի գայ եւ ամէն բան կարգի պիտի դնի. իսկ ինչո՞ւ մարդու Որդու մասին գրուած է, որ շատ չարչարանքներ պիտի կրի ու անարգուի: 12Բայց ես ասում եմ ձեզ, որ Եղիան եկաւ, եւ նրան արեցին, ինչ որ կամեցան, ինչպէս որ գրուած է նրա մասին»: 13Եւ աշակերտների մօտ գալով՝ նրանց շուրջը տեսաւ մեծ բազմութիւն եւ օրէնսգէտներ, որոնք վիճում էին նրանց հետ: 14Եւ իսկոյն ամբողջ ժողովուրդը, երբ տեսաւ նրան, զարմացաւ եւ, ընդառաջ վազելով, ողջոյն էր տալիս նրան: 15Յիսուս աշակերտներին հարցրեց. «Ինչի՞ մասին էիք վիճում նրանց հետ»: 16Ժողովրդի միջից մէկը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, քեզ մօտ բերեցի որդուս, որին մի համր չար ոգի բռնել է. 17եւ ուր պատահում է, նրան գետին է զարկում. փրփրում է, ատամներն է կրճտացնում եւ ապա չորանում մնում է: Քո աշակերտներին ասացի, որ հանեն, բայց չկարողացան հանել այն»: 18Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ո՛վ անհաւատ սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչեւ ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ. բերէ՛ք նրան ինձ մօտ»: 19Եւ նրան բերեցին իր մօտ: Երբ չար ոգին նրան տեսաւ, իսկոյն ուժգին ցնցեց տղային, որը, գետին ընկնելով, թաւալւում էր ու փրփրում: 20Յիսուս հարցրեց նրա հօրը եւ ասաց. «Ինչքա՞ն ժամանակ է անցել այն օրուանից, ինչ այդ նրան պատահել է»: Եւ նա ասաց. «Մանկութիւնից: 21Շատ անգամ չար ոգին կրակի եւ ջրի մէջ է նետում նրան, որ կործանի. արդ, եթէ մի կերպ կարող ես, օգնի՛ր մեզ, Տէ՛ր, գթալով մեզ»: 22Եւ Յիսուս նրան ասաց. «Ասացիր՝ եթէ կարող ես. ամէն ինչ հնարաւոր է նրա համար, ով հաւատում է»: 23Երեխայի հայրը իսկոյն աղաղակեց եւ ասաց. «Հաւատում եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը»: 24Երբ Յիսուս տեսաւ, որ ժողովուրդը իրար վրայ է հաւաքւում, սաստեց պիղծ ոգուն եւ ասաց. «Դո՛ւ, հա՛մր եւ խո՛ւլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դո՛ւրս ելիր նրանից եւ այլեւս չմտնես դրա մէջ»: 25Եւ չար ոգին ճչաց, ուժգին ցնցեց նրան ու դուրս ելաւ. եւ պատանին մեռելի պէս եղաւ, այն աստիճան, որ շատերը ասացին, թէ մեռաւ: 26Յիսուս բռնեց նրա ձեռքից, բարձրացրեց նրան, եւ նա ոտքի կանգնեց: 27Եւ երբ Յիսուս տուն մտաւ, աշակերտները, առանձին, հարցրին նրան. «Ինչո՞ւ մենք չկարողացանք հանել դրան»: 28Եւ նա նրանց ասաց. «Այդ տեսակը ուրիշ բանով չի ելնի, եթէ ոչ ծոմապահութեամբ ու աղօթքով»: 29Այնտեղից ելնելով՝ նրանք անցնում էին Գալիլիայի միջով, եւ Յիսուս չէր կամենում, որ որեւէ մէկն իմանայ, 30քանի որ իր աշակերտներին ուսուցանում էր եւ նրանց ասում. «Մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը, նրանք պիտի սպանեն նրան. եւ երբ նա սպանուի, երրորդ օրը յարութիւն պիտի առնի»: 31Բայց նրանք չէին հասկանում այդ խօսքը եւ վախենում էին նրան հարցնել: 32Եկաւ Կափառնայում եւ, երբ տուն մտաւ, աշակերտներին հարցրեց. «Ճանապարհին իրար հետ ինչի՞ մասին էիք վիճում»: 33Եւ նրանք լուռ էին մնում, որովհետեւ ճանապարհին իրար հետ վիճում էին, թէ ո՛վ է մեծը: 34Եւ երբ նստեց, կանչեց Տասներկուսին ու նրանց ասաց. «Եթէ մէկն ուզում է առաջին լինել, բոլորից վերջինը եւ բոլորի սպասաւորը պիտի լինի»: 35Եւ մի մանուկ վերցնելով՝ կանգնեցրեց նրանց մէջ եւ նրան իր գիրկն առնելով՝ նրանց ասաց. 36«Ով այսպիսի մանուկներից մէկին ընդունում է իմ անունով, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ոչ թէ ինձ է ընդունում, այլ նրան, ով ինձ ուղարկեց»: 37Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որը քո անունով դեւեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, եւ արգելեցինք նրան»: 38Եւ նա ասաց. «Արգելք մի՛ եղէք նրան, որովհետեւ չկայ մէկը, որ իմ անունով զօրաւոր գործեր անի ու կարողանայ ինձ հայհոյել. 39քանզի ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է: 40Եւ ով որ ձեզ մի բաժակ ջուր խմեցնի յանուն այն բանի, որ դուք Քրիստոսինն էք, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»: 41«Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար աւելի լաւ կը լինէր, եթէ նրա պարանոցից կախուած լինէր էշի մի երկանաքար, եւ ծով գցուէր: 42Եւ եթէ քեզ գայթակղեցնում է քո ձեռքը, կտրիր դէ՛ն գցիր քեզնից, որովհետեւ քեզ համար աւելի լաւ է խեղուած մտնել յաւիտենական կեանքը, քան թէ երկու ձեռք ունենալ ու գնալ գեհեն, անշէջ կրակի մէջ: 43Եւ եթէ քո ոտքն է գայթակղեցնում քեզ, կտրի՛ր, քեզնից դէ՛ն գցիր այն. լաւ է, որ դու կաղ մտնես յաւիտենական կեանքը, քան թէ երկու ոտք ունենաս ու գեհեն ընկնես: 44Եւ եթէ քո աչքն է գայթակղեցնում քեզ, քաշիր հանի՛ր այն. լաւ է, որ դու մէկ աչքով մտնես Աստծու արքայութիւնը, քան թէ երկու աչք ունենաս ու ընկնես գեհեն, 45ուր նրանց որդը չի մեռնում, եւ կրակը չի հանգչում, 46որովհետեւ ամէն ինչ կրակով պիտի աղուի: 47Աղը լաւ բան է. բայց եթէ աղը անհամանայ, ինչո՞վ պիտի համեմուի. արդ, դուք ձեր մէ՛ջ ունեցէք աղը եւ իրար հետ խաղաղութեա՛մբ ապրեցէք»: 48 49 50