1Եւ նրա մօտ հաւաքուեցին փարիսեցիներն ու օրէնսգէտներից ոմանք, որոնք եկել էին Երուսաղէմից: 2Նրանք տեսնելով, որ նրա աշակերտներից ոմանք անմաքուր ձեռքերով, այսինքն՝ անլուայ հաց էին ուտում, բամբասեցին, 3որովհետեւ փարիսեցիները եւ բոլոր հրեաները, եթէ ձեռքները մի լաւ չլուանան, հաց չեն ուտում, քանի որ հների աւանդութիւնը պահում են: 4Նաեւ՝ շուկայից տուն մտնելով՝ եթէ նախ չլուացուեն, չեն ուտում: Եւ ուրիշ շատ բաներ էլ կան, որ աւանդաբար պահում են. ինչպէս՝ բաժակների, սափորների, պղնձէ ամանների ու մահիճների լուացումներ: 5Ահա ինչու փարիսեցիները եւ օրէնսգէտները հարց տուեցին նրան. «Ինչո՞ւ քո աշակերտները նախնիների աւանդութեան համաձայն չեն շարժւում, այլ անմաքուր ձեռքերով են հաց ուտում»: 6Նա պատասխանեց եւ ասաց նրանց. «Եսային լաւ մարգարէացաւ ձեր՝ կեղծաւորներիդ մասին՝ ասելով. «Այս ժողովուրդը ինձ շրթներո՛վ է մեծարում, բայց նրանց սրտերը ինձնից հեռու են. 7ի զուր են ինձ պաշտում. ուսուցանում են վարդապետութիւններ, որ մարդկանց պատուիրածներն են»: 8Աստծու պատուիրանը թողած՝ մարդկանց աւանդութիւնն էք պահում»: 9Ապա աւելացրեց. «Աստծու պատուիրանը լաւ էք անարգում, որպէսզի ձե՛ր աւանդութիւնը հաստատէք. 10որովհետեւ Մովսէսն ասում է. «Պատուի՛ր քո հօրն ու մօրը. եւ ով որ չարախօսի իր հօր կամ մօր մասին, մահուամբ թող պատժուի»: 11Իսկ դուք ասում էք. «Եթէ մէկը հօրը կամ մօրն ասի. ՚Ինչ ինձնից պիտի օգտուես, Կորբան է՚, (այսինքն՝ Աստծուն տալու ընծայ), 12դրանով իսկ այլեւս թոյլ չէք տալիս, որ նա իր հօր կամ մօր համար որեւէ բան անի, 13եւ այդպէս անարգում էք Աստծու խօսքը նոյն աւանդութեամբ, որ դուք փոխանցում էք միմեանց: Եւ սրա նման ուրիշ շատ բաներ էք անում»: 14Եւ նա ամբողջ ժողովրդին իր մօտ կանչելով՝ ասաց նրանց. «Ամէնքդ ինձ լսեցէ՛ք եւ իմացէ՛ք. 15չկայ որեւէ բան, որ մարդու մէջ դրսից մտնելով կարողանայ նրան պղծել. այլ այն, ինչ ելնում է նրանից, ա՛յն է, որ պղծում է մարդուն: 16Ով ականջներ ունի լսելու, թող լսի»: 17Եւ երբ ամբոխից բաժանուելով տուն մտաւ, աշակերտները այդ առակի մասին նրան հարցրին: 18Եւ նրանց ասաց. «Դո՞ւք էլ այդպէս անմիտ էք, չէ՞ք իմանում, թէ ամէն բան, որ դրսից մարդու մէջ է մտնում, չի կարող նրան պղծել, 19որովհետեւ ոչ թէ նրա սիրտն է մտնում, այլ՝ որովայնը եւ դուրս է ելնում ու մաքրում բոլոր կերածները»: 20Եւ ասում էր. «Ինչ որ մարդուց դուրս է գալիս, ա՛յն է, որ պղծում է մարդուն, 21որովհետեւ ներսից, մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները՝ շնութիւն, պոռնկութիւն, 22գողութիւն, սպանութիւն, ագահութիւն, չարութիւն, նենգութիւն, գիջութիւն, չար նախանձ, հայհոյանք, ամբարտաւանութիւն, անզգամութիւն: 23Այս բոլոր չարիքները ներսից են ելնում եւ պղծում մարդուն»: 24Եւ այնտեղից վեր կացաւ եկաւ Տիւրոսի ու Սիդոնի սահմանները. եւ մի տուն մտնելով՝ չէր ուզում, որ որեւէ մէկն իմանայ իր այնտեղ լինելը, սակայն չկարողացաւ թաքնուած մնալ: 25Նրա մասին լսեց մի կին, որի դուստրը տառապում էր պիղծ ոգուց. սա եկաւ ընկաւ նրա ոտքերը: 26Այս կինը հեթանոս էր, փիւնիկ-ասորի ազգից. աղաչում էր նրան, որ իր աղջկանից դեւը հանի: 27Եւ Յիսուս նրան ասաց. «Թո՛յլ տուր, որ նախ մանուկները կշտանան, քանի որ լաւ չէ մանուկների հացը առնել եւ շների առաջ գցել»: 28Կինը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր, շներն էլ մանուկների սեղանի փշրանքներից են կերակրւում»: 29Եւ նա ասաց նրան. «Այդ խօսքիդ համար գնա՛, դեւը քո աղջկանից դուրս ելաւ»: 30Կինը գնաց իր տունը եւ դեւին ելած գտաւ, իսկ աղջկան՝ պառկած մահճի վրայ: 31Եւ դարձեալ դուրս ելնելով Տիւրոսի եւ Սիդոնի սահմաններից, եկաւ Գալիլիայի ծովեզրը, Դեկապոլսի սահմաններից ներս: 32Նրա առաջ բերեցին մի խուլ ու համր մարդ եւ աղաչեցին, որ իր ձեռքը դնի նրա վրայ: 33Եւ Յիսուս նրան ամբոխից մի կողմ տանելով՝ իր մատները դրեց նրա ականջների մէջ եւ այնտեղ թքեց. ապա բռնեց նրա լեզուից. 34դէպի երկինք նայեց, հոգոց հանեց եւ ասաց՝ Եփփաթա, որ նշանակում է՝ բացուի՛ր: 35Եւ իսկոյն նրա լսողութիւնը բացուեց, եւ լեզուի կապանքներն ընկան, եւ խօսում էր ուղիղ: 36Եւ նա նրանց պատուիրեց, որ ոչ ոքի չասեն. բայց ինչքան էլ նա պատուիրում էր նրանց, նրանք է՛լ աւելի էին տարածում: 37Եւ աւելի ու աւելի էին զարմանում եւ ասում. «Սա ամէն ինչ լաւ արեց, որովհետեւ խուլերին լսել է տալիս եւ համրերին՝ խօսել»: