1Եւ այնտեղից ելաւ եկաւ իր գաւառը. եւ իր աշակերտները գնում էին նրա յետեւից: 2Երբ շաբաթ օր եղաւ, սկսեց ժողովարանում ուսուցանել. եւ շատերը, երբ լսում էին նրան, զարմանում էին նրա վարդապետութեան վրայ եւ ասում. «Այս բաները որտեղի՞ց են սրան, կամ ի՞նչ է այս իմաստութիւնը, որ տրուած է սրան, որ սրա ձեռքով այսպիսի զօրաւոր գործեր կատարուեն: 3Սա հիւսնի տղան եւ Մարիամի որդին չէ՞ միթէ, Յակոբոսի եւ Յովսէի ու Յուդայի եւ Սիմոնի եղբայրը. եւ սրա քոյրերը այստեղ մեզ մօտ չե՞ն»: Եւ նրանով գայթակղւում էին: 4Եւ Յիսուս նրանց ասաց. «Մարգարէն յարգուած անձ է, բայց ոչ իր գաւառում, իր ազգատոհմի եւ իր տան մէջ»: 5Եւ չէր կարողանում այնտեղ որեւէ զօրաւոր գործ կատարել, այլ քիչ թուով հիւանդների վրայ ձեռք դնելով՝ նրանց բժշկում էր: 6Եւ նա զարմանում էր նրանց անհաւատութեան վրայ: 7Եւ շրջում էր շրջակայ գիւղերում եւ ուսուցանում: 8Նա իր մօտ կանչեց Տասներկուսին եւ սկսեց ուղարկել նրանց երկու-երկու ու պիղծ ոգիների վրայ նրանց իշխանութիւն տուեց: 9Նրանց պատուիրեց, որ ճանապարհի համար գաւազանից բացի այլ բան չվերցնեն. ո՛չ պարկ, ո՛չ հաց, ո՛չ դրամ գօտիների մէջ, 10այլ հագնեն հողաթափներ. եւ ասաց. «Աւելորդ պարեգօտ մի՛ վերցրէք»: 11Եւ ասում էր նրանց. «Ինչ տուն որ մտնէք, այնտեղ օթեւանեցէ՛ք, մինչեւ որ այնտեղից ելնէք: 12Եւ ուր որ ձեզ չեն ընդունի ու ձեզ չեն լսի, երբ որ այնտեղից ելնէք, ձեր ոտքերի փոշին թա՛փ տուէք՝ իբրեւ նրանց դէմ վկայութիւն»: 13Եւ նրանք ելան ու քարոզում էին, որպէսզի մարդիկ ապաշխարեն: 14Եւ բազում դեւեր էին հանում, բազում հիւանդների օծում էին իւղով ու նրանց բժշկում: 15Եւ Հերովդէս արքան լսեց այս բաները, որովհետեւ Յիսուսի անունը յայտնի էր դարձել. եւ նա ասաց. «Յովհաննէս Մկրտիչը յարութիւն է առել մեռելներից, եւ դրա համար զօրութիւններ են գործւում նրա միջոցով»: 16Ուրիշներ ասում էին, թէ՝ Եղիան է. իսկ միւսները, թէ՝ մարգարէ է կամ թէ՝ մարգարէների նման մէկը: 17Երբ Հերովդէսը այս լսեց, ասաց. «Յովհաննէսը, որի գլուխը կտրեցի ես, սա նա՛ է. մեռելներից յարութիւն է առել»: 18Արդարեւ, ինքը՝ Հերովդէսն էր մարդ ուղարկել, ձերբակալել էր Յովհաննէսին, կապել նրան ու բանտարկել՝ իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով, քանի որ Հերովդէսը նրան իրեն կին էր դարձրել, 19եւ քանի որ Յովհաննէսը Հերովդէսին ասում էր. «Քո եղբօր կնոջը քեզ կին առնելը օրինաւոր չէ»: 20Եւ Հերովդիան ոխ էր պահել նրա դէմ ու ուզում էր նրան սպանել տալ, բայց չէր կարողանում, 21որովհետեւ Հերովդէսը վախենում էր Յովհաննէսից, քանի որ նրան գիտէր որպէս արդար եւ սուրբ մարդու, եւ նրան հովանաւորում էր ու նրան անսալով՝ շատ բաներ էր անում եւ քաղցրութեամբ լսում էր նրան: 22Սակայն մի յարմար օր եկաւ, երբ Հերովդէսը իր ծննդեան տարեդարձի ընթրիքն էր տալիս իր նախարարներին, Գալիլիայի մեծամեծներին եւ հազարապետներին: 23Եւ երբ Հերովդիայի դուստրը ներս մտաւ եւ սկսեց պարել, դուր եկաւ Հերովդէսին եւ սեղանակիցներին. թագաւորը աղջկան ասաց. «Ուզի՛ր ինձնից, ինչ որ կամենում ես, եւ քեզ կը տամ»: 24Եւ երդուեց նրան շատ անգամ, թէ՝ դու ինձնից ինչ էլ որ ուզես, կը տամ քեզ, մինչեւ իսկ իմ թագաւորութեան կէսը: 25Աղջիկը դուրս գնալով իր մօրն ասաց՝ ի՞նչ ուզեմ: Եւ սա ասաց՝ Յովհաննէս Մկրտչի գլուխը: 26Եւ աղջիկը շտապով վերստին մտնելով թագաւորի մօտ՝ ասաց. «Ուզում եմ, որ հիմա ինձ տաս սկուտեղի վրայ Յովհաննէս Մկրտչի գլուխը»: 27Եւ թագաւորը սաստիկ տրտմեց, բայց իր երդումների եւ հրաւիրեալների պատճառով չուզեց նրան մերժել: 28Եւ թագաւորը իսկոյն դահիճ ուղարկեց ու հրամայեց բերել Յովհաննէսի գլուխը: Եւ սա գնաց գլխատեց նրան բանտում 29ու նրա գլուխը սկուտեղով բերեց եւ տուեց աղջկան, եւ աղջիկը տարաւ տուեց իր մօրը: 30Երբ Յովհաննէսի աշակերտները լսեցին, եկան վերցրին մարմինը եւ դրեցին գերեզմանի մէջ: 31Առաքեալները հաւաքուեցին Յիսուսի մօտ ու նրան պատմեցին այն ամէնը, ինչ որ արել էին եւ ուսուցանել: 32Եւ Յիսուս նրանց ասաց. «Եկէ՛ք դուք առանձին մի ամայի տեղ ու մի քիչ հանգստացէ՛ք». որովհետեւ եկող-գնացողները շատ էին. եւ հաց ուտելու անգամ ժամանակ չունէին: 33Եւ նաւակով գնացին մի ամայի տեղ՝ առանձին: 34Սակայն մարդիկ տեսան նրանց, որ գնում էին, եւ շատերը ճանաչեցին նրանց ու բոլոր քաղաքներից հետիոտն, խուռներամ այնտեղ վազեցին եւ մօտեցան նրանց: 35Եւ նա նաւակից դուրս ելնելով՝ մեծ ամբոխ տեսաւ ու գթաց նրանց, որովհետեւ նման էին ոչխարների, որոնք հովիւ չունեն. եւ սկսեց նրանց ուսուցանել շատ բաներ: 36Երբ շատ ժամեր անցան, աշակերտները, մօտենալով, ասացին. «Սա ամայի տեղ է, մինչ օրը դեռ չի վերջացել, 37արձակի՛ր այս ժողովրդին, որպէսզի գնան շրջակայքի ագարակներում եւ գիւղերում իրենց համար ուտելիք գնեն, որովհետեւ այստեղ ուտելու բան չունեն»: 38Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Դո՛ւք նրանց ուտելիք տուէք»: Ասացին նրան. «Գնանք գնե՞նք երկու հարիւր դահեկանի հաց եւ նրանց տանք ուտելու»: 39Ասաց նրանց. «Քանի՞ նկանակ ունէք, գնացէք տեսէ՛ք»: Երբ իմացան, նրան ասացին. «Հինգ նկանակ եւ երկու ձուկ»: 40Եւ նա հրամայեց խումբ-խումբ նստեցնել նրանց դալար խոտի վրայ: 41Եւ դաս-դաս նստեցին, տեղ-տեղ՝ հարիւր, տեղ-տեղ՝ յիսուն: 42Եւ նա վերցնելով հինգ նկանակը եւ երկու ձկները՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, մանրեց նկանակները եւ տուեց աշակերտներին, որպէսզի դնեն նրանց առաջ: Եւ երկու ձկներն էլ բաժանեց բոլորին: 43Կերան եւ յագեցան 44եւ տասներկու սակառ լիքը կտորտանքները վերցրին, ինչպէս նաեւ՝ ձկներից: 45Եւ նրանք որ կերան, մօտ հինգ հազար հոգի էին: 46Իսկոյն եւեթ Յիսուս շտապեցրեց աշակերտներին, որ նաւակ մտնեն եւ իրենից առաջ գնան հանդիպակաց կողմը՝ դէպի Բեթսայիդա, մինչեւ ինքը ժողովրդին արձակէր: 47Եւ բաժանուելով նրանցից՝ լեռ բարձրացաւ աղօթք անելու: 48Երբ երեկոյ եղաւ, նաւակը ծովի մէջտեղում էր, իսկ ինքը՝ ցամաքի վրայ: 49Եւ տեսաւ նրանց, որ հողմակոծ էին լինում թիավարելիս, որովհետեւ քամին նրանց հակառակ կողմից էր. գիշերուայ ուշ ժամին նա գալիս էր նրանց մօտ՝ ծովի վրայ քայլելով, եւ ուզում էր նրանցից առաջ անցնել գնալ: 50Երբ նրանք տեսան, որ քայլում է ծովի վրայ, կարծեցին, թէ մի ուրուական է, եւ աղաղակ բարձրացրին, 51որովհետեւ ամէնքը տեսան նրան եւ խռովուեցին: Եւ նա իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերուեցէ՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցէք»: 52Եւ նա նաւակ բարձրացաւ նրանց մօտ, եւ քամին դադարեց: Եւ նրանք առաւել եւս ապշել էին իրենց մտքում ու սաստիկ զարմանում էին, 53քանի որ մտքները բթացած լինելով՝ չէին հասկացել նաեւ այն, ինչ վերաբերում էր հացի բազմացմանը: 54Երբ դիմացի կողմն անցան, Գեննեսարէթի ցամաքը ելան: 55Եւ երբ նաւակից դուրս ելան, տեղի մարդիկ իսկոյն եւեթ նրան ճանաչեցին: 56Եւ ամբողջ գաւառում այս ու այն կողմ վազելով՝ սկսեցին մահիճներով հիւանդներ բերել այնտեղ, ուր լսում էին, թէ նա գտնւում է: Եւ ուր որ մտնում էր՝ գիւղեր, քաղաքներ թէ ագարակներ, հրապարակներում դնում էին ախտերով տառապողներին եւ աղաչում նրան, որ գոնէ իր զգեստի քղանցքներին դիպչեն: Եւ ովքեր մի անգամ դիպան, բժշկուեցին: