1Եւ նրանց ամբողջ բազմութիւնը, վեր կենալով, նրան տարաւ Պիղատոսի մօտ: 2Եւ սկսեցին ամբաստանել նրան եւ ասել. «Գտանք սրան, որ մոլորեցնում էր մեր ազգը, արգելում էր կայսրին հարկեր տալ եւ ինքն իր մասին ասում էր, թէ՝ Քրիստոսն է, թագաւոր»: 3Իսկ Պիղատոսը հարցրեց նրան եւ ասաց. «Հրեաների թագաւորը դո՞ւ ես»: Նա պատասխանեց նրան եւ ասաց. «Դու ասացիր»: 4Պիղատոսը քահանայապետներին եւ ժողովրդին ասաց. «Այս մարդու մէջ ես որեւէ յանցանք չեմ գտնում»: 5Իսկ նրանք պնդում էին եւ ասում, թէ ըմբոստութեան է մղում ժողովրդին, քարոզում է ամբողջ Հրէաստանում՝ Գալիլիայից սկսած մինչեւ այստեղ: 6Իսկ Պիղատոսը, երբ լսեց Գալիլիայի մասին, հարցրեց, թէ այդ մարդը գալիլիացի՞ է: 7Եւ երբ իմացաւ, թէ Հերովդէսի իշխանութիւնից է, յանձնեց, որ նրան տանեն Հերովդէսի մօտ, որովհետեւ այդ օրերին նա էլ Երուսաղէմում էր: 8Եւ երբ Հերովդէսը տեսաւ Յիսուսին, շատ ուրախացաւ, որովհետեւ երկար ժամանակից ի վեր ցանկանում էր նրան տեսնել, քանի որ յաճախ լսում էր նրա մասին եւ ակնկալութիւն ունէր նրա ձեռքով կատարուած որեւէ նշան տեսնել: 9Հերովդէսը նրան հարցաքննեց շատ խօսքերով, իսկ Յիսուս նրան ոչ մի պատասխան չտուեց: 10Քահանայապետներն ու օրէնսգէտները վեր էին կենում եւ նրան բուռն կերպով ամբաստանում: 11Հերոդէսն էլ, իր զօրականներով հանդերձ, արհամարհեց նրան եւ ծիծաղելով նրա վրայ՝ սպիտակ զգեստներ հագցնել տուեց նրան ու վերստին յանձնեց, որ տանեն նրան Պիղատոսի մօտ: 12Եւ Պիղատոսն ու Հերովդէսը այդ օրերին բարեկամներ եղան, որովհետեւ առաջ իրար թշնամիներ էին: 13Պիղատոսը կանչեց քահանայապետներին, իշխանաւորներին եւ ժողովրդին ու ասաց. 14«Այս մարդուն բերեցիք ներկայացրիք ինձ, որպէս ժողովրդին մոլորեցնողի. եւ ահաւասիկ ձեր առաջ դատաքննութիւն արեցի եւ այս մարդու մէջ չգտայ մէկն այն յանցանքներից, որոնցով դուք ամբաստանում էք նրան: 15Եւ ոչ էլ՝ Հերովդէսը, որի մօտ հրամայեցի, որ Յիսուսին տանեն: 16Արդ, նա մահուան արժանի ոչինչ չի արել, նրան գանահարել կը տամ եւ կ՚արձակեմ» 17(որովհետեւ հարկաւոր էր իւրաքանչիւր տօնի առթիւ մի բանտարկեալ արձակել նրանց համար): 18Եւ նրանք ամբողջ բազմութեամբ աղաղակում էին եւ ասում. «Նրան վերացրո՛ւ եւ արձակի՛ր մեզ համար Բարաբբային» 19(որը քաղաքում պատահած մի խռովութեան եւ սպանութեան համար բանտարկուել էր): 20Պիղատոսը նորից սկսեց խօսել, որովհետեւ կամենում էր Յիսուսին արձակել: 21Եւ նրանք կրկին աղաղակում էին ու ասում. «Խա՛չը հանիր նրան»: 22Եւ նա երրորդ անգամ ասաց նրանց. «Ի՞նչ չար բան է արել սա. նրա վրայ մահուան արժանի որեւէ յանցանք չգտայ. սրան գանահարել կը տամ եւ կ՚արձակեմ»: 23Իսկ նրանք բարձրաձայն ստիպում էին եւ ուզում, որ նրան խաչը հանի: Եւ նրանց ու քահանայապետների ձայները աւելի ուժեղանում էին: 24Եւ Պիղատոսը հաւանութիւն տուեց, որ նրանց պահանջը կատարուի: 25Նա արձակեց Բարաբբային, որը խռովութեան եւ սպանութեան համար բանտ էր նետուած, եւ որին էլ հէնց ուզում էին. իսկ Յիսուսին յանձնեց նրանց կամքին: 26Երբ նրան առան գնացին, բռնեցին Սիմոն Կիւրենացի անունով մէկին, որը հանդից էր գալիս. նրա վրայ դրեցին խաչը, որ այն բերի Յիսուսի յետեւից: 27Եւ նրա յետեւից գնում էր ժողովրդի մի մեծ բազմութիւն եւ կանայք, որոնք կոծում էին ու ողբում նրան: 28Յիսուս դարձաւ եւ ասաց նրանց. «Երուսաղէմի՛ դուստրեր, ինձ վրայ լաց մի՛ եղէք, այլ լա՛ց եղէք ձեր եւ ձեր որդիների վրայ, 29որովհետեւ օրեր պիտի գան, երբ մարդիկ պիտի ասեն՝ «Երանի՜ չբեր կանանց եւ նրանց, որոնք բնաւ չծնեցին եւ չդիեցրին»: 30Այն ժամանակ մարդիկ պիտի սկսեն ասել լեռներին, թէ՝ ընկէ՛ք մեր վրայ, եւ բլուրներին, թէ՝ ծածկեցէ՛ք մեզ, 31որովհետեւ, երբ դալա՛ր փայտին այսպէս անեն, չորի՛ն ինչ կը պատահի»: 32Ուրիշ երկու չարագործներ էլ բերեցին՝ նրա հետ սպանելու համար: 33Երբ հասան Գագաթ կոչուած տեղը, այնտեղ նրան խաչը հանեցին. եւ չարագործներին էլ՝ մէկին աջ կողմը, միւսին ձախ կողմը՝ խաչեցին: 34Եւ Յիսուս ասաց. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետեւ չգիտեն, թէ ինչ են անում»: Եւ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին: 35Իսկ ժողովուրդը դիտում էր. իշխանաւորները նրանց հետ միասին ծաղրում էին նրան եւ ասում. «Ուրիշներին ազատեց, թող ինքն իրեն էլ ազատի, եթէ դա է Քրիստոսը՝ Աստծու ընտրեալ Որդին»: 36Զինուորներն էլ ծաղրում էին նրան. առաջ էին գալիս, քացախ էին մատուցում նրան եւ ասում. 37«Եթէ դու ես հրեաների թագաւորը, փրկի՛ր ինքդ քեզ»: 38Եւ նրա խաչի վրայ մի գրութիւն կար՝ գրուած յունարէն, լատիներէն եւ եբրայերէն գրերով, թէ՝ սա՛ է հրեաների արքան: 39Իսկ կախուած չարագործներից մէկը հայհոյում էր նրան եւ ասում. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր ինքդ քեզ եւ մեզ»: 40Նրա ընկերը նրան սաստելով՝ պատասխան տուեց եւ ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նոյն պատիժն ես կրում: 41Եւ մենք իրաւացիօրէն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որեւէ վատ բան չի արել»: 42Եւ ասաց Յիսուսին. «Յիշի՛ր ինձ, Տէ՛ր, երբ գաս քո թագաւորութեամբ»: 43Եւ Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կը լինես»: 44Եւ համարեա կէսօր էր. եւ խաւար եղաւ ամբողջ երկրի վրայ մինչեւ ժամը երեքը. արեգակը խաւարեց: 45Եւ տաճարի վարագոյրը մէջտեղից պատռուեց: 46Եւ Յիսուս բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Հա՛յր, քո ձեռքն եմ աւանդում իմ հոգին»: Երբ այս ասաց, հոգին աւանդեց: 47Եւ հարիւրապետը, տեսնելով ինչ որ պատահեց, փառաւորեց Աստծուն եւ ասաց. «Իսկապէս այս մարդը արդար էր»: 48Եւ ամբողջ ժողովուրդը, որ եկել էր ու դիտում էր այս տեսարանն ու կատարուածը, ծեծում էր կուրծքը եւ վերադառնում: 49Նրա բոլոր ծանօթներն էլ կանգնել էին հեռւում. եւ կանայք, որոնք Գալիլիայից նրա յետեւից էին եկել, տեսնում էին այս բաները: 50Եւ ահա Յովսէփ անունով մի մարդ կար հրեաների Արիմաթէ քաղաքից: Նա հրեաների խորհրդի անդամ էր, բարեգործ եւ արդար մի մարդ 51(սա չէր միաբանել նրանց մտադրութիւններին ու գործերին): Եւ ինքն էլ էր սպասում Աստծու թագաւորութեանը: 52Սա Պիղատոսի մօտ գալով՝ ուզեց Յիսուսի մարմինը: 53Եւ նրան խաչից իջեցնելով՝ փաթաթեց պատանքով ու դրեց վիմափոր գերեզմանի մէջ, որտեղ բնաւ ոչ ոք չէր դրուած: 54Եւ օրը ուրբաթ էր, ու լուսանում էր շաբաթը: 55Եւ Յովսէփի յետեւից գնում էին կանայք, որոնք Գալիլիայից էին եկել Յիսուսի հետ. նրանք տեսան գերեզմանը, եւ թէ ինչպէս նրա մարմինը այնտեղ դրուեց: 56Վերադարձան, խնկեր եւ իւղեր պատրաստեցին ու շաբաթ օրը, օրէնքի համաձայն, հանգիստ արեցին: