1Եւ Յիսուս մտել էր Երիքով ու շրջում էր: 2Եւ ահա մի մարդ, Զակքէոս անունով, որ մաքսապետ էր ու մեծահարուստ, 3ուզում էր տեսնել, թէ ո՛վ է Յիսուս, բայց բազմութեան պատճառով չէր կարողանում, որովհետեւ կարճահասակ էր: 4Եւ առաջ վազելով՝ բարձրացաւ ժանտաթզենու վրայ, որպէսզի տեսնի նրան, որովհետեւ նա հէնց այդտեղով էր անցնելու: 5Երբ այդ տեղը եկաւ, Յիսուս վեր նայեց եւ ասաց. «Զակքէո՛ս, շտապիր իջի՛ր այդտեղից, որովհետեւ այսօր պէտք է, որ ես քո տանը գիշերեմ»: 6Զակքէոսը շտապեց իջաւ եւ նրան ընդունեց ուրախութեամբ: 7Երբ ամէնքը այս տեսան, տրտնջում էին եւ ասում, թէ մեղաւոր մարդու մօտ մտաւ գիշերելու: 8Իսկ Զակքէոսը եկաւ կանգնեց եւ ասաց Տիրոջը. «Տէ՛ր, ահա իմ ինչքերի կէսը կը տամ աղքատներին, եւ եթէ որեւէ մէկին զրկել եմ, քառապատիկ կը հատուցեմ»: 9Եւ Յիսուս նրան ասաց. «Այսօր այս տան համար փրկութիւն եղաւ, քանի որ սա եւս Աբրահամի որդի է, 10որովհետեւ մարդու Որդին եկաւ փնտռելու եւ փրկելու կորածին»: 11Եւ մինչ նրանք լսում էին այս, Յիսուս մի առակ էլ աւելացրեց նրա համար, որ ինքը մօտենում էր Երուսաղէմին, եւ նրանք կարծում էին, թէ Աստծու արքայութիւնը շուտով յայտնուելու է: 12Նա ասաց. «Մի ազնուական մարդ գնաց հեռու աշխարհ՝ իր թագաւորութիւնը ստանալու եւ վերադառնալու համար: 13Եւ կանչելով իր ծառաներին՝ նրանց տասը մնաս տուեց եւ ասաց. «Շահարկեցէ՛ք դրանք, մինչեւ որ գամ»: 14Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամաւորներ ուղարկեցին նրա յետեւից եւ ասացին. «Մենք չենք կամենում, որ դա մեր վրայ թագաւորի»: 15Եւ ազնուականը վերադարձաւ՝ իր թագաւորութիւնն ստացած, եւ կանչեց այն ծառաներին, որոնց տուել էր դրամը, որպէսզի իմանայ, թէ ով ինչ էր շահել: 16Եկաւ առաջինը եւ ասաց. «Տէ՛ր, քո մէկ մնասը տասը մնաս բերեց»: 17Եւ տէրը նրան ասաց. «Ազնիւ եւ բարի ծառայ, քանի որ այդ փոքր բանի մէջ հաւատարիմ եղար, իշխանութիւն ունեցիր տասը քաղաքների վրայ»: 18Եկաւ երկրորդը եւ ասաց. «Քո մէկ մնասը հինգ մնաս բերեց»: 19Տէրը նրան ասաց. «Դու էլ՝ հինգ քաղաքների վրայ»: 20Միւսն էլ եկաւ եւ ասաց. «Տէ՛ր, ահա քո մնասը, որ թաշկինակի մէջ ծրարած պահում էի. 21վախենում էի քեզնից, որովհետեւ խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ չես դրել, եւ հնձում ես, ինչ որ չես սերմանել»: 22Եւ տէրը նրան ասաց. «Հէնց քո բերանով քեզ պիտի դատեմ, անհաւատարի՛մ ծառայ. գիտէիր, որ ես մի խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել եւ հնձում եմ՝ ուր չեմ սերմանել: 23Հապա ինչո՞ւ իմ դրամը լումայափոխներին չտուիր, որպէսզի ես, գալով, տոկոսներով միասին պահանջէի այն»: 24Եւ սպասաւորներին ասաց. «Վերցրէ՛ք դրանից մէկ մնասը եւ տարէ՛ք տուէք նրան, ով տասը մնաս ունի»: 25Եւ ծառաները ասացին նրան. «Տէ՛ր, արդէն նա տասը մնաս ունի՛»: 26- Ասում եմ ձեզ, թէ՝ «Ով որ ունի, նրան պիտի տրուի, իսկ նրանից, որ չունի, պիտի վերցուի եւ այն, ինչ որ ունի: 27Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագաւորեմ իրենց վրայ, բերէ՛ք այստեղ եւ սպանեցէ՛ք իմ առաջ»: 28Եւ երբ այս ասաց, առաջ գնաց՝ Երուսաղէմ ելնելու համար: 29Եւ երբ մօտեցաւ Բեթփագէին եւ Բեթանիային, այն լերան մօտ, որ կոչւում է Ձիթենեաց, ուղարկեց իր աշակերտներից երկուսին 30եւ ասաց. «Գնացէ՛ք այն գիւղը, որ մեր դիմացն է. երբ այնտեղ մտնէք, կը գտնէք կապուած մի աւանակ, որի վրայ ոչ մի մարդ երբեք չի նստել. արձակեցէ՛ք այն եւ բերէ՛ք: 31Եւ եթէ մէկը ձեզ հարցնի, թէ ինչու էք արձակում, նրան այսպէս ասացէք. «Իր տիրոջը պէտք է»: 32Երբ գնացին նրանք, որ ուղարկուել էին, գտան այնպէս, ինչպէս ասել էր նրանց. աւանակը կար: 33Եւ մինչ աւանակն արձակում էին, նրա տէրերը ասացին նրանց. «Աւանակն ինչո՞ւ էք արձակում»: 34Եւ աշակերտները ասացին. «Իր տիրոջը պէտք է»: 35Եւ այն բերին Յիսուսի մօտ. զգեստներ գցեցին նրա վրայ եւ Յիսուսին նստեցրին: 36Եւ մինչ նա առաջանում էր, մարդիկ իրենց զգեստները փռում էին ճանապարհի վրայ: 37Եւ երբ նա մօտեցաւ Ձիթենեաց լերան զառիվայրին, աշակերտների ամբողջ բազմութիւնը ուրախութեամբ եւ բարձրաձայն սկսեց օրհնել Աստծուն՝ կատարուած բոլոր զօրութիւնների համար, որ տեսան: 38Եւ ասում էին. «Օրհնեա՜լ է այդ թագաւորը, որ գալիս է Տիրոջ անունով. խաղաղութի՜ւն երկնքում եւ փա՜ռք բարձունքներում»: 39Իսկ փարիսեցիներից ոմանք ամբոխի միջից ասացին նրան. «Վարդապե՛տ, սաստի՛ր քո աշակերտներին»: 40Նա պատասխանեց եւ ասաց. «Ասում եմ ձեզ, որ եթէ դրանք լռեն էլ, այդ քարերը կ՚աղաղակեն»: 41Եւ երբ մօտեցաւ, տեսնելով քաղաքը՝ լաց եղաւ նրա վրայ եւ ասաց. 42«Գոնէ այս օրերին գիտենայի՜ր դու քո խաղաղութիւնը. բայց այժմ ծածկուեց քո տեսողութիւնից. 43որովհետեւ օրեր պիտի գան վրադ, երբ թշնամիներդ քո շուրջը պատնէշ պիտի կանգնեն եւ պիտի պաշարեն քեզ, պիտի նեղեն քեզ բոլոր կողմերից 44ու հիմնայատակ պիտի անեն քեզ եւ սպանեն քո մէջ քո որդիներին. եւ քարը քարի վրայ բնաւ չպիտի թողնեն, քանի որ քո այցելութեան ժամանակը չճանաչեցիր»: 45Եւ տաճար մտնելով՝ սկսեց դուրս հանել աղաւնեվաճառներին ու գնողներին եւ լումայափոխների սեղանները ցրեց 46ու ասաց նրանց. «Գրուած է՝ «Իմ տունը պէտք է աղօթքի տուն լինի», իսկ դուք աւազակների որջերի էք վերածել այդ»: 47Եւ նա ամէն օր նրանց ուսուցանում էր տաճարում, իսկ քահանայապետները, օրէնսգէտները եւ ժողովրդի գլխաւորները հնար էին փնտռում նրան կորստեան մատնելու, 48բայց չէին գտնում, թէ ինչ անեն, որովհետեւ ամբողջ ժողովուրդը, նրանով տարուած, լսում էր նրան: