1Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց Յիսուսին վերցնել եւ նրան գանակոծել: 2Իսկ զինուորները փշէ պսակ շինելով՝ դրեցին նրա գլխին ու նրան ծիրանի զգեստ հագցրին: 3Եւ գալիս էին նրա մօտ ու ասում՝ ողջո՛յն, հրեաների՛ արքայ: Եւ նրան ապտակում էին: 4Պիղատոսը դարձեալ դուրս ելաւ ու ասաց նրանց. «Ահա նրան դուրս, ձեզ մօտ եմ բերում, որպէսզի իմանաք, թէ ես նրա մէջ որեւէ յանցանք չեմ գտնում»: 5Յիսուս դուրս ելաւ. եւ փշէ պսակ ունէր եւ ծիրանի զգեստ: Եւ նրանց ասաց. «Ահա ձեր մարդը՝ ձեզ»: 6Երբ քահանայապետներն ու պահակները նրան տեսան, աղաղակ բարձրացրին եւ ասացին. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր դրան»: Պիղատոսը նրանց ասաց. «Դո՛ւք առէք նրան ձեր մէջ եւ ինքնե՛րդ խաչը հանեցէք, քանի որ ես դրա մէջ որեւէ յանցանք չեմ գտնում»: 7Հրեաները նրան պատասխանեցին. «Մենք օրէնք ունենք, եւ ըստ մեր օրէնքի պէտք է նա մեռնի, որովհետեւ իրեն Աստծու Որդի դարձրեց»: 8Երբ Պիղատոսը այս խօսքերը լսեց, աւելի եւս վախեցաւ: 9Դարձեալ, մի անգամ եւս մտաւ ապարանքը եւ Յիսուսին ասաց՝ որտեղի՞ց ես դու: Եւ Յիսուս նրան պատասխան չտուեց: 10Պիղատոսը նրան ասաց. «Ինձ հետ չե՞ս խօսում, չգիտե՞ս, որ իշխանութիւն ունեմ քեզ խաչը հանելու. եւ իշխանութիւն ունեմ քեզ ազատ արձակելու»: 11Յիսուս պատասխանեց. «Դու իմ վրայ ոչ մի իշխանութիւն էլ չէիր ունենայ, եթէ քեզ ի վերուստ տրուած չլինէր. դրա համար էլ, ով ինձ քո ձեռքը մատնեց, նրա մեղքը աւելի մեծ է»: 12Սրանից յետոյ Պիղատոսը ուզում էր նրան ազատ արձակել: Իսկ հրեաները աղաղակում էին ու ասում. 13«Եթէ դրան արձակես, կայսրին բարեկամ չես: Ամենայն ոք, որ ինքն իրեն թագաւոր է կոչում, հակառակ է կայսեր»: 14Իսկ երբ Պիղատոսը այս խօսքերը լսեց, Յիսուսին դուրս բերեց, նստեց բեմի վրայ, այն տեղը, որ Քարայատակ էր կոչւում, իսկ եբրայերէն՝ Կապպաթա: 15Զատկի նախօրէն էր, եւ կէսօրուայ մօտ էր: Եւ նա հրեաներին ասաց. «Ահա ձեր թագաւորը՝ ձեզ»: 16Իսկ նրանք աղաղակում էին. «Վերացրո՛ւ մեր միջից, վերացրո՛ւ մեր միջից եւ խա՛չը հանիր նրան»: Պիղատոսը նրանց ասաց. «Ես ձեր թագաւորին խա՞չը հանեմ»: Քահանայապետները պատասխանեցին. «Չունենք մենք այլ թագաւոր, բացի կայսրից»: 17Այն ժամանակ Յիսուսին յանձնեց նրանց ձեռքը, որպէսզի խաչը հանուի: 18Եւ նրանք առան Յիսուսին եւ տարան: Եւ խաչափայտը նա ինքն էր վերցրել եւ բարձրացնում էր այն տեղը, որի անունն էր Գագաթ, իսկ եբրայերէն կոչւում էր Գողգոթա, 19որտեղ եւ խաչը հանեցին նրան ու նրա հետ երկու ուրիշների՝ այս եւ այն կողմից, իսկ մէջտեղում՝ Յիսուսին: 20Պիղատոսը մի տախտակ էլ գրեց եւ դրեց խաչի վրայ. եւ գրուած էր. «Յիսուս Նազովրեցի՝ հրեաների թագաւոր»: 21Այդ տախտակը հրեաներից շատերը կարդացին, որովհետեւ այն տեղը, ուր Յիսուս խաչուեց, քաղաքին մօտ էր (եւ գրուած էր եբրայերէն, լատիներէն եւ յունարէն): 22Հրեաների քահանայապետները Պիղատոսին ասացին. «Մի՛ գրիր՝ հրեաների թագաւոր, այլ՝ ինչ նա ասաց՝ թագաւոր եմ հրեաների»: 23Պիղատոսը պատասխանեց. «Ինչ գրեցի, գրեցի»: 24Իսկ զինուորները, երբ Յիսուսին խաչը հանեցին, վերցրին նրա զգեստները եւ չորս մաս արեցին. իւրաքանչիւր զինուորի՝ մէկ մաս: Իսկ քանի որ պատմուճանը առանց կարի էր, վերեւից ներքեւ ամբողջովին հիւսած շուրջանակի, 25ուստի միմեանց ասացին. «Այդ չպատռտենք, այլ դրա վրայ վիճակ գցենք, ում որ ելնի», որպէսզի կատարուի գրուածը, որ ասում է. «Իմ զգեստները բաժանեցին իրար մէջ եւ իմ պատմուճանի վրայ վիճակ գցեցին»: Զինուորներն այս բանն արեցին: ուստի միմեանց ասացին. «Այդ չպատռտենք, այլ դրա վրայ վիճակ գցենք, ում որ ելնի», որպէսզի կատարուի գրուածը, որ ասում է. «Իմ զգեստները բաժանեցին իրար մէջ եւ իմ պատմուճանի վրայ վիճակ գցեցին»: Զինուորներն այս բանն արեցին: 26Իսկ Յիսուսի խաչի մօտ կանգնած էին նրա մայրը եւ նրա մօրաքոյրը՝ Կղէոպասի կին Մարիամը եւ Մարիամ Մագդաղենացին: 27Երբ Յիսուս տեսաւ մօրը եւ այն աշակերտին, որ մօտ էր կանգնած, որին նա սիրում էր, մօրն ասաց. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»: 28Ապա աշակերտին ասաց. «Ահա՛ քո մայրը»: Եւ այդ պահից աշակերտը նրան իր մօտ առաւ: 29Այնուհետեւ Յիսուս, գիտենալով, թէ ահա ամէն ինչ կատարուած է, որպէսզի կատարուի գրուածը, ասաց՝ ծարաւ եմ: 30Եւ այնտեղ քացախով լի մի աման կար. զինուորները լեղախառն քացախով մի սպունգ թրջեցին եւ այն դրին եղէգի ծայրին ու մօտեցրին նրա բերանին: 31Երբ Յիսուս լեղախառն քացախը բերանն առաւ, ասաց. 32«Ամէն ինչ կատարուած է»: Եւ գլուխը կախելով՝ հոգին աւանդեց: 33Իսկ քանի որ ուրբաթ էր, որպէսզի մարմինները չմնան խաչի վրայ մինչեւ շաբաթ օրը, - որովհետեւ այն շաբաթը տօնական մեծ օր էր, - հրեայ առաջնորդները Պիղատոսին աղաչեցին, որ կոտրեն նրանց սրունքները եւ վերցնեն նրանց: 34Զինուորները եկան եւ առաջինի սրունքները կոտրեցին, նոյնպէս եւ միւսինը, որ նրա հետ խաչ էր հանուել: 35Բայց երբ եկան Յիսուսի մօտ եւ տեսան, որ նա արդէն մեռած էր, նրա սրունքները չկոտրեցին, 36այլ զինուորներից մէկը տէգով խոցեց նրա կողը, եւ իսկոյն արիւն եւ ջուր ելաւ: 37Եւ ով այս բանը տեսաւ, վկայեց. եւ նրա վկայութիւնը ճշմարիտ է, եւ նա գիտէ, որ ճշմարիտ է ասում, որպէսզի դուք էլ հաւատաք: 38Այս պատահեց, որպէսզի կատարուի գրուածը, թէ՝ նրա ոսկորը չպիտի փշրուի: 39Եւ դարձեալ միւս գրուածն ասում է. «Պիտի նայեն նրան, ում խոցեցին»: 40Այնուհետեւ Յովսէփը, որ արիմաթիացի էր եւ Յիսուսի թաքուն աշակերտն էր հրեաների վախի պատճառով, Պիղատոսին աղաչեց, որ Յիսուսի մարմինը վերցնի: Եւ Պիղատոսը հրաման տուեց. ուստի Յովսէփն ու Նիկոդեմոսը եկան եւ նրան վերցրին: 41Նիկոդեմոսը, որ առաջին անգամ գիշերով Յիսուսի մօտ էր եկել, բերեց մօտ հարիւր լիտր զմուռս՝ հալուէի հետ խառնուած: 42Վերցրին Յիսուսի մարմինը եւ պատեցին կտաւներով՝ խնկերով հանդերձ, ինչպէս որ հրեաների սովորութիւնն էր՝ պատել: Եւ այն տեղում, ուր նա խաչուեց, պարտէզ կար. եւ այդ պարտէզում՝ մի նոր գերեզման, որի մէջ երբեք որեւէ մէկը չէր դրուած: Եւ քանի որ գերեզմանը մօտ էր, հրեաների ուրբաթի պատճառով, այնտե՛ղ դրեցին Յիսուսի մարմինը: