1Աստուած օրհնելով Նոյին ու նրա որդիներին՝ ասաց նրանց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրն ու տիրեցէ՛ք դրան: 2Ձեր ահն ու երկիւղը թող լինի երկրի բոլոր գազանների, երկնքի բոլոր թռչունների, երկրի բոլոր զեռունների եւ ծովի բոլոր ձկների վրայ, որ ենթարկել եմ ձեզ: 3Ամէն մի կենդանի զեռուն թող կերակուր լինի ձեզ, ինչպէս խոտն ու բանջարն եմ տուել: 4Կենսատու արիւն պարունակող միս չուտէք, 5քանզի ես էլ ձեր կենսատու արիւնը կը պահանջեմ, բոլոր գազանների, ինչպէս նաեւ մարդու միջոցով կը պահանջեմ այն: Մարդու միջոցով պիտի պահանջեմ իր եղբօր հոգին: 6Ով թափի մարդու արիւնը, նրա արեան փոխարէն թող թափուի իր արիւնը, որովհետեւ Աստծու պատկերով եմ ստեղծել ես մարդուն: 7Իսկ դուք աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը եւ բազմացէ՛ք դրա վրայ»: 8Տէր Աստուած, դիմելով Նոյին ու նրա որդիներին, որոնք նրա հետ էին, ասաց. 9«Ահա ես ուխտ եմ դնում ձեզ հետ, ձեզնից յետոյ եկող ձեր սերունդների հետ, 10ձեզ հետ եղող բոլոր կենդանի էակների հետ՝ թռչունների, անասունների, երկրի բոլոր գազանների, այդ տապանից դուրս եկած բոլորի եւ երկրի բոլոր կենդանիների հետ: 11Ես ուխտ եմ դնում ձեզ հետ. այլեւս ոչ մի էակ չի մեռնի ջրհեղեղից, ողջ երկիրը ոչնչացնող ջրհեղեղ չի լինի այլեւս»: 12Տէր Աստուած ասաց Նոյին. «Իմ ու ձեր միջեւ, ձեզ հետ եղող ամէն կենդանի էակի միջեւ գալիք բոլոր սերունդների համար իմ հաստատած ուխտի նշանն այս է. 13իմ ծիածանը կը կապեմ ամպերի մէջ: Եւ դա թող լինի իմ ու ողջ երկրի միջեւ յաւիտենական ուխտի նշանը: 14Երբ երկրի վրայ ամպեր կուտակեմ, իմ ծիածանը թող երեւայ ամպերի մէջ: 15Այնժամ ես կը յիշեմ իմ ուխտը, որ հաստատել եմ իմ ու ձեր միջեւ եւ շնչաւոր բոլոր էակերի միջեւ: Այլեւս ջրհեղեղ չի լինի, որպէսզի բոլոր էակները չոչնչանան: 16Թող իմ ծիածանը լինի ամպերի մէջ, որպէսզի ես տեսնեմ այն եւ յիշեմ իմ ու երկրի վրայ գտնուող բոլոր շնչաւոր էակների միջեւ իմ հաստատած յաւիտենական ուխտը»: 17Տէր Աստուած ասաց Նոյին. «Այս է նշանն այն ուխտի, որ հաստատեցի իմ ու ձեր միջեւ եւ երկրի վրայ գտնուող բոլոր էակների միջեւ»: 18Նոյի՝ տապանից դուրս եկած որդիներն էին Սէմը, Քամը եւ Յաբէթը: Քամը Քանանի հայրն էր: 19Այս երեքն էին Նոյի որդիները, եւ ժողովուրդները սրանցից սերուելով տարածուեցին ողջ երկրի վրայ: 20Նոյը՝ հողագործ այդ մարդը, առաջինն էր, որ հող մշակեց եւ այգի տնկեց: 21Նա խմեց դրա գինուց, հարբեց ու մերկացաւ իր տան մէջ: 22Քամը՝ Քանանի հայրը, տեսաւ իր հօր մերկութիւնն ու դուրս գնալով՝ այդ մասին պատմեց իր երկու եղբայրներին: 23Սէմն ու Յաբէթը, երկուսն էլ, հագուստներ առան իրենց ուսերին եւ, յետ-յետ գնալով, ծածկեցին իրենց հօր մերկութիւնը: Նրանք մէջքով էին կանգնած, այնպէս որ իրենց հօր մերկութիւնը չտեսան: 24Նոյը սթափուելով գինովութիւնից՝ իմացաւ, թէ ինչ է արել իր նկատմամբ իր կրտսեր որդին, 25եւ ասաց. «Անիծեալ լինի ստրուկ Քանանը եւ իր եղբայրների ծառան թող լինի»: 26Նա աւելացրեց. «Օրհնեալ լինի Տէր Աստուած՝ Սէմի Աստուածը, իսկ Քանանը թող լինի նրա ծառան: 27Աստուած թող բարգաւաճեցնի Յաբէթին, նա թող բնակուի Սէմի տանը, իսկ Քանանը թող լինի նրա ծառան»: 28Ջրհեղեղից յետոյ Նոյը ապրեց երեք հարիւր յիսուն տարի: 29Նոյը ինը հարիւր յիսուն տարի ապրելուց յետոյ մեռաւ: