1Յովսէփն ընկնելով իր հօր երեսին՝ լաց եղաւ նրա վրայ եւ համբուրեց նրան: 2Յովսէփը հրամայեց դի զմռսող իր սպասաւորներին զմռսել իր հօրը. զմռսողները զմռսեցին Իսրայէլին: 3Լրացան նրա քառասուն օրերը. այդքան էր տեւում թաղելու կարգը: Եգիպտոսը եօթանասուն օր սգաց նրան: 4Սգոյ օրերն անցնելուց յետոյ Յովսէփը խօսեց փարաւոնի իշխանների հետ եւ ասաց. «Եթէ շնորհ եմ գտել ձեր առաջ, ապա դիմեցէ՛ք փարաւոնին եւ ասացէ՛ք, 5որ իմ հայրը երդուեցրել է ինձ ու ասել. «Ահա ես մեռնում եմ: Ինձ կը թաղես այն շիրիմում, որ ես ինձ համար փորել եմ Քանանացիների երկրում»: Արդ, թո՛յլ տուր գնամ, թաղեմ իմ հօրն ու վերադառնամ»: 6Փարաւոնն ասաց. «Գնա՛, թաղի՛ր քո հօրը, ինչպէս որ նա երդուեցրել է քեզ»: 7Յովսէփը գնաց, որ թաղի իր հօրը: Նրա հետ գնացին նաեւ փարաւոնի բոլոր ծառաները, նրա պալատի աւագանին, Եգիպտացիների երկրի բոլոր աւագները, 8Յովսէփի ամբողջ ընտանիքը, նրա եղբայրները, նրա հօր ընտանիքի բոլոր անդամները: Իսկ մերձաւորներին, ոչխարներին ու արջառներին թողեցին Գեսեմ երկրում: 9Նրա հետ գնացին նաեւ կառքերն ու հեծեալները եւ դարձան մի հսկայ բանակ: 10Նրանք հասան Յորդանանի այն կողմը գտնուող Ատադի կալը եւ այնտեղ սաստիկ ողբ ու կոծ արեցին նրա վրայ: Նա հօր համար եօթը օր սուգ արեց: 11Քանանացիների երկրի բնակիչները, տեսնելով Ատադի կալում արուած սուգը, ասացին. «Եգիպտացիները մեծ սգի մէջ են»: Դրա համար էլ այդ վայրը կոչուեց Եգիպտոսի Սուգ. այն Յորդանանի միւս կողմն է: 12Իսրայէլի որդիները նրա դիակի հետ վարուեցին այնպէս, ինչպէս նա էր պատուիրել իրենց. 13վերցրին նրան ու թաղեցին այնտեղ: Նրա որդիները նրան տարան Քանանացիների երկիրը եւ թաղեցին Մամբրէի կաղնու դիմաց, զոյգ քարայրում, որ Աբրահամը գնել էր քետացի Եփրոնից իբրեւ սեփական շիրմավայր: 14Յովսէփը վերադարձաւ Եգիպտոս. ինքը, իր եղբայրները եւ իր հօրը թաղելու համար իր հետ գնացած բոլոր մարդիկ: 15Երբ Յովսէփի եղբայրները տեսան, որ իրենց հայրը մահացել է, ասացին. «Գուցէ Յովսէփը ոխ է պահել մեր դէմ եւ վրէժ կը լուծի այն բոլոր չարիքների համար, որ մենք պատճառեցինք նրան»: 16Նրանք եկան Յովսէփի մօտ ու ասացին. «Քո հայրը երբ դեռ չէր մեռել, մեզ երդուեցրել էր 17ու ասել. «Այսպէս կ՚ասէք Յովսէփին. նրանք չարիք գործեցին քո դէմ, բայց դու կը ներես նրանց յանցանքներն ու մեղքերը»: Արդ, ների՛ր քո հօր Աստծու ծառաների յանցանքները»: Յովսէփն իրեն ասուած այս խօսքերի համար լաց եղաւ: 18Նրա եղբայրները գալով իր մօտ՝ ընկան նրա ոտքերն ու ասացին. «Ահա մենք քո ծառաներն ենք»: 19Յովսէփը նրանց ասաց. «Մի՛ վախեցէք, որովհետեւ ես էլ Աստծու մարդն եմ: 20Դուք մտածեցիք ինձ չարիք պատճառել, բայց Աստուած իմ նկատմամբ բարի վարուեց, ինչպէս որ եղաւ այսօր, որովհետեւ մարդկանց մեծ բազմութիւն կերակրեցի ես»: 21Նա ասաց նրանց. «Մի՛ վախեցէք: Ես կը կերակրեմ ձեզ եւ ձեր ընտանիքները»: Յովսէփը մխիթարեց եւ հանգստացրեց նրանց: 22Եւ Եգիպտոսում բնակուեցին Յովսէփն ինքը, իր եղբայրներն ու իր հօր ողջ գերդաստանը: Յովսէփն ապրեց հարիւր տասը տարի: 23Յովսէփը տեսաւ Եփրեմի որդիների մինչեւ երրորդ սերունդը: Մանասէի որդի Մաքիրի որդիները ծնուեցին Յովսէփի ծնկներին: 24Յովսէփը, դիմելով իր եղբայրներին, ասաց. «Ահա ես մեռնում եմ: Աստուած թող այցելի ձեզ, հանի այս երկրից ու տանի այն երկիրը, որ Աստուած երդուել է տալ մեր նախնիներին՝ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին»: 25Յովսէփը երդուեցրեց Իսրայէլի որդիներին ու ասաց. «Այն ժամանակ, երբ Աստուած ձեզ կ՚այցելի, այստեղից կը հանէք նաեւ իմ ոսկորները եւ կը տանէք ձեզ հետ»: 26Յովսէփը վախճանուեց հարիւր տասը տարեկան հասակում: Թաղեցին նրան ու տապանի մէջ դրեցին Եգիպտոսում: