1Յովսէփն եկաւ եւ այդ մասին պատմեց փարաւոնին: Նա ասաց. «Իմ հայրն ու եղբայրները իրենց ոչխարներով ու արջառներով, իրենց ամբողջ ունեցուածքով եկել են Քանանացիների երկրից եւ ահա Գեսեմում են»: 2Նա իր եղբայրներից հինգին հետն առնելով՝ ներկայացրեց փարաւոնին: 3Փարաւոնը հարցրեց Յովսէփի եղբայրներին. «Ի՞նչ գործ էք անում»: Նրանք պատասխանեցին փարաւոնին. «Թէ՛ մենք, թէ՛ մեր հայրերը՝ քո ծառաները, ոչխարների հովիւներ ենք»: 4Նրանք ասացին փարաւոնին. «Պանդխտութեան ենք եկել այս երկիրը, որովհետեւ քո ծառաների ոչխարները կեր չունեն, քանի որ Քանանացիների երկրում սաստկացել է սովը: Արդ, թո՛յլ տուր, որ մենք՝ քո ծառաները, բնակուենք Գեսեմ երկրում»: 5Փարաւոնը, դիմելով Յովսէփին, ասաց. «Քո հայրն ու քո եղբայրները եկել են քեզ մօտ: 6Ահա Եգիպտացիների երկիրը քո առջեւ է. արգաւանդ մի շրջանում բնակեցրո՛ւ քո հօրն ու եղբայրներին: Նրանք թող բնակուեն Գեսեմ երկրում: Իսկ եթէ գիտես, որ նրանց մէջ կան կարող մարդիկ, իմ ոչխարների հօտերի վրայ վերակացու կարգի՛ր»: 7Յովսէփն իր հայր Յակոբին բերեց ու ներկայացրեց փարաւոնին: Եւ Յակոբն օրհնեց փարաւոնին: 8Փարաւոնը հարցրեց Յակոբին. «Քանի՞ տարեկան ես»: 9Յակոբը պատասխանեց փարաւոնին. «Պանդխտութեան մէջ անցկացրած տարիներիս թիւը հարիւր երեսուն է: Քիչ ու դժուարին են եղել իմ ապրած տարիները եւ չեն հասել իմ նախնիների պանդխտութեան մէջ անցկացրած տարիներին»: 10Յակոբն օրհնեց փարաւոնին եւ հեռացաւ նրա մօտից: 11Յովսէփը իր հօրն ու եղբայրներին բնակեցրեց Եգիպտացիների երկրի բարեբեր մի շրջանում՝ Ռամէսի երկրում, ինչպէս հրամայել էր փարաւոնը: 12Յովսէփը օրապահիկ էր տալիս իր հօրն ու եղբայրներին, իսկ իր հօր ընտանիքի բոլոր անդամներին՝ ցորեն ըստ շնչի: 13Պարէնն սպառուել էր ողջ երկրում, քանի որ սովը խիստ սաստկացել էր: Սովից հիւծուեցին Եգիպտացիների երկիրն ու Քանանացիների երկիրը: 14Յովսէփը ցորեն վաճառելով հաւաքեց Եգիպտացիների երկրի ու Քանանացիների երկրի ողջ արծաթը, որի դիմաց այդ երկրների մարդկանց պարէն էր տալիս: Յովսէփը ամբողջ արծաթը տարաւ փարաւոնի արքունիքը: 15Արծաթն սպառուեց Եգիպտացիների երկրից ու Քանանացիների երկրից: Բոլոր եգիպտացիները եկան Յովսէփի մօտ ու ասացին. «Մեզ հա՛ց տուր. ինչո՞ւ մեռնենք քո աչքի առաջ, քանի որ արծաթը վերջացաւ»: 16Յովսէփն ասաց նրանց. «Եթէ արծաթն սպառուել է, բերէ՛ք ձեր անասունները, եւ ես ձեր անասունների փոխարէն հաց կը տամ ձեզ»: 17Նրանք անասունները բերեցին Յովսէփի մօտ, իսկ Յովսէփը ձիու, ոչխարի, արջառի եւ էշի փոխարէն նրանց հաց էր տալիս: Նա այդ տարի նրանց բոլոր անասունների փոխարէն նրանց կերակրեց հացով: 18Այդ տարին անցաւ. նրանք երկրորդ տարին եկան Յովսէփի մօտ եւ ասացին. «Արդեօ՞ք կորստի կը մատնուենք մեր տիրոջ կողմից: Տէ՛ր, եթէ արծաթ կար, վերջացաւ, եթէ ոչխարներ եւ անասուններ՝ քեզ մօտ են: Մենք այլեւս ոչինչ չունենք մեր տիրոջը տալու, բացի մեր անձերից ու մեր հողից: 19Արդ, որպէսզի քո աչքի առաջ սովամահ չլինենք, եւ երկիրն էլ չկործանուի, ստացի՛ր մեզ եւ մեր հողը հացի փոխարէն. մենք ու մեր հողը թող լինենք փարաւոնի սեփականութիւն: Սերմացու տո՛ւր, որ ցանենք, ապրենք ու չմեռնենք, եւ երկիրն էլ չկործանուի»: 20Եւ Յովսէփը գնեց ողջ Եգիպտացիների երկիրը փարաւոնի համար, որովհետեւ եգիպտացիներն իրենց հողերը վաճառեցին փարաւոնին, քանի որ սովը սաստիկ սպառնում էր նրանց կեանքին: Այսպիսով երկիրը դարձաւ փարաւոնի սեփականութիւն, 21եւ սա Եգիպտոսի մի ծայրից մինչեւ միւս ծայրը բնակուող ժողովրդին դարձրեց իր ստրուկը, 22բացի քրմերի կալուածքներից, որովհետեւ Յովսէփը դրանք չգնեց, քանի որ փարաւոնը քրմերին առատօրէն պարգեւատրում էր, եւ նրանք սնւում էին այն պարգեւներով, որ նրանց էր տալիս փարաւոնը: Այդ է պատճառը, որ նրանք չվաճառեցին իրենց կալուածքները: 23Յովսէփը բոլոր եգիպտացիներին ասաց. «Ահա ձեզ եւ ձեր հողը ես գնեցի փարաւոնի համար: Առէ՛ք ձեր սերմացուն եւ ցանեցէ՛ք ձեր հողերում: 24Երբ բերքը կը ստանաք, փարաւոնին կը տաք դրա մէկ հինգերորդ մասը, իսկ չորս հինգերորդը թող ձեզ լինի իբրեւ հողի սերմացու եւ սնունդ՝ ձեզ, ձեր ընտանիքի բոլոր անդամների ու ձեր երեխաների համար»: 25Նրանք ասացին. Մեզ փրկեցիր, մենք արժանացանք մեր տիրոջ գթութեանը, ուստի թող լինենք փարաւոնի ստրուկները»: 26Յովսէփը նրանց համար օրէնք սահմանեց, որ մինչեւ այսօր էլ գործում է Եգիպտացիների երկրում. բերքի մէկ հինգերորդ մասը տուրք տալ փարաւոնին, բացի քրմական հողերից, որոնք փարաւոնին չէին պատկանում: 27Իսրայէլը բնակուեց Եգիպտացիների երկրում՝ Գեսեմում: Նրանք այնտեղ կալուածքներ ստացան, խիստ աճեցին ու բազմացան: 28Յակոբը Եգիպտացիների երկրում ապրեց տասնեօթը տարի, եւ նա դարձաւ հարիւր քառասունեօթը տարեկան: 29Երբ մօտեցան Իսրայէլի մահուան օրերը, նա կանչեց իր որդի Յովսէփին ու ասաց նրան. «Եթէ ես շնորհ գտայ քո առաջ, ապա ձեռքդ դի՛ր իմ զիստի տակ ու խոստացի՛ր, որ իմ նկատմամբ արդար եւ ողորմած կը լինես եւ ինձ Եգիպտոսում չես թաղի. 30երբ միանամ իմ նախնիներին, ինձ թող տանեն Եգիպտոսից ու թաղեն նրանց գերեզմանում»: Յովսէփն ասաց. «Կ՚անեմ ինչպէս ասացիր»: 31Յակոբն ասաց. «Երդուի՛ր ինձ»: Եւ նա երդուեց նրան, մինչ Իսրայէլը խոնարհուեց նրա գաւազանի գլխի վրայ: