1Սովը աւելի ու աւելի էր սաստկանում երկրում: 2Երբ կերան-սպառեցին Եգիպտացիների երկրից բերած ցորենը, հայրն ասաց նրանց. «Դարձեալ գնացէ՛ք եւ մի քիչ պարէն գնեցէ՛ք»: 3Յուդան, դիմելով նրան, ասաց. «Մարդը մեզ կտրուկ ու յստակ ասաց. «Իմ աչքին չերեւաք, եթէ ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չլինի»: 4Արդ, եթէ թողնես, որ մեր եղբայրը գայ մեզ հետ, կը գնանք եւ պարէն կը գնենք, 5իսկ եթէ մեր եղբօրը մեզ հետ չթողնես, չենք գնայ, որովհետեւ այդ մարդը մեզ հետ խօսեց ու ասաց. «Իմ աչքին չերեւաք, եթէ ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չլինի»: 6Իսրայէլն ասաց. «Այդ ի՞նչ փորձանք բերեցիք իմ գլխին, ինչո՞ւ յայտնեցիք այդ մարդուն, թէ եղբայր ունէք»: 7Նրանք ասացին. «Այդ մարդը հարցուփորձ արեց մեր եւ մեր ընտանիքի մասին, թէ՝ «Տակաւին կենդանի՞ է ձեր հայրը», թէ՝ «Եղբայր ունէ՞ք»: Եւ մենք յայտնեցինք նրան ըստ նրա հարցերի: Ի՞նչ իմանայինք, թէ ասելու է մեզ. «Բերէ՛ք ձեր եղբօրը»: 8Յուդան ասաց իր հայր Իսրայէլին. «Թո՛յլ տուր, որ պատանին գայ ինձ հետ, վեր կենանք գնանք, որպէսզի ե՛ւ մենք, ե՛ւ դու, ե՛ւ մեր ընտանիքի անդամները ապրենք, սովամահ չլինենք: 9Ես նրա համար պատասխանատու եմ. ինձնի՛ց կը պահանջես նրան: Եթէ նրան յետ չբերեմ ու քո առաջ չկանգնեցնեմ, թող մեղաւոր լինեմ իմ ամբողջ կեանքում: 10Որովհետեւ եթէ չդանդաղէինք, ապա երկու անգամ գնացած-եկած կը լինէինք»: 11Իրենց հայր Իսրայէլն ասաց նրանց. «Ճիշտ էք ասում: Այդպէս էլ արէք: Մեր երկրի բարիքներով լցրէ՛ք ձեր ամանները, այդ մարդուն իբրեւ նուէր տարէ՛ք կնդրուկ, մեղր, խունկ, խէժ, բեւեկն եւ ընկոյզ: 12Կրկնակի արծաթ վերցրէ՛ք ձեզ հետ, ինչպէս նաեւ այն արծաթը, որ ձեր պարկերի մէջ յետ բերեցիք, տարէ՛ք ձեզ հետ, գուցէ դա սխալմունք էր: 13Վերցրէ՛ք նաեւ ձեր եղբօրն ու գնացէ՛ք այդ մարդու մօտ: Իմ Աստուածը թող այնպէս անի, որ շնորհ գտնէք այդ մարդու մօտ, եւ նա կ՚արձակի ձեզ հետ ձեր միւս եղբօրն ու Բենիամինին: 14Բայց ես ինչպէս անզաւակացայ, այնպէս էլ անզաւակ մնացի»: 15Եւ մարդիկ, առնելով նուէրներ ու կրկնակի արծաթ, Բենիամինի հետ գնացին իջան Եգիպտոս եւ ներկայացան Յովսէփին: 16Երբ Յովսէփը տեսաւ նրանց եւ իր եղբայր Բենիամինին՝ ասաց պալատի կառավարիչին. «Այս մարդկանց տուն տա՛ր, անասուն մորթի՛ր եւ ճաշ պատրաստի՛ր, որովհետեւ այս մարդիկ կէսօրին ինձ հետ են ճաշելու»: 17Մարդն արեց այնպէս, ինչպէս ասել էր Յովսէփը, եւ մարդկանց տարաւ Յովսէփի տունը: 18Այս մարդիկ տեսնելով, որ իրենց տարան Յովսէփի տունը, ասացին. «Նախորդ անգամ մեր պարկերում մեզ վերադարձուած արծաթի պատճառով է, որ մեզ բերեցին այստեղ, որպէսզի մեզ խուզարկեն: Նրանք մեզ վրայ կը յարձակուեն, մեզ կը ստրկացնեն եւ կը տիրանան մեր էշերին»: 19Մօտենալով Յովսէփի պալատի կառավարիչին՝ նրանք դռան մօտ ասացին նրան. 20«Աղաչում ենք քեզ, տէ՛ր, լսի՛ր մեզ: Երբ առաջին անգամ եկանք պարէն գնելու 21եւ վերադառնալիս իջեւան հասանք, բացելով մեր պարկերը՝ տեսանք, որ իւրաքանչիւրիս արծաթը իր պարկի մէջ է: Արդ, արծաթը նոյն կշռով յետ ենք բերել, ահա այն մեր ձեռքին է: 22Ուրիշ արծաթ էլ ենք բերել մեզ հետ, որ պարէն գնենք: Մենք չգիտենք, թէ ով է արծաթը դրել մեր պարկերի մէջ»: 23Նա ասաց նրանց. «Խաղաղութիւն ընդ ձեզ, մի՛ վախեցէք: Ձեր եւ ձեր հայրերի Աստուածն է դրել գանձերը ձեր պարկերի մէջ, իսկ ես արդէն ստացել եմ ձեր արծաթը եւ գոհացել եմ»: Եւ նա բանտից հանեց ու նրանց մօտ բերեց Շմաւոնին: 24Մարդը նրանց տարաւ ներս՝ Յովսէփի տունը: Ջուր բերեցին, որ նրանք լուանան իրենց ոտքերը, եւ նա նրանց գրաստներին կեր տուեց: 25Նրանք պատրաստեցին ընծաները, երբ Յովսէփը դեռ չէր եկել կէսօրին, որովհետեւ լսել էին, որ այնտեղ է ճաշելու: 26Յովսէփը տուն մտաւ, եւ նրանք այդ տանը նրան մատուցեցին իրենց ձեռքերում բռնած ընծաները եւ գլուխ խոնարհեցին նրան մինչեւ գետին: 27Յովսէփը, դիմելով նրանց, հարցրեց. «Ինչպէ՞ս էք, ողջ-առո՞ղջ է ձեր ծերունի հայրը, որի մասին ասել էիք, թէ տակաւին կենդանի է»: 28Նրանք պատասխանեցին. «Ողջ-առողջ է քեզ ծառայ մեր հայրը, տակաւին կենդանի է»: Նա ասաց. «Այդ մարդն օրհնեալ է Աստծուց»: Եւ նրանք խոնարհուելով գլուխ տուեցին նրան: 29Յովսէփը բարձրացրեց իր աչքերը եւ, տեսնելով իր համամայր եղբայր Բենիամինին, հարցրեց. «Սա՞ է ձեր կրտսեր եղբայրը, որի մասին ասել էիք, թէ կը բերէք ինձ մօտ»: Եւ ասաց. «Աստուած թող ողորմի քեզ, որդեա՛կ»: 30Յուզուեց Յովսէփը, իր եղբօր համար ճմլուեց սիրտը եւ ուզում էր լաց լինել: Եւ, մտնելով իր սենեակը, նա լաց եղաւ: 31Յետոյ նա լուաց երեսը, դուրս եկաւ եւ, զսպելով իրեն, ասաց. «Ճա՛շ մատուցէք»: 32Քանի որ եգիպտացիները զզւում էին եբրայեցիներից եւ նրանց հետ սեղան չէին նստում, ուստի նրան եւ նրանցից իւրաքանչիւրին, ինչպէս նաեւ նրա հետ ճաշող եգիպտացիներից իւրաքանչիւրին ճաշ մատուցեցին առանձին-առանձին: 33Նրա դիմաց նստեց անդրանիկը՝ ըստ իր աւագութեան, իսկ կրտսերը՝ ըստ իր կրտսերութեան: Եւ մարդիկ զարմացել էին իւրաքանչիւրն իր եղբօր համար: 34Նրանք Յովսէփից ստացան իրենց ճաշի բաժինը, եւ Բենիամինի բաժինը բոլորի բաժնի հնգապատիկը դարձաւ: Նրանք նրա հետ խմեցին ու գինովցան: