1Այդ ժամանակ Յուդան հեռացաւ իր եղբայրներից եւ եկաւ Իրաս անունով ոդողոմացի մի մարդու մօտ: 2Յուդան այնտեղ տեսաւ քանանացի մի մարդու դստերը, որի անունը Շաւա էր: Նա ամուսնացաւ նրա հետ եւ մտաւ նրա ծոցը: 3Սա յղիացաւ, ունեցաւ որդի եւ անունը դրեց Էր: 4Շաւան նորից յղիացաւ, ունեցաւ որդի եւ նրա անունը դրեց Օնան: 5Նա մի որդի էլ ունեցաւ եւ նրա անունը դրեց Սելոմ: Շաւան Քասբիում էր, երբ ծնեց նրան: 6Յուդան իր անդրանիկ որդի Էրի համար մի կին առաւ, որի անունը Թամար էր: 7Յուդայի անդրանիկ որդի Էրը հաճելի չթուաց Տիրոջը, եւ Աստուած առաւ նրա հոգին: 8Յուդան ասաց Օնանին. «Մտի՛ր քո եղբօր կնոջ ծոցը, ամուսնացի՛ր նրա հետ եւ զաւա՛կ պարգեւիր քո եղբօրը»: 9Երբ Օնանը հասկացաւ, որ զաւակը իրենը չի լինի, իր եղբօր կնոջ ծոցը մտնելիս սերմը թափեց գետին, որպէսզի զաւակ չտայ իր եղբօրը: 10Օնանի արածը Աստծուն դուր չեկաւ, ուստի նրա հոգին էլ առաւ: 11Յուդան ասաց իր հարս Թամարին. «Այրի՛ մնա քո հօր տանը, մինչեւ որ մեծանայ իմ որդի Սելոմը»: Յուդան վախենում էր, որ նա էլ կը մեռնի իր եղբայրների պէս: 12Թամարը գնաց ու ապրեց իր հօր տանը: Շատ օրեր անցան, եւ մեռաւ Յուդայի կին Շաւան: Յուդան սգից դուրս գալուց յետոյ իր ոդողոմացի հովիւ Իրասի հետ գնաց Թամնա՝ իր ոչխարները խուզելու: 13Այդ մասին իմացաւ նրա հարս Թամարը, որովհետեւ նրան յայտնել էին, թէ՝ «Ահա քո սկեսրայրը գալիս է Թամնա՝ իր ոչխարները խուզելու»: 14Թամարն իր վրայից հանեց այրիութեան զգեստները, քող նետեց երեսին, զարդարուեց ու նստեց Ենանի դարպասի մօտ, Թամնա տանող ճանապարհի վրայ, որովհետեւ տեսաւ, որ Սելոմը մեծացել է, բայց Յուդան իրեն կնութեան չի տալիս նրան: 15Երբ Յուդան տեսաւ նրան, կարծեց, թէ բոզ է, որովհետեւ նա երեսը ծածկել էր, ուստի ինքը նրան չճանաչեց: 16Իր ճանապարհը թեքելով՝ Յուդան գնաց դէպի նա եւ ասաց. «Թո՛յլ տուր մտնեմ ծոցդ»: Նա չգիտէր, որ դա իր հարսն է: Սա ասաց. «Ի՞նչ կը տաս ինձ, եթէ մտնես ծոցս»: 17Նա պատասխանեց. «Քեզ իմ հօտից այծի ուլ բերել կը տամ»: Սա ասաց. «Իսկ մինչեւ բերել տալդ գրաւ կը տա՞ս»: Նա ասաց. «Ի՞նչ գրաւ տամ քեզ»: 18Սա ասաց. «Տո՛ւր մատանիդ, մանեակդ եւ այն գաւազանը, որ քո ձեռքին է»: Եւ նա մտաւ նրա ծոցը: Թամարը յղիացաւ նրանից 19եւ վեր կացաւ գնաց: Նա իր վրայից հանեց քողը եւ հագաւ այրիութեան իր զգեստները: 20Յուդան իր ոդողոմացի հովուի միջոցով այծի ուլ ուղարկեց, որպէսզի այդ կնոջից յետ ստանայ գրաւը, բայց հովիւը չգտաւ նրան: 21Դիմելով տեղի մարդկանց՝ նա հարցրեց նրանց. «Ու՞ր է այն բոզը, որ Ենանում էր, ճանապարհի վրայ»: 22Նրանք պատասխանեցին. «Այստեղ ոչ մի բոզ չի եղել»: Վերադառնալով Յուդայի մօտ՝ նա ասաց. «Նրան չգտայ: Տեղի մարդիկ էլ ասացին. «Այստեղ բոզ չկայ»: 23Յուդան ասաց. «Գրաւը նրան թող մնայ, միայն թէ ծաղրի առարկայ չդառնանք: Ես ուլը տուել եմ, որ տանես, դու էլ այդ կնոջը չես գտել»: 24Երեք ամիս յետոյ Յուդային յայտնեցին, թէ՝ «Պոռնկացել է քո հարս Թամարը եւ ահա պոռնկանալու պատճառով յղիացել է»: Յուդան ասաց. «Դո՛ւրս հանեցէք նրան, թող ողջ-ողջ այրուի»: 25Իրեն տանելու ճանապարհին Թամարը գրաւներն ուղարկեց իր սկեսրայրին՝ ասելով. «Ես յղիացել եմ այն տղամարդուց, որին պատկանում են այս գրաւները»: Եւ աւելացրեց. «Ճանաչի՛ր, ո՞ւմն են այս մատանին, մանեակը եւ գաւազանը»: 26Յուդան ճանաչեց դրանք ու ասաց. «Նա աւելի արդար է, քան ես, որովհետեւ նրան իմ որդի Սելոմին կնութեան չտուեցի»: Եւ այլեւս չմտաւ նրա ծոցը: 27Երբ Թամարը ծննդաբերելու վրայ էր, նրա որովայնում երկու զաւակներ կային: 28Ծննդաբերութեան պահին զաւակներից մէկն աւելի շուտ հանեց իր ձեռքը: Մանկաբարձը նրա ձեռքին կարմիր թել կապեց ու ասաց. «Անդրանիկը սա թող լինի»: 29Երբ սա ձեռքը յետ տարաւ, անմիջապէս դուրս ելաւ նրա եղբայրը: Մանկաբարձն ասաց. «Ինչո՞ւ ճեղքեցիր պատնէշը»: Եւ նա նրա անունը դրեց Փարէս: 30Ապա դուրս ելաւ նրա եղբայրը, որի ձեռքին կարմիր թել էր կապուած, եւ նրա անունը դրեց Զարա: