1Աստուած ասաց Յակոբին. «Վե՛ր կաց գնա՛ բնակավայրդ՝ Բեթէլ, բնակուի՛ր այդ վայրում եւ այնտեղ զոհասեղան կառուցի՛ր Աստծուն, որ երեւաց քեզ քո եղբայր Եսաւից փախչելու ժամանակ»: 2Յակոբն ասաց իր տնեցիներին ու իր հետ եղած բոլոր մարդկանց. «Վերացրէ՛ք ձեր միջից ձեզ մօտ եղած օտար աստուածները, մաքրուեցէ՛ք, փոխեցէ՛ք ձեր զգեստները, 3որ վեր կենանք գնանք Բեթէլ, այնտեղ զոհասեղան կառուցենք Աստծուն, որը լսեց ինձ նեղ օրերին, ինձ հետ եղաւ եւ ինձ պահպանեց իմ ուղեւորութեան ընթացքում»: 4Նրանք Յակոբին յանձնեցին իրենց մօտ եղած օտար աստուածներն ու իրենց ականջօղերը: Յակոբը դրանք թաղեց բեւեկնի ծառի տակ, Սիկիմում, այնպէս, որ դրանք կորած են մինչեւ այսօր: 5Իսրայէլը չուեց Սիկիմից: Աստծու երկիւղը պատեց դրա շուրջը գտնուող քաղաքները, եւ նրանց բնակիչները չհետապնդեցին Իսրայէլի որդիներին: 6Յակոբն ինքը եւ իր հետ եղած ամբողջ ժողովուրդը եկան Լուզ, այսինքն՝ Բեթէլ, որը գտնւում է Քանանացիների երկրում: 7Նա այնտեղ զոհասեղան շինեց, եւ այդ վայրը կոչեց Բեթէլ, որովհետեւ այնտեղ էր, որ Աստուած երեւացել էր նրան, երբ նա փախչում էր իր եղբայր Եսաւից: 8Մեռաւ Դեբորան՝ Ռեբեկայի դայեակը, եւ թաղուեց Բեթէլից ներքեւ, կաղնու տակ: Յակոբն այդ վայրի անունը դրեց Սգոյ կաղնի: 9Աստուած երեւաց Յակոբին, երբ սա Լուզում էր: Երբ Յակոբը Ասորիների Միջագետքից եկաւ Լուզ, Աստուած օրհնելով նրան՝ 10ասաց. «Քո անունը Յակոբ է, բայց այլեւս Յակոբ չես կոչուելու, այլ Իսրայէլ կը լինի քո անունը»: Եւ նա կոչուեց Իսրայէլ: 11Աստուած ասաց նրան. «Ես եմ քո ամենակարող Աստուածը: Աճի՛ր եւ բազմացի՛ր: Ցեղեր ու ցեղախմբեր պիտի ծնուեն քեզնից, եւ թագաւորներ պիտի ելնեն քո կողից: 12Այն երկիրը, որ տուել եմ Աբրահամին ու Իսահակին, քեզ եմ տալու, քոնը թող լինի: Քեզնից յետոյ քո սերնդին եմ տալու այդ երկիրը»: 13Եւ Աստուած վերացաւ նրանից, այն վայրից, որտեղ խօսել էր նրա հետ, 14իսկ Յակոբը կոթող կանգնեցրեց այն տեղում, որտեղ խօսել էր նրա հետ, քարէ կոթող, նրա վրայ գինի թափեց, իւղով օծեց կոթողը 15եւ այն տեղը, որտեղ Աստուած խօսել էր իր հետ, կոչեց Բեթէլ: 16Նա գնաց Բեթէլից, եւ երբ մօտեցաւ Քաբրաթա երկրին, որ մտնի Եփրաթա, Ռաքէլը ծննդաբերեց: 17Նրա ծննդաբերութիւնը դժուարին եղաւ, եւ երկունքի ժամանակ մանկաբարձն ասաց նրան. «Արիացի՛ր, որովհետեւ էլի տղայ ես ունենում»: 18Հոգին աւանդելիս, քանի որ մեռնում էր, նա որդու անունը դրեց Իմ վշտերի որդի, իսկ հայրը նրան կոչեց Բենիամին: 19Մեռաւ Ռաքէլն ու թաղուեց Եփրաթայի՝ նոյն ինքը Բեթղեհէմի ճանապարհի վրայ: 20Յակոբը նրա շիրիմի վրայ կոթող կանգնեցրեց: Դա մինչեւ այսօր էլ յայտնի է իբրեւ Ռաքէլի շիրիմի կոթող: 21Իսրայէլը գնաց եւ իր վրանը խփեց Գադերի աշտարակից այն կողմ: 22Երբ Իսրայէլը բնակուեց այդ երկրում, Ռուբէնը գնաց ու պառկեց իր հօր հարճի՝ Բալլայի հետ: Իսրայէլն իմացաւ, եւ այդ բանը վատ թուաց նրան: Յակոբն ունէր տասներկու որդի: 23Լիայից ծնուած որդիներն էին՝ Յակոբի անդրանիկ որդին՝ Ռուբէնը, Շմաւոնը, Ղեւին, Յուդան, Իսաքարը, Զաբուղոնը: 24Ռաքէլից ծնուած որդիներն էին՝ Յովսէփն ու Բենիամինը: Ռաքէլի նաժիշտ Բալլայից ծնուած որդիներն էին՝ Դանն ու Նեփթաղիմը: 25Լիայի նաժիշտ Զելփայից ծնուած որդիներն էին՝ Գադն ու Ասերը: 26Ահա սրանք են Յակոբի որդիները, որ նա ունեցաւ Ասորիների Միջագետքում: 27Յակոբը եկաւ իր հայր Իսահակի մօտ, Մամբրէի կողմերում դաշտային մի քաղաք, այսինքն՝ Քեբրոն, որ գտնւում է Քանանացիների երկրում, ուր պանդխտեցին Աբրահամն ու Իսահակը: 28Իսահակն ապրեց հարիւր ութսուն տարի: 29Իսահակը հոգին աւանդեց ու մեռաւ տարիքն առած, խոր ծերութեան մէջ, նա գնաց միացաւ իր նախնիներին: Նրան թաղեցին իր որդիները՝ Եսաւն ու Յակոբը: