1Աբրահամն առաւ մի կին էլ, որի անունը Քետտուրա էր: 2Սա նրա համար ծնեց Զեմրանին, Յեկսանին, Մադանին, Մադիանին, Յեսբոկին եւ Սովիւէին: 3Յեկսանը ծնեց Սաբային, Թեմանին եւ Դադանին: Դադանի որդիներն էին Ռագուէլը, Նաբդեէլը, Ասուրիիմը, Լատուսիիմը եւ Լովովմիմը: 4Մադիամի որդիներն էին Գեփարը, Ափերը, Ենոքը, Աբիդան եւ Եդրագան: Սրանք բոլորը Քետտուրայի որդիներն էին: 5Աբրահամն իր ողջ ունեցուածքը տուեց իր որդի Իսահակին, 6իսկ իր հարճերի որդիներին, որոնք Աբրահամից էին, պարգեւներ տուեց եւ, քանի դեռ կենդանի էր, նրանց հեռացրեց իր որդի Իսահակի մօտից դէպի արեւելք՝ արեւելեան երկիրը: 7Աբրահամն ապրեց հարիւր եօթանասունհինգ տարի: 8Աբրահամը հոգին աւանդեց ու մեռաւ երջանիկ ծերութեան մէջ, զառամեալ, ալեւորած տարիքում, եւ գնաց միացաւ իր նախնիներին: 9Նրա որդիներ Իսահակն ու Իսմայէլը նրան թաղեցին քետացի Սահառի որդի Եփրոնի ագարակի զոյգ քարայրում, 10որը գտնւում է Մամբրէի կաղնու դիմաց: Աբրահամին ու նրա կին Սառային թաղեցին այն ագարակում ու քարայրում, որ Աբրահամը Քետի որդիներից էր գնել: 11Աբրահամի մահից յետոյ Աստուած օրհնեց նրա որդի Իսահակին, եւ Իսահակը բնակուեց Տեսիլքի ջրհորի մօտ: 12Սրանք են սերուդները Աբրահամի որդի Իսմայէլի, որին ծնեց եգիպտուհի Ագարը՝ Սառայի աղախինը, Աբրահամի համար: 13Ահա Իսմայէլի որդիների անուններն ըստ նրանց ցեղերի. Իսմայէլի անդրանիկը՝ Նաբեոթ, ապա Կեդար, Աբդեէլ, Մաբսամ, 14Մասմա, Իդումա, Մասէ, 15Քոլդադ, Թեմա, Յետուր, Նափէս եւ Կեդմա: 16Սրանք են Իսմայէլի որդիները, եւ սրանք են նրանց անուններն ըստ իրենց բնակավայրերի եւ իրենց վրանների, նրանց տասներկու իշխաններն ըստ իրենց ցեղերի: 17Իսմայէլն ապրեց հարիւր երեսունեօթը տարի: Նա հոգին աւանդեց ու մեռաւ եւ գնաց միացաւ իր նախնիներին: 18Նա բնակութիւն հաստատեց Եւիլայից մինչեւ Սուր, որը գտնւում է Եգիպտոսի դիմաց, մինչեւ Ասորեստանի սահմանները: Նա բնակուեց իր բոլոր եղբայրների դէմ յանդիման: 19Սրանք են Աբրահամի որդի Իսահակի սերունդները. Աբրահամը ծնեց Իսահակին: 20Իսահակը քառասուն տարեկան էր, երբ ամուսնացաւ Ասորական Միջագետքում ապրող ասորի Բաթուէլի դուստր Ռեբեկայի հետ, որը ասորի Լաբանի քոյրն էր: 21Իսահակն աղաչեց Տիրոջը իր կին Ռեբեկայի համար, որովհետեւ սա ամուլ էր: Աստուած լսեց նրան, եւ նրա կին Ռեբեկան յղիացաւ: 22Նրա արգանդում իրար էին բախւում երեխաները: Նա ասաց. «Եթէ այսպէս էր լինելու ինձ, հապա ինչո՞ւ յղիացայ»: Եւ նա գնաց այդ մասին Տիրոջը հարցնելու: 23Տէրը նրան ասաց. «Քո արգանդում երկու ցեղ կայ, քո արգանդից երկու ժողովուրդ պիտի ծնուի: Մի ժողովուրդը միւս ժողովրդին պիտի գերիշխի, եւ աւագը կրտսերին պիտի ենթարկուի»: 24Երբ հասան նրա ծննդաբերելու օրերը, նրա որովայնում երկու երեխաներ կային: 25Անդրանիկ որդին ծնուեց բոլորովին շէկ, թաւամազ մորթով, եւ հայրը նրան կոչեց Եսաւ: Ապա Եսաւի գարշապարից բռնած ծնուեց նրա եղբայրը: Սրան էլ կոչեց Յակոբ: 26Իսահակը վաթսուն տարեկան էր, երբ Ռեբեկան ծնեց նրանց: Մանուկները մեծացան: 27Եսաւը հմուտ որսորդ էր եւ վայրենաբարոյ, իսկ Յակոբը մեղմաբարոյ էր ու տնակեաց: 28Իսահակը սիրեց Եսաւին, որովհետեւ նրա որսը կերակուր էր իր համար, իսկ Ռեբեկան սիրեց Յակոբին: 29Յակոբը մի անգամ ապուր էր եփել, երբ Եսաւը դաշտից եկաւ քաղցից թուլացած: 30Եսաւն ասաց Յակոբին. «Այդ կարմրաւուն ապուրից տուր ուտեմ, որովհետեւ քաղցից թուլացած եմ» (դրա համար էլ նրան Եդոմ կոչեցին): 31Յակոբն ասաց Եսաւին. «Կը տամ, եթէ այսօր ինձ վաճառես քո անդրանկութիւնը»: 32Եսաւը պատասխանեց. «Ես մեռնելու վրայ եմ, էլ ինչի՞ս է պէտք անդրանկութիւնը»: 33Յակոբն ասաց նրան. «Հէնց այսօր երդուի՛ր ինձ»: Եւ նա երդուեց նրան: Եսաւն իր անդրանկութիւնը վաճառեց Յակոբին, 34իսկ Յակոբը Եսաւին տուեց հաց ու ոսպապուր: Սա կերաւ, խմեց ու վեր կացաւ գնաց: Այսպիսով Եսաւն արհամարհեց իր անդրանկութիւնը: