1Աստուած Աբրահամին երեւաց Մամբրէի կաղնու մօտ, երբ սա կէսօրին դեռ նստած էր իր վրանի դռան մօտ: 2Աբրահամը բարձրացրեց աչքերը եւ իր դիմաց տեսաւ երեք տղամարդկանց: Տեսնելով նրանց՝ նա իր վրանի դռան մօտից ընդառաջ գնաց, գլուխը խոնարհեց մինչեւ գետին ու ասաց նրանց. 3«Տէ՛ր, եթէ շնորհ գտայ քո առաջ, քո ծառային անտես մի՛ արա, 4թող մի քիչ ջուր բերեն, լուան ձեր ոտքերը, ապա հովացէ՛ք ծառի տակ: 5Հաց բերեմ, կերէ՛ք եւ ապա գնացէ՛ք ձեր ճանապարհով, որովհետեւ ձեր ծառայի մօտ գալու համար շեղեցիք ձեր ճանապարհը»: Նրանք պատասխանեցին. «Արա՛ այնպէս, ինչպէս ասացիր»: 6Աբրահամն շտապեց դէպի վրանը՝ Սառայի մօտ, եւ ասաց նրան. «Շտապի՛ր, երեք գրիւ ընտիր ալիւր հունցի՛ր ու նկանակ պատրաստի՛ր»: 7Աբրահամը գնաց դէպի նախիր, վերցրեց մի մատղաշ, լաւ հորթ, տուեց ծառային ու շտապեցրեց, որ կերակուր պատրաստի: 8Նա վերցրեց կարագ, կաթ ու հորթի մսից պատրաստուած կերակուրը եւ դրեց նրանց առաջ: Նրանք կերան, իսկ ինքը կանգնած մնաց նրանց առաջ, ծառի տակ: 9Նրանք հարցրին. «Ու՞ր է քո կին Սառան»: Նա պատասխանեց. «Վրանում է»: 10Նրանցից մէկն ասաց. «Ես եկող տարի նոյն այս օրերին կը գամ քեզ մօտ եւ քո կին Սառան որդի կ՚ունենայ»: Սառան ականջ էր դնում վրանի դռանը՝ նրա ետեւում կանգնած: 11Աբրահամն ու Սառան ծերացել էին, նրանց տարիքն առաջացել էր, եւ Սառան կորցրել էր ծննդաբերելու յատկութիւնը: 12Ծիծաղեց Սառան իր մտքում եւ ասաց. «Այն, ինչ մինչեւ այժմ չկարողացայ անել, հիմա՞ պիտի կարողանամ: Իսկ իմ ամուսինն էլ ծերացել է»: 13Տէրն ասաց Աբրահամին. «Այդ ինչո՞ւ է ծիծաղում Սառան իր մտքում եւ ասում, թէ՝ «Իրօ՞ք կը ծնեմ, չէ՞ որ ես պառաւել եմ»: 14Մի՞թէ Աստծու համար անկարելի բան կայ: Եկող տարի այս ժամանակ՝ այս օրերին ես կը վերադառնամ քեզ մօտ, եւ Սառան որդի կ՚ունենայ»: 15Ժխտեց Սառան՝ ասելով. «Ես չծիծաղեցի»: Նա վախեցել էր: Տէրը ասաց. «Ո՛չ, այդպէս չէ, ծիծաղեցիր»: 16Նրանք այդտեղից վեր կենալով ճանապարհ ընկան դէպի Սոդոմացւոց ու Գոմորացւոց երկիրը, իսկ Աբրահամը գնաց նրանց ճանապարհելու: 17Տէրն ասաց. «Մի՞թէ ես իմ ծառայ Աբրահամից գաղտնի պիտի պահեմ այն, ինչ անելու եմ: 18Աբրահամը, հաստատապէս, մեծ եւ բազմանդամ ազգի նախահայր է լինելու, եւ նրա միջոցով պիտի օրհնուեն երկրի բոլոր ազգերը. 19որովհետեւ ես գիտէի, որ նա իր որդիներին ու իր յետնորդներին կը պատուիրի, որ նրանք Տիրոջ ճանապարհով ընթանան՝ պահպանելով արդարութիւնն ու իրաւունքը: Տէր Աստուած կը կատարի այն ամէնը, ինչ խոստացել է Աբրահամին»: 20Այնուհետեւ Տէրն ասաց. «Սոդոմացիների ու գոմորացիների աղաղակը ահագնացել, հասել է ինձ. նրանց մեղքերը խիստ շատացել են: 21Արդ, իջնեմ տեսնեմ, թէ ինձ. հասած նրանց աղաղակը համապատասխանո՞ւմ է նրանց կատարածին, թէ՞ ոչ: Այդ եմ ուզում գիտենալ»: 22Այնտեղից շրջուելով՝ այդ մարդիկ եկան Սոդոմ: Աբրահամը կանգնած էր Տիրոջ դիմաց: 23Աբրահամը մօտեցաւ Տիրոջն ու ասաց. «Մի՞թէ դու արդարին ամբարշտի հետ կ՚ոչնչացնես, եւ արդարը նոյն բանին կ՚ենթարկուի, ինչ որ ամբարիշտը: 24Եթէ քաղաքում յիսուն արդար լինի, կ՚ոչնչացնե՞ս նրանց, չե՞ս խնայի ամբողջ քաղաքը յանուն այնտեղ գտնուող յիսուն արդարների: 25Քա՛ւ լիցի, չանես այդ բանը՝ արդարին սպանես ամբարշտի հետ, եւ արդարը ենթարկուի նոյն բանին, ինչ որ ամբարիշտը: Ո՛չ, դու, որ դատում ես ամբողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի»: 26Տէրն ասաց. «Եթէ Սոդոմում՝ այդ քաղաքում գտնուի յիսուն արդար, յանուն նրանց ես կը խնայեմ ամբողջ քաղաքը»: 27Պատասխան տուեց Աբրահամն ու ասաց. «Հիմա համարձակւում եմ խօսել Տիրոջ հետ, թէեւ ես հող եմ ու մոխիր: 28Իսկ եթէ յիսուն արդարները պակասեն հինգ հոգով, այդ հնգի պատճառով դարձեա՞լ կը կործանես ողջ քաղաքը»: Տէրն ասաց. «Չեմ կործանի, եթէ այնտեղ գտնուի քառասունհինգ արդար»: 29Աբրահամը շարունակեց խօսել նրա հետ ու ասաց. «Իսկ եթէ այնտեղ գտնուի քառասո՞ւն»: Նա ասաց. «Չեմ կործանի յանուն այդ քառասունի»: 30Աբրահամն ասաց. «Տէ՛ր, ինձ որեւէ բան կը պատահի՞, եթէ շարունակեմ խօսել. իսկ եթէ այնտեղ գտնուի երեսո՞ւն»: Տէրը պատասխանեց. «Չեմ կործանի, եթէ այնտեղ գտնուի երեսուն»: 31Աբրահամն ասաց. «Քանի սկսել եմ խօսել Տիրոջ հետ, ասեմ. իսկ եթէ այնտեղ գտնուի քսա՞ն»: Տէրը պատասխանեց. «Չեմ կործանի յանուն այդ քսանի»: 32Աբրահամն ասաց. «Տէ՛ր, ինձ որեւէ բան կը պատահի՞, եթէ դարձեալ խօսեմ. իսկ եթէ այնտեղ գտնուի տա՞սը»: Տէրը պատասխանեց. «Չեմ կործանի յանուն տասի»: 33Եւ Տէրը, վերջացնելով Աբրահամի հետ խօսակցութիւնը, գնաց, իսկ Աբրահամը վերադարձաւ իր բնակատեղին: