1Աբրամի կին Սարան նրան երեխայ չէր պարգեւում: Սարան ունէր մի եգիպտացի աղախին, որի անունն Ագար էր: 2Սարան Քանանացւոց երկրում ասաց Աբրամին. «Քանի որ Տէրն ինձ զրկել է երեխայ ունենալուց, պառկի՛ր իմ աղախնի հետ, որպէսզի նրա միջոցով որդի ունենամ»: Եւ Աբրամն անսաց Սարայի ասածին: 3Սարան՝ Աբրամի կինը, եգիպտացի աղախին Ագարին կնութեան տուեց իր ամուսնուն՝ Աբրամին, Քանանացիների երկրում տասը տարի նրա ապրելուց յետոյ: 4Աբրամը պառկեց Ագարի հետ, եւ սա յղիացաւ: Երբ Ագարը տեսաւ, որ ինքը յղի է, տիրուհին ընկաւ նրա աչքից: 5Այն ժամանակ Սարան ասաց Աբրամին. «Անիրաւ ես դու իմ նկատմամբ. ե՛ս իմ աղախնուն յանձնեցի քո գիրկը. իսկ նա տեսնելով, որ ինքը յղիացել է, արհամարհում է ինձ: Աստուած թող իմ ու քո դատաստանը տեսնի»: 6Աբրամն ասաց Սարային. «Քո աղախինն ահա քո ձեռքում է, վարուի՛ր նրա հետ այնպէս, ինչպէս հաճոյ է քեզ»: Սարան չարչարեց նրան, եւ աղախինը փախաւ նրա մօտից: 7Տիրոջ հրեշտակը նրան գտաւ անապատում, ջրի աղբիւրի մօտ, այն աղբիւրի, որ Սուր տանող ճանապարհի վրայ է: 8Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Ագա՛ր, Սարայի աղախին, որտեղի՞ց ես գալիս, կամ ո՞ւր ես գնում»: Նա պատասխանեց. «Իմ տիրուհի Սարայի մօտից եմ փախչում ես»: 9Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Վերադարձի՛ր քո տիրուհու մօտ եւ հնազա՛նդ եղիր նրան»: 10Տիրոջ հրեշտակն աւելացրեց. «Ես անչափ բազմացնելու եմ քո սերունդը, այնքան, որ հաշուել հնարաւոր չլինի»: 11Տիրոջ հրեշտակը ասաց նաեւ. «Դու արդէն յղի ես, որդի պիտի ունենաս եւ նրա անունը Իսմայէլ պիտի դնես, որովհետեւ Տէրը իմացաւ քո տառապանքները: 12Նա վայրագ մարդ է լինելու: Նա ձեռք է բարձրացնելու բոլորի դէմ, եւ բոլորը ձեռք են բարձրացնելու նրա դէմ: Նա բնակուելու է իր բոլոր եղբայրների դիմաց»: 13Ագարն իր հետ խօսող Տիրոջը դիմելով՝ ասաց. «Դու այն Աստուածն ես, որ ինձ զօրավիգ եղաւ. - քանզի ասաց, - ես իմ առաջ տեսայ նրան, ով երեւացել է ինձ»: 14Այդ իսկ պատճառով ջրհորը կոչուեց Ջրհոր, այսինքն՝ «որի դիմաց տեսայ Աստծուն»: Այն գտնւում է Կադէսի ու Բարադի միջեւ: 15Ագարը Աբրամի համար ծնեց մի որդի, եւ Աբրամը Ագարի՝ իր համար ծնած որդու անունը դրեց Իսմայէլ: 16Աբրամը ութսունվեց տարեկան էր, երբ Ագարը նրա համար ծնեց Իսմայէլին: