1Սենաարի արքայ Ամարփաղի թագաւորութեան ժամանակ Սելլասարի արքայ Արիոքը, Ելամի արքայ Քոդողագոմորը եւ ազգերի արքայ Թարգաղը 2պատերազմեցին սոդոմացիների արքայ Բաղակի, գոմորացիների արքայ Բարսայի, ադամաացիների արքայ Սենայի, սեբոյիմացիների արքայ Սիմոբորի, ինչպէս նաեւ Բաղակի՝ նոյն ինքը Սեգոր թագաւորի դէմ: 3Սրանք բոլորը հաւաքուեցին Աղի ձորում, որ Աղի ծովն է: 4Նրանք տասներկու տարի ենթարկուել էին Քոդողագոմորին եւ տասներեքերորդ տարում ապստամբեցին: 5Տասնչորսերորդ տարում եկան Քոդողագոմորն ու նրա հետ եղած թագաւորները եւ կոտորեցին Աստարոթ Կառնայիմում գտնուող հսկաներին ու նրանց հետ եղած հզօր ցեղերին, ինչպէս նաեւ սոմացիներին՝ նրանց Շաւէ քաղաքում, 6կոտորեցին նաեւ Սէիրի լեռներում բնակուող քոռացիներին եւ հասան մինչեւ անապատում գտնուող Բեւեկնի ձորը: 7Նրանք վերադարձան Դատաստանի աղբիւրը, այսինքն՝ Կադէս, եւ կոտորեցին Ամաղէկի բոլոր իշխաններին ու Ասասանթամարում բնակուող ամորհացիներին: 8Սոդոմացիների արքան, գոմորացիների արքան, ադամաացիների արքան, սեբոյիմացիների արքան ու Բաղակի՝ այսինքն Սեգորի արքան ելան եւ Աղի ձորում ճակատամարտ տուեցին 9Ելամի արքայ Քոդողագոմորի, ազգերի արքայ Թարգաղի, Սենաարի արքայ Ամարփաղի, Սելլասարի արքայ Արիոքի դէմ. չորս թագաւոր՝ հնգի դէմ: 10Աղի ձորում հորեր կային՝ կուպրի հորեր: Սոդոմացիների արքան ու գոմորացիների արքան փախուստի դիմելիս ընկան դրանց մէջ, իսկ մնացածները փախան լերան կողմը: 11Նրանք բռնագրաւեցին սոդոմացիների ու գոմորացիների ողջ աւարն ու բոլոր պաշարները եւ գնացին: 12Նրանք գերեցին նաեւ Սոդոմում բնակուող Ղովտին՝ Աբրամի եղբօրորդուն, բռնագրաւեցին նրա ունեցուածքը եւ գնացին: 13Ճողոպրածներից մէկն եկաւ ու այդ մասին պատմեց միւս կողմում գտնուող Աբրամին: Նա բնակւում էր Աբրամի դաշնակիցներ Եսքողի եղբօր եւ Օնանի եղբօր՝ ամորհացի Մամբրէի կաղնու մօտ: 14Երբ Աբրամն իմացաւ, թէ գերեվարուել է իր եղբօրորդի Ղովտը, հաւաքեց իր երեք հարիւր տասնութ ընդոծիններին, 15ինքն ու իր ծառաները գիշերով հարուածեցին նրանց, քշեցին մինչեւ Քոբաղ, որ Դամասկոսի ձախ կողմում է գտնւում: 16Աբրամը ետ առաւ սոդոմացիների ամբողջ աւարը, ազատեց իր եղբօրորդի Ղովտին, նրա ամբողջ ունեցուածքը, ինչպէս նաեւ կանանց ու ժողովրդին: 17Երբ նա վերադառնում էր Քոդողագոմորին եւ նրա հետ եղած թագաւորներին կոտորելուց, Շաւէի ձորում, այսինքն՝ Թագաւորների դաշտում նրան ընդառաջ գնաց սոդոմացիների արքան: 18Շաղէմի արքայ Մելքիսեդեկը հաց ու գինի հիւրասիրեց նրան, որովհետեւ ինքը բարձրեալ Աստծու քահանան էր: 19Նա օրհնեց Աբրամին՝ ասելով. «Օրհնեալ է Աբրամը բարձրեալ Աստծու կողմից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը: 20Օրհնեալ է բարձրեալն Աստուած, որ քո թշնամիներին մատնեց քո ձեռքը»: Աբրամը նրան տասանորդ տուեց ամէն ինչից: 21Սոդոմացիների արքան, սակայն, ասաց Աբրամին. «Դու ինձ տուր այդ մարդկանց, իսկ աւարը թող մնայ քեզ»: 22Աբրամն ասաց սոդոմացիների արքային. «Երդւում եմ երկինքն ու երկիրը ստեղծած բարձրեալ Աստուծով, 23որ քեզ պատկանող ոչ մի բանից՝ թելից մինչեւ կօշիկի կապն անգամ ես չեմ վերցնի, որպէսզի չասես, թէ՝ «ես հարստացրի Աբրամին», 24բացի ծառաների կերածից: Իսկ ինձ հետ եկած մարդիկ՝ Օնանը, Եսքողն ու Մամբրէն, իրենք թող ստանան իրենց բաժինը»: