1Տէրն ասաց Մովսէսին. «Գնա՛ փարաւոնի մօտ ու նրան ասա՛, որ այսպէս է ասում եբրայեցիների Տէր Աստուածը. «Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտեն ինձ: 2Իսկ եթէ չուզենաս արձակել իմ ժողովրդին եւ դեռ պահես նրան, 3Տիրոջ ձեռքը, ահա, կ՚իջնի դաշտում գտնուող քո անասունների հօտերի՝ ձիերի, էշերի, ուղտերի, արջառների ու ոչխարների վրայ, եւ շատ մեծ կոտորած կը լինի: 4Ես զարմանահրաշ գործեր կ՚անեմ՝ եգիպտացիների հօտերը եւ իսրայէլացիների հօտերը կը զատորոշեմ, եւ ոչ մի իսրայէլացու անասուն չի կորչի»: 5Եւ Աստուած ժամկէտ նշանակեց ու ասաց. «Վաղն իսկ Տէրը կ՚իրագործի այդ բանը երկրի վրայ»: 6Եւ Տէրը յաջորդ օրն իսկ արեց այդ բանը. եգիպտացիների բոլոր անասունները սատկեցին, իսկ իսրայէլացիների ոչ մի անասուն չոչնչացաւ: 7Երբ փարաւոնը տեսաւ, որ իսրայէլացիների ոչ մի անասուն չի ոչնչացել, կարծրացաւ նրա սիրտը, եւ նա ժողովրդին չարձակեց: 8Տէրը Մովսէսին ու Ահարոնին ասաց. «Լիքը ձեռքով հնոցի մոխիր վերցրէ՛ք, Մովսէսը փարաւոնի ու նրա պաշտօնեաների առաջ այն թող շաղ տայ դէպի երկինք: 9Մոխիրը թող թափուի Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ: Խոցեր թող առաջանան մարդկանց ու անասունների վրայ եւ ուռուցքներ՝ Եգիպտացիների ամբողջ երկրի մարդկանց ու անասունների վրայ»: 10Նրանք վերցրին հնոցի մոխիրը, եւ Մովսէսը փարաւոնի առաջ այն շաղ տուեց դէպի երկինք: Մարդկանց ու անասունների վրայ խոցեր եւ ուռուցքներ առաջացան: 11Մոգերը խոցերի պատճառով չէին կարողանում Մովսէսի առաջ կանգնել, որովհետեւ խոցեր առաջացան նաեւ մոգերի ու Եգիպտացիների ամբողջ երկրի մարդկանց վրայ: 12Տէրը կարծրացրեց փարաւոնի սիրտը, եւ, ինչպէս որ ասել էր Տէրը Մովսէսին, փարաւոնը չլսեց նրանց: 13Տէրն ասաց Մովսէսին. «Առաւօտեան վե՛ր կաց, կանգնի՛ր փարաւոնի առաջ ու նրան ասա՛, որ այսպէս է ասում եբրայեցիների Տէր Աստուածը. «Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ, 14այլապէս այս անգամ ամէն տեսակ փորձանքներով պիտի պատուհասեմ նաեւ քեզ, քո պաշտօնեաներին ու քո ժողովրդին, որպէսզի իմանաս, որ ամբողջ աշխարհում ինձ նման ուրիշ մէկը չկայ: 15Որովհետեւ իմ ձեռքը մեկնելով՝ մահացու հարուած պիտի հասցնեմ քեզ ու քո ժողովրդին, եւ դու պիտի վերանաս երկրի երեսից: 16Ես քեզ խնայեցի այն նպատակով, որ քեզ ցոյց տամ իմ զօրութիւնը, եւ իմ անունը յայտնի լինի ողջ երկրում, 17բայց դու դեռեւս ձեռքիդ տակ ես պահում իմ ժողովրդին եւ չարչարում նրան: 18Ես, ահա, վաղն իսկ, հէնց այս ժամին այնպիսի սաստիկ կարկուտ տեղացնեմ, որպիսին դեռեւս չի եղել Եգիպտոսում իր գոյութեան օրուանից մինչեւ այսօր: 19Արդ, շտապի՛ր հաւաքել քո անասունները եւ այն ամէնը, ինչ ունես դաշտում, որովհետեւ դաշտում գտնուող ու դեռեւս տուն չմտած մարդկանց ու անասունների վրայ կարկուտ է թափուելու եւ ոչնչացնելու է նրանց»: 20Փարաւոնի պաշտօնեաներից նա, ով մի անգամ տեսել էր Տիրոջ սարսափը, իր ծառաներին ու անասունները հաւաքեց տան մէջ, 21իսկ ով չանսաց Տիրոջ խօսքերին, դաշտում թողեց իր ծառաներին ու անասունները: 22Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր դէպի երկինք, եւ թող կարկուտ թափուի Եգիպտացիների երկրի վրայ, ինչպէս նաեւ մարդկանց ու անասունների եւ Եգիպտացիների երկրի դաշտերի բոլոր բոյսերի վրայ»: 23Մովսէսը ձեռքը մեկնեց դէպի երկինք, Տէրը որոտ ու կարկուտ ուղարկեց, եւ երկրի վրայ սկսեց կրակ թափուել: Տէրը կարկուտ տեղացրեց Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ: 24Կարկուտ էր տեղում, բայց կարկուտի մէջ բորբոքուած կրակ կար: Կարկուտն այնքան խոշոր էր, որ նմանը չէր եղել Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ ազգի առաջացումից ի վեր: 25Կարկուտը հարուածեց Եգիպտացիների ամբողջ երկիրը, այն ամէնը, ինչ դաշտում էր մնացել՝ մարդուց սկսած մինչեւ անասուն: Կարկուտը հարուած հասցրեց դաշտում եղած ամբողջ բուսականութեանը, ջարդուփշուր արեց դաշտում եղած բոլոր ծառերը: 26Իսրայէլացիների ապրած Գեսեմ երկրում, սակայն, կարկուտ չտեղաց: 27Փարաւոնը մարդ ուղարկելով՝ կանչեց Մովսէսին ու Ահարոնին եւ ասաց նրանց. «Մեղք եմ գործել: Այսուհետեւ Տէրն արդար է, իսկ ես ու իմ ժողովուրդը ամբարիշտներ ենք: 28Ինձ համար աղօթեցէ՛ք Տիրոջը, որ Աստծու որոտը, կարկուտն ու կրակը դադարեն մեզ վրայ թափուելուց: Ես ձեզ կ՚արձակեմ, այլեւս դուք այստեղ չէք մնայ»: 29Մովսէսն ասաց նրան. «Երբ դուրս կը գամ այս քաղաքից, ձեռքս կը մեկնեմ առ Աստուած, եւ ձայները կը դադարեն, կարկուտ ու անձրեւ այլեւս չեն տեղայ, որպէսզի դու համոզուես, որ երկիրը Տիրոջն է պատկանում: 30Բայց գիտեմ, որ դու եւ քո պաշտօնեաները դեռեւս չէք վախենում տէր Աստծուց»: 31Կտաւատն ու գարին կարկտահարուեցին, որովհետեւ գարին հասած էր, կտաւատը՝ սերմնակալած, 32իսկ ցորենն ու հաճարը կարկտահար չեղան, որովհետեւ դեռ չէին հասունացած: 33Մովսէսը փարաւոնի մօտից ելաւ ու գնաց քաղաքից դուրս, ձեռքը մեկնեց Տիրոջը, եւ ձայներն ու կարկուտը դադարեցին, անձրեւ այլեւս չտեղաց երկրի վրայ: 34Երբ փարաւոնը տեսաւ, որ անձրեւը, կարկուտն ու ձայները դադարել են, դարձեալ մեղք գործեց. նա կարծրացրեց իր ու իր պաշտօնեաների սիրտը: 35Կարծրացաւ փարաւոնի սիրտը, եւ նա իսրայէլացիներին չարձակեց, ինչպէս որ յայտնել էր Տէրը Մովսէսի միջոցով: