1Տէրն ասաց Մովսէսին. «Ահա ես քեզ փարաւոնի համար մի աստուած դարձրի, իսկ քո եղբայր Ահարոնը թող լինի քո մարգարէն: 2Դու Ահարոնին կը յայտնես այն ամէնը, ինչ կը պատուիրեմ քեզ, իսկ քո եղբայր Ահարոնը թող դիմի փարաւոնին, որ սա իսրայէլացիներին արձակի իր երկրից: 3Ես կը կարծրացնեմ փարաւոնի սիրտը, բայց եւ կը բազմապատկեմ իմ նշաններն ու զարմանահրաշ գործերը Եգիպտացիների երկրում, 4փարաւոնը ձեզ չի լսի, ես իմ ձեռքը կը դնեմ Եգիպտոսի վրայ եւ իմ զօրութեամբ մեծապէս վրէժխնդիր լինելով՝ Եգիպտացիների երկրից կը հանեմ իմ ժողովրդին՝ իսրայէլացիներին: 5Եւ եգիպտացիները կ՚իմանան, որ ե՛ս եմ Տէրը: Ես իմ ձեռքը կը մեկնեմ դէպի Եգիպտոս եւ իսրայէլացիներին դուրս կը հանեմ նրանց միջից»: 6Մովսէսն ու Ահարոնը արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր պատուիրել իրենց. նրանք այդպէս էլ արեցին: 7Մովսէսն ութսուն տարեկան էր, իսկ Ահարոնը՝ ութսուներեք տարեկան, երբ նրանք խօսեցին փարաւոնի հետ: 8Տէրը, դիմելով Մովսէսին ու Ահարոնին, ասաց. 9«Եթէ փարաւոնը խօսի ձեզ հետ ու ասի՝ «Մեզ նշան կամ զարմանահրաշ գործ ցոյց տուէ՛ք», այն ժամանակ քո եղբայր Ահարոնին կ՚ասես. «Ա՛ռ քո գաւազանը, այն գետին գցի՛ր փարաւոնի ու նրա պաշտօնեաների առաջ, եւ դա վիշապ կը դառնայ»: 10Մովսէսն ու Ահարոնը մտան փարաւոնի մօտ եւ արեցին այնպէս, ինչպէս իրենց պատուիրել էր Տէրը: Ահարոնը գաւազանը գցեց փարաւոնի ու նրա պաշտօնեաների առաջ, եւ դա վիշապ դարձաւ: 11Փարաւոնը կանչեց եգիպտացի իմաստուններին ու կախարդներին: Եգիպտացի մոգերը նոյնն արեցին իրենց կախարդութեամբ: 12Իւրաքանչիւրն իր գաւազանը գցեց գետին, եւ դրանք վիշապներ դարձան, բայց Ահարոնի գաւազանը կուլ տուեց նրանց գաւազանները: 13Կարծրացաւ փարաւոնի սիրտը, եւ նա չլսեց նրանց, ինչպէս որ ասել էր Տէրը: 14Տէրն ասաց Մովսէսին. «Փարաւոնի սիրտը կարծրացել է. նա որոշել է չարձակել ժողովրդին: 15Առաւօտեան գնա՛ փարաւոնի մօտ: Երբ նա դէպի գետը կը գնայ, կանգնի՛ր գետի եզերքին, նրա դիմաց, եւ քո ձեռքն ա՛ռ այն գաւազանը, որ օձ դարձաւ: 16Դու նրան կ՚ասես. «Եբրայեցիների Տէր Աստուածն է ուղարկել ինձ քեզ մօտ՝ ասելով. «Արձակի՛ր իմ ժողովրդին, որ նա պաշտի ինձ անապատում: Մինչեւ հիմա ինձ չլսեցիր»: 17Տէրն այսպէս է ասում. «Սրանով կ՚իմանաս, որ ե՛ս եմ Տէրը. ահա ես իմ ձեռքի գաւազանով կը հարուածեմ գետի ջրին, եւ այն կը վերածուի արեան: 18Գետի մէջ եղած ձկները կը սատկեն, գետը կը նեխի, եւ եգիպտացիները չեն կարողանայ գետից ջուր խմել»: 19Տէրն ասաց Մովսէսին. «Ահարոնին ասա՛, որ առնի գաւազանը եւ ձեռքը մեկնի Եգիպտոսի ջրերի վրայ՝ նրանց գետերի վրայ, նրանց լճերի վրայ, նրանց ջրաւազանների վրայ, նրանց ջրակոյտերի վրայ, եւ ջուրը կը վերածուի արեան: Արեան պիտի վերածուի ողջ Եգիպտացիների երկրում գտնուող անգամ փայտէ ու քարէ ամանն»րի մէջ »ղած ջուրը»: 20Մովսէսն ու Ահարոնը արեցին այնպէս, ինչպէս որ իրենց պատուիրել էր Տէրը. փարաւոնի ու նրա պաշտօնեաների առաջ Ահարոնը վեր բարձրացնելով իր գաւազանը՝ հարուածեց գետի ջրին եւ գետի բոլոր ջրերը վերածեց արեան: 21Գետում եղած ձկները սատկեցին, գետը նեխեց, եւ եգիպտացիները չէին կարողանում գետից ջուր խմել: Եգիպտացիների ամբողջ երկրում արիւն էր: 22Իրենց կախարդութեամբ նոյնն արեցին նաեւ եգիպտացի մոգերը: Կարծրացաւ փարաւոնի սիրտը, եւ, ինչպէս որ ասել էր Տէրը, նա չլսեց նրանց: 23Փարաւոնը վերադարձաւ, մտաւ իր պալատը: Այս դէպքը չէր ազդել նրա վրայ: 24Բոլոր եգիպտացիները հորեր փորեցին գետի շուրջը, որպէսզի խմելու ջուր ունենան, որովհետեւ գետից չէին կարողանում ջուր խմել: 25Եօթը օր էր անցել, որ Տէրը հարուած էր հասցրել գետին: