1Զոհասեղանը պղնձապատեց այն բուրվառների պղնձով, որոնք Կորխի ժողովրդի հետ ապստամբած մարդկանց ձեռքին էին: Կարծր փայտից պատրաստեց այն: Զոհասեղանը քառակուսի էր. հինգ կանգուն էր դրա երկարութիւնը, հինգ կանգուն՝ լայնութիւնը, իսկ երեք կանգուն՝ բարձրութիւնը: 2Զոհասեղանի չորս կողմը պատրաստեց եղջիւրաւոր անկիւններ, որոնք զոհասեղանի հետ միաձոյլ էին: Նա դրանք պատեց պղնձով: 3Նա պատրաստեց զոհասեղանի ամբողջ սպասքը՝ խարիսխները, կափարիչը, տաշտերը, մեծ պատառաքաղներն ու բուրվառները: Դրա ամբողջ սպասքը պատրաստեց պղնձից: 4Նա բուրվառներից պատրաստեց զոհասեղանի ցանցաւոր կասկարաները, որոնք շրջանակի տակից հասնում էին մինչեւ զոհասեղանի մէջտեղը: 5Զոհասեղանի կասկարայի չորս կողմերին ամրացրեց պղնձէ չորս օղակներ, որպէսզի լծակներն անցկացնեն այդ օղակների մէջ: 6Լծակները շինեց կարծր փայտից եւ դրանք պատեց պղնձով: 7Լծակներն անցկացրին զոհասեղանի կողքերին գտնուող օղակների մէջ, որպէսզի զոհասեղանը դրանցով բարձրացնեն: Այն ամբողջովին պատրաստուած էր տախտակներով: 8Պղնձէ աւազանն ու դրա պղնձէ պատուանդանը պատրաստեց ուխտաւոր այն կանանց հայելիների պղնձից, որոնք վրանը խփած օրը վկայութեան խորանի դռան մօտ էին հաւաքուել: 9Կառուցեց մի բակ, որ դէպի հարաւ էր նայում: Բակի առագաստները նրբահիւս բեհեզից էին՝ հարիւր կանգուն երկարութեամբ: 10Դրանց սիւները քսան հատ էին, դրանց պղնձէ խարիսխները՝ քսան հատ: Սիւների խարիսխներն ու խոյակները արծաթից էին: 11Հիւսիսային կողմի առագաստն ունէր հարիւր կանգուն երկարութիւն: Դրա սիւները քսան հատ էին, պղնձէ խարիսխները՝ քսան հատ: Սիւների խարիսխներն ու խոյակները արծաթից էին: 12Ծովահայեաց բակի առագաստները յիսուն կանգուն էին: Դրանց սիւները տասը հատ էին, խարիսխները՝ տասը հատ: Սիւների խարիսխներն ու խոյակները արծաթից էին: 13Արեւելեան կողմի բակի առագաստը յիսուն կանգուն էր, 14յետեւի կողմի բակի առագաստները տասնհինգ կանգուն էին: Դրանց սիւները երեք հատ էին, խարիսխները՝ երեք հատ: 15Բակի դռան միւս կողմի առագաստները տասնհինգ կանգուն էին: Դրանց սիւները երեք հատ էին, խարիսխները՝ երեք հատ: 16Խորանի չորս կողմերի բոլոր առագաստները նրբահիւս բեհեզից էին: 17Սիւների խարիսխները պղնձից էին, սիւների դրուագներն ու դրանց գալարազարդերը՝ արծաթից, դրանց խոյակները՝ արծաթապատ, բակի բոլոր սիւները՝ արծաթապատ: 18Բակի դռան վարագոյրները կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից էին եւ նրբահիւս բեհեզով զարդարուած: Քսան կանգուն էր դրանց երկարութիւնը, տասնհինգ կանգուն՝ բարձրութիւնը: Դրանց լայնութիւնը հաւասար էր բակի առագաստների լայնութեանը: 19Դրանց մոյթերը չորս հատ էին, դրանց պղնձէ խարիսխները՝ չորս հատ: Դրանց գալարազարդերը արծաթից էին, իսկ դրանց խոյակները՝ արծաթապատ: 20Բակի ու խորանի չորս կողմերի բոլոր ցցերը պղնձից էին: 21Ահա վկայութեան խորանի կառուցման պայմանը. կառուցել այնպէս, ինչպէս Աստուած հրամայել էր Մովսէսին, որպէսզի ղեւտացիները Ահարոն քահանայի որդի Իթամարի միջոցով այնտեղ պաշտամունք կատարեն: 22Յուդայի ցեղից Բեսելիէլը՝ Ուրիի որդին, որը որդին էր Ովրի, արեց այնպէս, ինչպէս Տէրը հրամայել էր Մովսէսին: 23Բեսելիէլին օգնում էր Դանի ցեղից Աքիսամի որդի Եղիաբը, որը կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւ եւ նրբահիւս բեհեզ գործածելով՝ կատարում էր ոստայնանկութեանը, ասեղնագործութեանն ու նկարչութեանը վերաբերող աշխատանքներ: 24Սրբարանի բոլոր գործերի համար օգտագործուած ոսկու կշիռը, որը գոյացած էր նուէրներից, եղաւ քսանինը տաղանդ եւ եօթը հարիւր երեսուն սիկղ՝ ըստ սրբարանի սիկղի: 25Մարդկանցից հաւաքուած արծաթէ նուէրները կշռում էին հարիւր տաղանդ եւ հազար եօթը հարիւր եօթանասունհինգ սիկղ՝ ըստ սրբարանի սիկղի. մարդագլուխ մի դրամ՝ սրբարանի սիկղի հետ համեմատած կէս սիկղ: Քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող մարդիկ, ովքեր անցնում էին մարդահամարից, վ»ց հարիւր »ր»ք հազար հինգ հարիւր յիսուն հոգի էին: 26Հարիւր տաղանդ արծաթ ձուլուեց խորանի հարիւր խոյակների եւ վարագոյրի խոյակների համար. 27հարիւր տաղանդ հարիւր խոյակի համար, մէկ տաղանդ ամէն մի խոյակի համար: 28Հազար եօթը հարիւր եօթանասունհինգ սիկղը գործածուեց մոյթերի գալարազարդերի համար, ոսկով պատուեցին դրանց խոյակները եւ զարդարուեցին: 29Նուիրուած պղինձը եօթանասուն տաղանդ եւ երկու հազար չորս հարիւր սիկղ էր: 30Դրանով պատրաստուեցին վկայութեան խորանի դռան խարիսխները, պղնձէ զոհասեղանը, պղնձէ զոհասեղանի կասկարան, զոհասեղանի ամբողջ սպասքը, բակի չորս կողմերի խարիսխները, բակի դռան խարիսխները, 31խորանի բոլոր ցցերը, բակի չորս կողմի բոլոր ցցերը, եւ կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից ու նրբահիւս բեհեզից հիւսուած պարանների ծայրերի օղերը: