1Բեսելիէլը, Եղիաբն ու ընդունակ բոլոր տղամարդիկ, որոնց Տէրը գործի մէջ խելամուտ լինելու համար իմաստութիւն եւ գիտութիւն էր պարգեւել, ըստ ամենայնի կատարեցին սրբարանը հանդերձաւորելու աշխատանքները այնպէս, ինչպէս հրամայել էր Տէրը: 2Մովսէսը կանչեց Բեսելիէլին, Եղիաբին ու բոլոր նրանց, ովքեր ընդունակ էին գործ անելու, եւ որոնց Աստուած իմաստութեան ոգի էր պարգեւել, բոլորին, ովքեր յօժար կամքով ուզում էին ձեռնարկել ու աւարտել այդ գործը: 3Նրանք Մովսէսից ստացան այն բոլոր նուէրները, որ իսրայէլացիները բերել էին սրբարանը հանդերձաւորելու համար: Ամէն առաւօտ նրանք ընդունում էին նաեւ նուիրատուների բերած նուէրները: 4Գալիս էին սրբարանի գործերը կատարող բոլոր վարպետները, որպէսզի իւրաքանչիւրն ըստ իր մասնագիտութեան գործադրի իր վարպետութիւնը: 5Նրանք խօսեցին Մովսէսի հետ ու ասացին. «Ժողովուրդը շատ աւելին է բերում, քան անհրաժեշտ է Աստծու հրամայած գործը կատարելու համար»: 6Մովսէսը կարգադրեց բանակատեղիում յայտարարութիւն անել եւ ասել. «Տղամարդ լինի թէ կին, սրբարանի համար այլեւս նուէրներ չպատրաստի»: Դրանից յետոյ ժողովրդին արգելեցին նուէրներ բերել: 7Բերում էին միայն իրենց արդէն իսկ գործածները, որպէսզի աւարտեն բոլոր գործերը: Եւ մարդիկ դադարեցին բերելուց: 8Գործի ընդունակ բոլոր մարդիկ արհեստաւորների հետ նրբահիւս բեհեզից, կապոյտ, ծիրանի ու կրկնակի կարմիր կտաւից պատրաստեցին տասշերտանի խորանը, այն զարդարեցին ասեղնագործ քերովբէներով: 9Մէկ շերտի երկարութիւնը քսանութ կանգուն էր, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն: Բոլոր շերտերի չափսը նոյնն էր: 10Հինգ շերտերը միացուած էին միւս հինգ շերտերին, իսկ միւս հինգ շերտերն էլ միացուած էին միւս հնգին: 11Նա կապոյտ ճարմանդներ դրեց մի շերտի եզրին՝ միացման տեղում: 12Նոյնն արեց միացուող երկրորդ շերտի արտաքին կցուածքի վրայ: 13Յիսուն ճարմանդ դրեց մի շերտի եւ յիսուն ճարմանդ էլ դրեց երկրորդ կցուածքի շերտի կողմից, որպէսզի ճարմանդներից իւրաքանչիւրը միանայ միւսին: Պատրաստեց ոսկէ յիսուն օղակներ եւ դրանցով շերտերը միացրեց միմեանց: Ստացուեց մի խորան: 14Խորանի համար այծի մազից հիւսուած ծածկեր պատրաստեց. տասնմէկ շերտից շինեց դրանք: 15Մէկ շերտի երկարութիւնը երեսուն կանգուն էր, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն: Տասնմէկ շերտերի չափսը նոյնն էր: 16Հինգ շերտերը միացրեց առանձին, եւ վեց շերտերն էլ՝ առանձին: 17Միացման տեղում, շերտերի եզրին դրեց յիսուն ճարմանդ եւ յիսուն ճարմանդ էլ դրեց երկրորդ կցուածքի շերտի եզրին: 18Պատրաստեց յիսուն պղնձէ օղակներ, եւ դրանք իրար կցեց, որ վրանը միակտուր դառնայ: 19Խորանի ծածկը պատրաստեց խոյերի կարմիր ներկուած մորթիներից, իսկ կապոյտ մորթուց պատրաստուած ծածկը դրեց վերին կողմից: 20Խորանի երկու մոյթերը պատրաստեց կարծր փայտից եւ դրեց ուղղահայեաց դիրքով: 21Մէկ մոյթի երկարութիւնը տասը կանգուն էր, իսկ հաստութիւնն ու լայնութիւնը՝ մէկուկէս կանգուն: 22Ամէն մի մոյթի վրայ դրեց իրար ագուցուած երկու ծղնի: Այդպէս պատրաստեց նաեւ խորանի բոլոր մոյթերը: 23Խորանի համար մոյթեր պատրաստեց. քսան մոյթ դրեց հարաւային կողմում եւ այդ քսան մոյթերի համար պատրաստեց քառասուն խարիսխ. 24մէկ մոյթի երկու կողմերի համար՝ երկու խարիսխ եւ միւս մոյթի երկու կողմերի համար էլ՝ երկու խարիսխ: 25Վրանի երկրորդ՝ հիւսիսային կողմի համար պատրաստեց քսան մոյթ 26եւ արծաթէ քառասուն խարիսխ. մէկ մոյթի համար՝ երկու խարիսխ, եւ միւս մոյթի համար էլ՝ երկու խարիսխ: 27Վրանի յետեւի՝ ծովահայեաց կողմում դրեց վեց մոյթ 28եւ երկու մոյթ էլ դրեց վրանի անկիւններին՝ յետեւի կողմից: 29Ներքեւի կողմից նրանք իրար հաւասար էին: Նոյն ձեւով հաւասար էին գլխի՝ իրար միացուած կողմից: Նոյն ձեւով շինեց նաեւ երկու անկիւնների մոյթերը: 30Այսպիսով ստացուեց ութ մոյթ: Դրանց խարիսխներն արծաթից էին, ընդամէնը տասնվեց խարիսխ. մէկ մոյթի համար՝ երկու խարիսխ, եւ երկու խարիսխ էլ՝ միւս մոյթի համար: 31Կարծր փայտից նիգեր պատրաստեց. հինգ նիգ՝ վրանի մի կողմի մի մոյթի համար, 32հինգ նիգ՝ վրանի երկրորդ կողմի միւս մոյթի համար, եւ հինգ նիգ՝ վրանի թիկունքի՝ ծովահայեաց կողմի մոյթի համար: 33Մէջտեղի նիգը մոյթերի մի ծայրից մինչեւ միւսն անցկացնելով՝ միացրեց իրար: 34Երկու մոյթերը պատեց ոսկով: Ոսկուց պատրաստեց նրանց երկու օղակները, որոնց մէջ մտնում էին նիգերը: Նիգերը պատեց ոսկով: 35Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից վարագոյր պատրաստեց: Այն զարդարեց ասեղնագործուած քերովբէով 36եւ ամրացրեց կարծր փայտից շինուած չորս մոյթերի վրայ: Դրանց խոյակները ոսկուց էին, իսկ չորս խարիսխները՝ արծաթից: 37Վկայութեան խորանի դռան առագաստը պատրաստեց կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից՝ վրան ասեղնագործուած քերովբէ: 38Շինեց խորանի հինգ մոյթերն ու դրանց օղակները, դրանց խոյակները պատեց ոսկով: Դրանց պղնձէ խարիսխները հինգն էին: