1Տէրն ասաց Մովսէսին. «Ելէ՛ք այստեղից դու եւ քո ժողովուրդը, որին դուրս բերեցիր Եգիպտացիների երկրից, եւ գնացէ՛ք այն երկիրը, որ երդուել եմ տալ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին՝ ասելով՝. «Ձեր սերնդին եմ տալու այն»: 2Ես քո առաջից կ՚ուղարկեմ իմ հրեշտակին, որ հալածի քանանացիներին, ամորհացիներին, քետացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, խեւացիներին ու յեբուսացիներին, 3քեզ կը տանեմ այն երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում: Բայց ես, կամակո՛ր ժողովուրդ, քեզ հետ դուրս չպիտի ելնեմ, որպէսզի ճանապարհին քեզ չկոտորեմ»: 4Ժողովուրդը, լսելով այդ խիստ խօսքերը, մեծ սուգ արեց, սգաւորի զգեստներ հագաւ, ոչ ոք իր վրայ զարդ չկրեց: 5Տէրն ասաց Մովսէսին. «Դու իսրայէլացիներին ասա՛. «Դուք կամակոր ժողովուրդ էք: Զգո՛յշ եղէք, թէ չէ մի այլ պատուհաս էլ կը բերեմ ձեր գլխին եւ կը կոտորեմ ձեզ: Արդ, հանեցէ՛ք ձեր շքեղ պատմուճանները, ձեր զարդերը, որպէսզի ցոյց տամ ձեզ, թէ ինչ եմ անելու ձեզ»: 6Իսրայէլացիները Քորեբ լերան մօտ հանեցին իրենց զարդերն ու պատմուճանները: 7Մովսէսն իր վրանը խփեց բանակատեղիից դուրս՝ առանձին մի տեղում: Դա կոչուեց Վկայութեան վրան: Ով ինչ հայցում էր Տիրոջից, գալիս էր բանակատեղիից դուրս գտնուող Վկայութեան վրանը: 8Երբ Մովսէսը դէպի վրանն էր գնում, ողջ ժողովուրդը՝ ամէն մէկն իր վրանի դռան մօտ կանգնած, ուշադիր դիտում էր նրան. նրանք հայեացքով հետեւում էին Մովսէսին, մինչեւ որ նա գնում մտնում էր իր վրանը: 9Երբ Մովսէսը մտնում էր վրանը, ամպի մի սիւն էր իջնում ու կանգնում վրանի դռան մօտ, եւ Տէրը խօսում էր Մովսէսի հետ: 10Ողջ ժողովուրդը, տեսնելով վրանի դռան մօտ կանգնած ամպի սիւնը, ոտքի էր կանգնում, իւրաքանչիւրը երկրպագում էր իր վրանի դռան մօտ: 11Տէրը Մովսէսի հետ խօսում էր դէմ յանդիման, ինչպէս մէկը կը խօսէր իր բարեկամի հետ, եւ ապա Մովսէսը վերադառնում էր բանակատեղի: Բայց նրա սպասաւոր Յեսուն՝ Նաւէի որդին, վրանից դուրս չէր գալիս: 12Մովսէսն ասաց Տիրոջը. «Ահա ինձ ասում ես. «Տա՛ր այս ժողովրդին», բայց դու չես յայտնել, թէ ում ես ուղարկելու ինձ հետ: Դու ինձ ասացիր՝ «Քեզ բոլորից բարձր եմ դասում, դու վայելում ես իմ շնորհը»: 13Արդ, եթէ քո շնորհին եմ արժանացել ես, ինձ յայտնապէս երեւայ, որպէսզի իմանամ, թէ ինչով եմ արժանացել քո շնորհին, իմանամ, որ քո այս ժողովուրդը մեծ ազգ է լինելու»: 14Տէրն ասաց. «Ես ինքս պիտի գնամ քո առաջից ու պիտի տեղաւորեմ քեզ»: 15Մովսէսն ասաց նրան. «Եթէ դու ինքդ մեզ հետ չգնաս, ուրեմն ինձ այստեղից մի՛ հանիր: 16Եւ ինչի՞ց պիտի իմացուի, թէ ես ու քո ժողովուրդն, իրօք, քո շնորհին ենք արժանացել: Եթէ դու մեզ հետ գնաս, ես ու քո ժողովուրդը կը փառաւորուենք շատ աւելի, քան երկրի վրայ եղած բոլոր ազգերը»: 17Տէրն ասաց Մովսէսին. «Այդ քո ասածն էլ կը կատարեմ, որովհետեւ դու իմ շնորհին ես արժանացել, եւ քեզ աւելի եմ ճանաչում, քան մնացած բոլորին»: 18Մովսէսն ասաց. «Ցո՛յց տուր ինձ քո փառքը»: 19Տէրն ասաց. «Ես իմ փառքով կ՚անցնեմ քո առաջից, քո առաջ կը կոչեմ իմ անունը՝ Տէր, կ՚ողորմեմ նրան, ում ողորմելու եմ, եւ կը գթամ նրան, ում գթալու եմ»: 20Եւ Տէրն աւելացրեց. «Դու չես կարող տեսնել իմ երեսը, որովհետեւ մարդ չի կարող տեսնել իմ երեսն ու կենդանի մնալ»: 21Տէրը շարունակեց. «Ահա իմ առաջ մի տեղ կայ, կանգնի՛ր այս ժայռի վրայ: 22Երբ ես անցնեմ իմ փառքով, քեզ կը դնեմ ժայռի ծերպի մէջ եւ իմ ձեռքով կը ծածկեմ քեզ, մինչեւ որ անցնեմ: 23Իմ ձեռքը քո վրայից կը վերցնեմ, եւ ապա դու ինձ կը տեսնես թիկունքից: Բայց իմ դէմքը քեզ չի երեւայ»: