1Ժողովուրդը տեսնելով, որ Մովսէսն ուշացաւ լեռից իջնելու, հաւաքուեց Ահարոնի մօտ ու ասաց նրան. «Դե՛հ, մեզ առաջնորդող աստուածներ ստեղծի՛ր, որովհետեւ չգիտենք, թէ ինչ եղաւ այն մարդը՝ Մովսէսը, որ մեզ Եգիպտոսից դուրս բերեց»: 2Ահարոնն ասաց նրանց. «Ձեր կանանց, ձեր տղաների ու աղջիկների ականջներից հանեցէ՛ք ոսկէ գինդերը եւ բերէ՛ք ինձ»: 3Բոլորը իրենց ականջներից հանեցին ոսկէ գինդերը եւ բերեցին տուեցին Ահարոնին: 4Ահարոնը դրանք առնելով նրանցից՝ կաղապարի մէջ ձուլեց եւ կերտեց ձուլածոյ մի հորթ: Նրանք ասացին. «Սա՛ է քո աստուածը, Իսրայէ՛լ, որ քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից»: 5Երբ Ահարոնն այդ տեսաւ, կուռքի առաջ զոհասեղան շինեց: Ահարոնը յայտարարեց. «Վաղը Տիրոջ տօնն է»: 6Առաւօտեան վեր կենալով՝ նա ողջակէզներ արեց եւ փրկութեան զոհեր մատուցեց: Ժողովուրդը նստեց, որ կերուխում անի, ապա վեր կացաւ, որ պարի: 7Տէրը Մովսէսին ասաց. «Շո՛ւտ արա, գնա իջի՛ր այստեղից, որովհետեւ անօրինութիւն է կատարում քո ժողովուրդը, որին դուրս բերեցիր Եգիպտացիների երկրից: 8Նրանք շատ շուտ շեղուեցին այն ճանապարհից, որ ցոյց տուեցիր նրանց: Նրանք ձուլածոյ հորթ են կերտել, երկրպագում են նրան, զոհեր մատուցում ու ասում. «Սա՛ է քո աստուածը, Իսրայէ՛լ, որ քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից»: 9Տէրն ասաց Մովսէսին. «Ես տեսնում եմ, որ այս ժողովուրդը կամակոր է: 10Արդ, թո՛յլ տուր ինձ, որ նրանց վրայ թափեմ իմ զայրոյթը՝ կոտորեմ նրանց, իսկ քեզ մեծ ազգ դարձնեմ»: 11Մովսէսն աղաչեց իր տէր Աստծուն՝ ասելով. «Տէ՛ր, ինչո՞ւ ես այդպէս խիստ զայրանում քո ժողովրդի վրայ, որին քո մեծ զօրութեամբ ու հզօր բազկով դուրս բերեցիր Եգիպտացիների երկրից: 12Այնպէս չլինի, որ եգիպտացիներն ասեն. «Չար մտադրութեամբ դուրս բերեց նրանց, որպէսզի լեռների վրայ կոտորի, երկրի երեսից վերացնի նրանց»: Մեղմացրո՛ւ քո զայրոյթը, հրաժարուի՛ր քո ժողովրդին չարիք պատճառելուց: 13Յիշի՛ր քո ծառաներ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին, որոնց անձովդ երդուեցիր, խօսեցիր նրանց հետ՝ ասելով. «Երկնքի աստղերի չափ պիտի բազմացնեմ ձեր սերունդը»: Եւ այն երկիրը, որ խոստացար տալ նրանց զաւակներին, նրանք յաւիտեան պիտի տիրանան դրան»: 14Եւ Տէրը հրաժարուեց պատճառել այն չարիքները, որոնցով սպառնում էր պատժել ժողովրդին: 15Մովսէսը վերադարձաւ եւ իջաւ լեռից: Նրա ձեռքին էին վկայութեան երկու տախտակները: Քարէ տախտակների երկու երեսին՝ այս ու այն կողմից գրուած էր: 16Տախտակներն Աստծու գործն էին, իսկ տախտակների վրայ գրուած գիրը Աստծու արձանագրած գիրն էր: 17Յեսուն, լսելով աղաղակող ժողովրդի ձայնը, Մովսէսին ասաց. «Բանակատեղիից պատերազմի ձայն է գալիս»: 18Մովսէսն ասաց. «Դա ո՛չ յաղթանակած կտրիճների ճիչ է, ո՛չ էլ պարտուած զօրքի աղաղակ: Գինուց ընդարմացած մարդկանց ձայնն է, որ լսում եմ ես»: 19Երբ Մովսէսը մօտեցաւ բանակատեղիին եւ տեսաւ հորթն ու պարողներին, խիստ զայրացաւ, նետեց ձեռքում եղած երկու տախտակներն ու ջարդուփշուր արեց դրանք լերան ստորոտին: 20Վերցնելով նրանց կերտած հորթը՝ Մովսէսը կրակը նետեց այն, ապա մանրեց, փոշու վերածեց, փոշին խառնեց ջրի մէջ ու տուեց ժողովրդին, որ խմի: 21Մովսէսն ասաց Ահարոնին. «Ի՞նչ է արել քեզ այս ժողովուրդը, որ նրան այդպիսի մեծ մեղքերի մղեցիր»: 22Ահարոնն ասաց Մովսէսին. «Մի՛ զայրացիր, տէ՛ր իմ, որովհետեւ դու ինքդ էլ գիտես, որ քո ժողովուրդը չարամէտ է: 23Նրանք ասացին. «Մեզ համար առաջնորդող աստուածներ ստեղծիր, որովհետեւ չգիտենք, թէ ինչ պատահեց այն մարդուն՝ Մովսէսին, որը Եգիպտոսից դուրս բերեց մեզ»: 24Ես նրանց ասացի. «Եթէ որեւէ մէկը ոսկի ունի, նրանից հանեցէ՛ք դա եւ բերէ՛ք»: Նրանք ինձ տուեցին ոսկին, ես այն նետեցի կրակը, եւ ահա ստացուեց այս հորթը»: 25Մովսէսը տեսաւ, որ ժողովուրդը պատուիրանազանց է եղել, որովհետեւ Ահարոնը նրանց յանցագործութեան էր մղել ի չարախնդութիւն իրենց թշնամիների: 26Մովսէսը, կանգնելով բանակատեղիի մուտքի մօտ, ասաց. «Ով Տիրոջն է պատկանում, ինձ մօտենայ»: Նրա շուրջը հաւաքուեցին Ղեւիի բոլոր որդիները: 27Մովսէսը նրանց ասաց. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Իւրաքանչիւրը իր սուրը թող կապի իր ազդրին: Բանակատեղիի մի մուտքից միւսը գնացէք-եկէք, եւ ձեզնից իւրաքանչիւրը թող սպանի իր եղբօրը, իւրաքանչիւրը՝ իր ընկերոջը, իւրաքանչիւրը՝ իր մերձաւորին»: 28Ղեւիի որդիներն արեցին այնպէս, ինչպէս ասել էր Մովսէսը: Այդ օրը ժողովրդի միջից շուրջ երեք հազար մարդ կոտորուեց: 29Մովսէսն ասաց նրանց. «Այսօր իւրաքանչիւրդ ձեր ձեռքով ծառայեցիք Տիրոջը. մէկն սպանեց իր որդուն, միւսն՝ իր եղբօրը, որի համար այսօր ձեզ վրայ կ՚իջնի Տիրոջ օրհնութիւնը»: 30Յաջորդ օրը Մովսէսն ասաց ժողովրդին. «Դուք մեծ մեղք էք գործել, բայց ես հիմա կը բարձրանամ Աստծու մօտ, որպէսզի ձեր մեղքերի համար քաւութիւն խնդրեմ նրանից»: 31Մովսէսը վերադարձաւ Տիրոջ մօտ ու ասաց նրան. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, այդ ժողովուրդը մեծ մեղք է գործել, որովհետեւ իր համար ոսկէ աստուածներ է կերտել: Արդ, եթէ ներելու ես իրենց մեղքերը, ների՛ր, 32իսկ եթէ չես ներելու, ուրեմն իմ անունը ջնջի՛ր քո մատեանից, ուր գրել ես ինձ»: 33Տէրն ասաց Մովսէսին. «Ես իմ մատեանից կը ջնջեմ նրան, ով մեղանչել է իմ դէմ: 34Բայց հիմա գնա՛, իջի՛ր եւ այդ ժողովրդին առաջնորդի՛ր այն վայրը, որի մասին ասել եմ քեզ: Իմ հրեշտակը կը գնայ քո առաջից: Այն օրը, սակայն, երբ պիտի այցելեմ ձեզ, նրանց մեղքերը իրենց վրայ պիտի դնեմ»: 35Եւ Տէրը ժողովրդին պատուհասեց այն հորթի համար, որ կերտել էր Ահարոնը: