1«Ահա թէ ինչպէս կը վարուես նրանց հետ: Կը սրբագործես նրանց, որպէսզի ինձ համար քահանայութիւն անեն: Հօտից կը վերցնես ոչ արատաւոր մի զուարակ եւ ոչ արատաւոր երկու խոյ, 2նաեւ բաղարջ հաց, իւղով հունցուած բաղարջ կարկանդակներ ու իւղով շաղուած բաղարջ բլիթներ: Այդ բոլորը իւղով հունցուած ընտիր ալիւրով կը պատրաստես: 3Դրանք կը դնես մի սկուտեղի վրայ եւ սկուտեղով էլ կը նուիրաբերես դրանք, ինչպէս նաեւ զուարակն ու երկու խոյերը: 4Ահարոնին ու նրա որդիներին կը բերես վկայութեան խորանի դռան մօտ եւ նրանց կը լուանաս ջրով: 5Զգեստներն առնելով՝ քո եղբայր Ահարոնի ներքնազգեստի վրայ կը հագցնես երկարաւուն պատուճանը, վակասն ու լանջապանակը: Լանջապանակը կ՚ամրացնես վակասին: 6Խոյրը կը դնես նրա գլխին, իսկ թիթեղեայ սուրբ պսակը կը դնես խոյրի վրայ: 7Կը վերցնես օծութեան իւղից, կը քսես նրա գլխին եւ կ՚օծես նրան: 8Մօտ կը բերես նրա որդիներին, նրանց նոյնպէս կը հագցնես զգեստները, 9Ահարոնի ու նրա որդիների մէջքին կը կապես գօտիները, ապարօշները կը դնես նրանց գլխին եւ նրանց քահանայութիւնը ինձ համար յաւիտենական կը լինի: Այսպէս կը սրբագործես դու Ահարոնին ու նրա որդիներին: 10Զուարակը կը բերես վկայութեան խորանի դռան մօտ, եւ Ահարոնն ու նրա որդիները վկայութեան խորանի դռան մօտ իրենց ձեռքերը կը դնեն զուարակի գլխին Տիրոջ առաջ: 11Զուարակը կը մորթես Տիրոջ առաջ, վկայութեան խորանի դռան մօտ: 12Կը վերցնես զուարակի արիւնից քո մատով ու կը քսես զոհասեղանի եղջիւրաձեւ անկիւններին, իսկ մնացած ամբողջ արիւնը կը հեղես զոհասեղանի յատակին: 13Կը վերցնես փորոտիքը ծածկող ամբողջ ճարպը, լեարդի տակի բլթակը եւ երկու երիկամներն իրենց ճարպի հետ, կը դնես զոհասեղանի վրայ: 14Զուարակի միսը, նրա մորթին ու կղկղանքը թող այրեն բանակատեղիից դուրս: Դա հէնց մեղքերի համար է: 15Կ՚առնես խոյերից մէկը, եւ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը կը դնեն խոյի գլխին: 16Կը մորթես խոյը եւ վերցնելով նրա արիւնը՝ կը հեղես զոհասեղանի շուրջը: 17Խոյը կը բաժանես մասերի, ջրով կը լուանաս նրա փորոտիքն ու ոտքերը եւ դրանք նրա գլխի հետ կը դնես կտրտած մասերի վրայ: 18Զոհասեղանի վրայ դրուած ամբողջ խոյը կը լինի Տիրոջն առաքուած անուշահոտ ողջակէզ: Դա Տիրոջը մատուցուած զոհն է: 19Կ՚առնես երկրորդ խոյը, եւ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը կը դնեն խոյի գլխին: 20Կը մորթես խոյը, կը վերցնես նրա արիւնից եւ կը քսես Ահարոնի աջ ականջի բլթակին, նրա որդիների աջ ականջի բլթակին, Ահարոնի աջ ձեռքի ծայրերին, նրա աջ ոտքի ծայրերին, նրա որդիների աջ ականջների բլթակներին, նրանց աջ ձեռքերի ծայրերին, նրանց աջ ոտքերի ծայրերին: Մնացած արիւնը կը հ»ղ»ս զոհաս»ղանի շուրջը: 21Կ՚առնես զոհասեղանի վրայ գտնուող արիւնից ու օծութեան իւղից եւ կը ցանես Ահարոնի ու նրա զգեստների վրայ, նրա որդիների ու նրա որդիների զգեստների վրայ: Թող սրբագործուեն Ահարոնն ու իր զգեստները, նրա հետ նաեւ՝ նրա որդիներն ու նրա որդիների զգեստները: Խոյի արիւնը կը հեղես զոհաս»ղանի շուրջը: 22Կ՚առնես խոյի ճարպը, դմակը, փորոտիքը ծածկող ճարպը, լեարդի տակի բլթակը, երկու երիկամներն իրենց ճարպի հետ եւ աջ զիստը»: Դա սրբազան նուիրագործութիւնն է: 23«Տիրոջ առաջ դրուած բաղարջների սկուտեղից կը վերցնես մի հաց, իւղով հունցուած մի կարկանդակ ու մի բլիթ, 24այդ ամէնը կը դնես Ահարոնի ձեռքերի վրայ, նրա որդիների ձեռքերի վրայ եւ որպէս ընծայ կը նուիրաբերես Տիրոջը: 25Դրանք կը վերցնես նրանց ձեռքերից եւ ողջակէզների զոհասեղանի վրայ կ՚այրես իբրեւ անուշահոտ զոհ Տիրոջ առաջ»: Դա Տիրոջ համար կատարուող զոհաբերութիւն է: 26«Կ՚առնես Ահարոնին քահանայ օծելու համար զոհուած խոյի կուրծքը եւ այն որպէս ընծայ կը նուիրաբերես Տիրոջը, իսկ մնացեալը կը լինի քո բաժինը: 27Կը սրբագործես խոյի կուրծքը որպէս նուիրաբերութիւն, ինչպէս նաեւ՝ նրա զիստը, որը նուիրագործուեց: 28Եւ այն ամէնը, ինչ Ահարոնի եւ նրա որդիների կողմից որպէս բաժին կը հանուի խոյից, յաւիտենական օրէնք պիտի լինի Ահարոնի եւ նրա որդիների համար իսրայէլացիների մօտ, քանզի դա է ըստ օրինի նրանց հասանելիք բաժինը: Եւ դա իսրայէլացիների՝ իրենց փրկութեան համար Տիրոջ առաջ զոհաբ»րու»լիք ընծան թող լինի: 29Ահարոնի սրբազան զգեստները իրենից յետոյ թող պատկանեն իր որդիներին, որպէսզի նրանք օրհնուեն ու օծուեն այդ զգեստները հագած: 30Եօթը օր այդ զգեստները թող հագնի այն քահանան, որը նրա որդիներից լինելով՝ պիտի փոխարինի նրան, որպէսզի վկայութեան խորան մտնի սրբարանում պաշտամունք կատարելու համար: 31Կը վերցնես նուիրագործութեան խոյը եւ դրա միսը կ՚եփես մի սուրբ վայրում: 32Ահարոնն ու նրա որդիները թող ուտեն խոյի մսից: Վկայութեան խորանի դռան մօտ թող ուտեն նաեւ սկուտեղի վրայի բաղարջ հացերը եւ 33այն բաները, որ իրենց ձեռնադրութեան եւ սրբագործութեան որպէս քաւութիւն ծառայեցին: Որեւէ օտարական թող դրանցից չուտի, որովհետեւ դրանք սրբութիւններ են: 34Եթէ նուիրագործութեան զոհի մսից ու հացից մնայ մինչեւ առաւօտ, ապա մնացորդները կ՚այրես կրակով. այն թող չուտուի, որովհետեւ Տիրոջ սրբութիւնն է: 35Այն ամէնը, ինչ կարգադրում եմ քեզ Ահարոնի ու նրա որդիների վերաբերեալ, կը կատարես: Եօթը օր կը կատարես նրանց օրհնութիւնը: 36Մեղքերի քաւութեան զուարակը կը զոհես սրբութեան օրը: 37Զոհ մատուցելու համար զոհասեղանը պէտք է սրբագործուած լինի: Զոհասեղանը սրբագործելու համար եօթը օր պէտք է այն մաքրես, օծես, եւ զոհասեղանը կը լինի սրբութիւն սրբոց: Զոհասեղանին դիպչող ամէն ոք կը սրբագործուի»: 38«Ահա թէ ինչ պիտի զոհես զոհասեղանի վրայ. մշտնջենապէս, ամէն օր մէկ տարեկան ոչ արատաւոր երկու գառ պիտի զոհես զոհասեղանի վրայ. դա մշտնջենական զոհաբերութիւն է լինելու: 39Մի գառ կը զոհես առաւօտեան, իսկ երկրորդ գառը կը զոհես երեկոյեան: 40Ամէն մի գառան հետ կը բերես նաեւ շուրջ մէկուկէս լիտր զտուած իւղ՝ շաղուած երեք կիլոգրամ ընտիր ալիւրի հետ, ինչպէս նաեւ մէկուկէս լիտր գինի իբրեւ ընծայ: 41Երկրորդ գառը կը զոհես երեկոյեան այնպէս, ինչպէս առաւօտեան զոհուած գառը՝ բերելով նոյն ընծաները: Այն որպէս անուշահոտ զոհ կը մատուցես Տիրոջը: 42Ձեր ազգի մէջ դա պիտի լինի վկայութեան խորանի դռան մօտ, Տիրոջ առաջ կատարուող մշտնջենական զոհաբերութիւն: Ես քեզ յայտնուելու եմ այնտեղ, որպէսզի խօսեմ քեզ հետ: 43Այնտեղ պիտի երեւամ Իսրայէլի որդիներին ու պիտի սրբագործուեմ իմ փառքով: 44Ես պիտի սրբագործեմ վկայութեան խորանն ու զոհասեղանը, պիտի սրբագործեմ Ահարոնին ու նրա որդիներին, որպէսզի նրանք ինձ համար քահանայութիւն անեն: 45Ես պիտի անուանուեմ Իսրայէլի որդիների մէջ եւ պիտի լինեմ նրանց Աստուածը: 46Նրանք պիտի գիտենան, որ ե՛ս եմ իրենց Տէր Աստուածը, որ իրենց հանեց Եգիպտացիների երկրից, որպէսզի նրանք տան իմ անունը, եւ ես լինեմ իրենց Տէր Աստուածը»: