1«Ականջ մի՛ դիր սուտ լուրերին:Յանձն մի՛ առ յօգուտ անիրաւի անիրաւ վկայ լինել: 2Մեծամասնութեանը հետեւելով՝ չար գործերի յետեւից մի՛ ընկիր: Բազմութեանը մի՛ խառնուիր՝ անիրաւութիւն գործելու համար նրան ենթարկուելով, 3եւ դատի տակ ընկածին յանիրաւի մի՛ խղճա դատաստանի ժամանակ: 4Եթէ հանդիպես քո թշնամու մոլորուած եզան կամ էշին, դրան կը դարձնես ու կը հասցնես իր տիրոջը: 5Եթէ տեսնես, որ մէկի գրաստը բեռան ծանրութեան տակ ընկել է, նրա կողքից անտարբեր մի՛ անցիր, այլ նրան օգնելով բարձրացրո՛ւ այն: 6Մի՛ շեղիր դատի ընթացքը, եթէ նոյնիսկ դատուողը քո ծանօթն է: 7Հեռու կը մնաս ամէն տեսակ անիրաւ գործերից: Մահուան չդատապարտես անպարտին ու արդարին: Մեղաւորին կաշառուելով չարդարացնես: 8Կաշառք չվերցնես, որովհետեւ կաշառքը կուրացնում է անգամ պայծառատեսների աչքերը եւ աւերում արդար գործերը: 9Պանդուխտին մի՛ ճնշիր. դուք գիտէք պանդուխտ մարդկանց վիճակը, որովհետեւ դուք եւս պանդուխտ էիք Եգիպտացիների երկրում»: 10«Վեց տարի կը մշակես քո հողը եւ կը հաւաքես դրա բերքը: 11Եօթներորդ տարում չես մշակի այն եւ կը թողնես, որ հանգստանայ: Քո ցեղի աղքատները թող ուտեն ինքնաբոյս բերքը, իսկ դրանից աւելացածները թող ուտեն վայրի գազանները: Այդպէս կը վարուես քո այգու եւ քո ձիթաստանի հետ: 12Վեց օր կ՚աշխատես, իսկ եօթներորդ օրը կը թողնես, որ հանգստանան քո եզն ու էշը, հանգստանան նաեւ քո աղախնու եւ օտարականի որդիները: 13Ինչ որ ասացի ձեզ, կը կատարէք: Օտար աստուածներ մի՛ պաշտէք, նրանց անունները ձեր բերանից չլսուեն»: 14«Տարուայ մէջ երեք անգամ ինձ համար տօն կը կատարէք: 15Բաղարջակերաց տօնը կը պահէք: Նոր բերքի ամսին եօթը օր բաղարջ հաց կ՚ուտէք, ինչպէս պատուիրել եմ ձեզ, որովհետեւ դուք ա՛յդ ժամանակ ելաք Եգիպտացիների երկրից: Իմ առաջ դատարկաձեռն չերեւաս: 16Ինչ էլ որ ցանած լինես քո հանդում, կը կատարես ամառուայ քո առաջին բերքը քաղելու տօնը: Տօն կը կատարես նաեւ տարուայ վերջում, երբ հանդից հաւաքած կը լինես քո բերքը: 17Քո ժողովրդի բոլոր արու զաւակները տարուայ մէջ երեք անգամ պէտք է ներկայանան տէր Աստծուն: 18Քո արած զոհաբերութեան արիւնը թթխմորով հացի վրայ չթափես, եւ իմ տօնին արուած զոհաբերութեան ճարպը մինչեւ առաւօտ չպահես: 19Քո առաջին բերքի արդիւնքը կը բերես քո տէր Աստծու տունը: Գառը իր մօր կաթի մէջ չեփես»: 20«Եւ ահա ես իմ հրեշտակին ուղարկում եմ քեզ մօտ, որպէսզի նա քո առաջից գնալով՝ քեզ պահպանի ճանապարհին ու տանի այն երկիրը, որ պատրաստեցի քեզ համար: 21Զգո՛յշ եղիր անձիդ նկատմամբ, լսի՛ր ու հնազանդուի՛ր նրան, որպէսզի նա չխորշի քեզնից, որովհետեւ նա իմ անունով է գործելու: 22Եթէ ուշադիր լսես իմ խօսքը եւ կատարես այն ամէնը, ինչ ասել եմ քեզ, ես կը լինեմ քո թշնամիների թշնամին եւ կը դառնամ քո հակառակորդների հակառակորդը, 23որովհետեւ իմ հրեշտակը քեզ առաջնորդ կը լինի, քեզ կը տանի ամորհացիների, քետացիների, փերեզացիների, քանանացիների, գերգեսացիների, խեւացիների ու յեբուսացիների մօտ, որոնց ես կոտորելու եմ: 24Չերկրպագես նրանց աստուածներին, չպաշտես նրանց եւ չկատարես այն, ինչ նրանք են կատարում, այլ քարուքա՛նդ արա դրանք եւ ջարդիր փշրի՛ր նրանց յուշարձանները: 25Պաշտի՛ր քո տէր Աստծուն, եւ ես կ՚օրհնեմ քո հացն ու ջուրը եւ ձեզնից կը վանեմ հիւանդութիւնները: 26Քո երկրում անսեռունակ տղամարդ եւ ամուլ կին չեն լինելու: Ես աւելացնելու եմ քո կեանքի տարիները: 27Ես պիտի ուղարկեմ իմ ահը, որ դա առաջնորդի քեզ, պիտի սարսափեցնեմ բոլոր այն ազգերին, որոնց երկիրը ոտք պիտի դնես: Քո բոլոր հակառակորդներին փախուստի պիտի մատնեմ: 28Քո առաջից իշամեղուներ պիտի ուղարկեմ, որ քեզնից հեռու քշեն ամորհացիներին, խեւացիներին, քանանացիներին ու քետացիներին: 29Մի տարուայ ընթացքում չէ, որ պիտի հեռացնեմ նրանց քեզնից, որպէսզի երկիրը անապատի չվերածուի, եւ քո շրջակայքում չբազմանան երկրի գազանները: 30Կամաց-կամաց պիտի հեռացնեմ դրանց քեզնից, մինչեւ որ բազմանաս ու ժառանգես երկիրը: 31Քո երկրի տարածքը սահմանելու եմ Կարմիր ծովից մինչեւ Փղշտացիների ծովը եւ անապատից մինչեւ Եփրատ մեծ գետը: Ձեր ձեռքը պիտի յանձնեմ այդ երկրի բնակիչներին ու նրանց հեռու պիտի քշեմ քեզնից: 32Դու նրանց ու նրանց չաստուածների հետ ուխտ չդնես: 33Նրանք քո երկրում չպիտի բնակուեն, որպէսզի իմ նկատմամբ յանցանքի չմղեն քեզ, որովհետեւ, եթէ ծառայես նրանց չաստուածներին, նրանք գայթակղութիւն կը լինեն քեզ համար»: