1«Եթէ մէկը արջառ կամ ոչխար գողանայ, մորթի կամ վաճառի այն, ապա մէկ արջառի փոխարէն հինգ արջառ թող հատուցի, իսկ մէկ ոչխարի փոխարէն՝ չորս ոչխար: 2Եթէ գողին մահացու հարուած հասցնեն տան պատին անցք բացելիս, թող դա սպանութիւն չդիտուի: 3Իսկ եթէ դէպքը արեւածագից յետոյ կատարուի, սպանողը մահապարտ կը դիտուի եւ մահուան կ՚ենթարկուի: Եթէ գողը հատուցելու ոչինչ չունի, ապա ինքը թող վաճառուի, որպէսզի հատուցի իր գողացածի փոխարէն: 4Իսկ եթէ նա բռնուի, եւ գողօնը՝ արջառ, էշ եւ ոչխար, գտնուի իր մօտ, ապա նա կրկնակին թող հատուցի: 5Եթէ մէկն իր անասունն արածեցնելիս թոյլ է տալիս, որ անասունն արածի ուրիշի հանդում, ապա իր հանդից թող հատուցի ըստ փչացրած բերքի չափի: Իսկ եթէ հանդը փչացրել է ամբողջութեամբ, ապա թող հատուցի իր հանդի ու իր այգու ընտիր հատուածով: 6Եթէ մէկը իր հանդի փշերը վառելու համար կրակ անի, եւ նրա վառած կրակը տարածուի ու այրի մէկ ուրիշի կալը կամ ցորենի շեղջը կամ հանդը, ապա վնասը թող հատուցի նա, ով հրդեհի համար մեղաւոր է: 7Եթէ մէկը մի մարդու արծաթ կամ որեւէ այլ իր տայ պահելու, եւ այն գողացուի այդ մարդու տնից, եթէ գողը գտնուի, թող կրկնակին հատուցի, 8իսկ եթէ գողը չգտնուի, ապա տան տէրը թող Աստծու առաջ երդուի, որ ինքն ամենեւին չի իւրացրել այդ մարդու իրեն պահ տուած իրը: 9Արջառի ու էշի, ոչխարի ու հագուստի եւ ամէն տեսակ բաների կորուստներին վերաբերող եւ վէճ յարուցող խնդիրների իսկութիւնը պարզելու նպատակով երկու կողմերը թող կանգնեն Աստծու դատաստանի առաջ: Նրանցից ում որ Աստուած մեղաւոր ճանաչի, նա կրկնակին թող հատուցի միւսին: 10Եթէ մէկը մի մարդու էշ, եզ, ոչխար կամ որեւէ այլ անասուն ի պահ տայ եւ պահ տրուածը վնասուածք ստանայ, սատկի կամ յափշտակուի, եւ այդ բանը հաստատող ոչ մի վկայ չլինի, 11ապա երկուսի միջեւ թող Աստծուն տրուած երդումը որպէս վկայութիւն լինի: Նա, ում մօտ անասունը պահ է տրուած եղել, եթէ երդուի, որ երբեք նենգ մտադրութիւն չի ունեցել միւսի տուած աւանդի նկատմամբ, ապա տէրը թող բաւարարուի դրանով, իսկ պահողը թող չտուգանուի: 12Իսկ եթէ ապացուցուի, որ իրօք իր մօտից են գողացել, ապրանքի տիրոջը թող հատուցի վնասը: 13Իսկ եթէ պահ տրուած անասունին մի գազան է յօշոտել, որպէս ապացոյց նա թող բերի անասունի լէշը եւ վնասը չհատուցի: 14Եթէ մէկը մի իր կամ անասուն խնդրի մէկ ուրիշից, եւ դրանք ջարդուեն, սատկեն կամ յափշտակուեն, իսկ տէրը դրանց մօտ ներկայ չլինի, ապա աւանդը վերցնողը թող հատուցի վնասը: 15Եթէ դէպքը կատարուելիս տէրը աւանդի մօտ ներկայ լինի, աւանդ վերցնողը վնասը թող չհատուցի: Եթէ դա վարձով է փոխ առել, վնասն այդ վարձով էլ թող հատուցի»: 16«Եթէ մէկը խաբի չնշանուած մի կոյսի եւ պառկի նրա հետ, գլխագին թող վճարի ու ամուսնանայ նրա հետ: 17Եւ եթէ աղջկայ հայրը չհամաձայնի նրան կնութեան տալ իր աղջկան, խաբողը նրա հօրը արծաթ թող վճարի այնքան, ինչքան գլխագին է սահմանուած կոյսերի համար: 18Մի՛ թողէք, որ կախարդներն ապրեն: 19Ով որ կենակցի անասունի հետ, նրան մահապատժի ենթարկեցէ՛ք: 20Ով որ կուռքերին զոհ մատուցի, մահապատժի թող ենթարկուի: Զոհ մատուցեցէ՛ք միայն Տիրոջը: 21Պանդուխտին մի՛ չարչարէք, մի՛ նեղէք նրան, որովհետեւ դուք եւս պանդուխտ էիք Եգիպտացիների երկրում: 22Ոչ մի այրի կնոջ կամ որբի մի՛ տանջէք: 23Եթէ տանջէք նրանց, եւ նրանք բողոք բարձրացնելով դիմեն ինձ, ես կը լսեմ նրանց ձայնը, 24սաստիկ կը բարկանամ, սրակոտոր կ՚անեմ ձեզ, ձեր կանայք կ՚այրիանան, իսկ ձեր զաւակները որբ կը դառնան: 25Եթէ արծաթ ես փոխ տալիս աղքատ եղբօրդ, նեղը մի՛ գցիր նրան եւ տոկոսներ մի՛ պահանջիր նրանից: 26Եթէ գրաւ վերցնես մէկի բաճկոնը, մինչեւ արեւի մայր մտնելը վերադարձրո՛ւ այն, 27որովհետեւ դա նրա եւ՛ վերարկուն է, եւ՛ նրա մերկութիւնը ծածկող հանդերձը, որով եւ նա քնում է: Եւ եթէ նա բողոքի ինձ, ես կը լսեմ նրան, որովհետեւ ողորմած եմ: 28Քո աստուածներին մի՛ վատաբանիր եւ քո ժողովրդի առաջնորդին մի՛ հայհոյիր: 29Քո կալի ու հնձանի արդիւնքը մի՛ կտրիր ինձնից: 30Քո որդիներից անդրանիկներին ինձ կը նուիրաբերես: Նոյն կերպ կը վարուես քո արջառի, ոչխարի ու էշի առաջնածինների հետ: Դրանք եօթը օր թող մնան իրենց մօր մօտ, իսկ ութերորդ օրը դրանք կը նուիրաբերես ինձ: 31Իմ այս ասածները կատարելով՝ դուք ինձ համար սուրբ մարդիկ կը լինէք: Գազանի յօշոտած կենդանու միս մի՛ կերէք, այլ շա՛նը նետեցէք»: