1Այնտեղ էր գտնւում Ղեւիի ցեղից մի մարդ, որն ամուսնացաւ Ղեւիի դուստրերից մէկի հետ: 2Սա յղիացաւ ու ծնեց մի արու զաւակ: Տեսնելով, որ նա գեղեցիկ է, երեք ամիս թաքցրին նրան: 3Երբ այլեւս չէին կարող նրան թաքցնել, նրա մայրն առաւ եղէգից հիւսուած մի զամբիւղ, այն ծեփեց կպրաձիւթով, դրա մէջ դրեց մանկանը եւ զամբիւղը դրեց ծանծաղուտ մի տեղ, գետափին մօտիկ: 4Մանկան քոյրը հեռուից հետեւում էր՝ տեսնելու համար, թէ ինչ կը պատահի նրան: 5Այդ ժամանակ էր, որ փարաւոնի դուստրն եկաւ գետում լողանալու, իսկ նրա նաժիշտները քայլում էին գետի ափով: Ծանծաղուտի մէջ զամբիւղ նկատելով՝ նա մի նաժիշտ ուղարկեց, որ վերցնի այն: 6Նա բացեց եւ տեսաւ երեխային: Երեխան լաց էր լինում զամբիւղում: Փարաւոնի դուստրը, խղճալով նրան, ասաց. «Եբրայեցիների երեխաներից է դա»: 7Մանկան քոյրն ասաց փարաւոնի դստերը. «Ուզո՞ւմ ես, որ եբրայեցիներից մի դայեակ կին կանչեմ, նա թող կերակրի այդ մանկանը»: 8Փարաւոնի դուստրն ասաց՝ «գնա՛»: Աղջիկը գնաց ու կանչեց մանկան մօրը: 9Փարաւոնի դուստրը նրան ասաց. «Վերցրո՛ւ այդ մանկանը եւ կերակրի՛ր նրան ինձ համար: Ես կը տամ քո վարձը»: Կինը վերցրեց մանկանը եւ կերակրեց նրան: Երբ մանուկը մեծացաւ, կինը նրան բերեց փարաւոնի դստեր մօտ, 10եւ մանուկը նրան որդեգիր դարձաւ: Նա նրան Մովսէս կոչեց ասելով՝ ջրից եմ հանել նրան: 11Շատ օրեր յետոյ, երբ Մովսէսը մեծացաւ, գնաց իր ազգակիցների՝ իսրայէլացիների մօտ, ականատես եղաւ նրանց չարչարանքներին: Նա նկատեց, որ մի եգիպտացի ծեծում էր իր եբրայեցի եղբայրներից մէկին՝ մի իսրայէլացու: 12Մովսէսն այս ու այն կողմ նայեց եւ ոչ ոքի չտեսնելով, սպանեց եգիպտացուն եւ նրան թաղեց աւազի տակ: 13Յաջորդ օրը նա տեսաւ իրար հետ կռուող երկու եբրայեցիների եւ անիրաւութիւն անողին ասաց. «Ինչո՞ւ ես ծեծում ընկերոջդ»: 14Սա պատասխանեց. «Ո՞վ է քեզ իշխան ու դատաւոր կարգել մեզ վրայ, թէ՞ ինձ էլ ես ուզում սպանել, ինչպէս որ երէկ սպանեցիր եգիպտացուն»: Մովսէսը վախեցաւ՝ մտածելով, որ եղելութիւնը յայտնի է դարձել: 15Երբ փարաւոնը լսեց այդ դէպքի մասին, պահանջեց, որ սպանեն Մովսէսին: Մովսէսը փախաւ փարաւոնի պատճառով ու բնակուեց Մադիամի երկրում: 16Մադիամի երկիրը գալով՝ նա նստեց մի ջրհորի մօտ: Մադիանացիների քուրմն ունէր եօթը դուստր, որոնք արածեցնում էին իրենց հօր ոչխարները: Նրանք եկել էին ջուր հանելու եւ լցնելու աւազանները, որպէսզի ջրեն իրենց հօր ոչխարները: 17Բայց եկան ուրիշ հովիւներ եւ աղջիկներին հեռու քշեցին: Մովսէսը ոտքի ելաւ եւ պաշտպանեց նրանց, ջուր հանեց ու ջրեց նրանց ոչխարները: 18Աղջիկներն եկան իրենց հօր՝ Հռագուէլի մօտ: Սա նրանց հարցրեց. «Ինչո՞ւ այսօր օրը ցերեկով վերադարձաք»: 19Նրանք պատասխանեցին. «Մի եգիպտացի տղամարդ մեզ փրկեց այդ հովիւների ձեռքից, ջուր հանեց ու ջրեց մեր ոչխարները»: 20Հայրը հարցրեց իր դուստրերին. «Իսկ ո՞ւր է նա, ինչո՞ւ թողեցիք այդ մարդուն: Արդ, կանչեցէ՛ք նրան, որ հաց ուտի»: 21Եւ Մովսէսը բնակուեց այդ մարդու մօտ, եւ սա իր դուստր Սեփորային Մովսէսին կնութեան տուեց: 22Կինը յղիացաւ ու ծնեց որդի, որին Մովսէսը Գերսամ անուանեց ասելով՝ ես պանդուխտ եմ օտար երկրում: 23Շատ օրեր անց մեռաւ եգիպտացիների թագաւորը: Իսրայէլացիները, որոնք տանջւում էին տաժանակիր աշխատանքի մէջ, աղաղակ բարձրացրին. նրանց աղաղակը հասաւ Աստծուն: Եւ Աստուած լսեց նրանց հեծութիւնը, 24յիշեց իր ուխտը, որ կապել էր Աբրահամի, Իսահակի ու Յակոբի հետ: 25Աստուած իր հայեացքն ուղղեց իսրայէլացիներին: Նա յայտնուեց նրանց: