1Տէրն ասաց Մովսէսին. «Մի պատուհաս էլ պիտի հասցնեմ փարաւոնին ու Եգիպտոսին, որից յետոյ փարաւոնը ձեզ կ՚արձակի այստեղից: Բայց երբ նա արձակի ձեզ, կ՚արձակի ձեր ամբողջ ունեցուածքով: 2Արդ, ժողովրդին գաղտնի յայտնի՛ր, որ իւրաքանչիւր տղամարդ եգիպտացի իր ընկերոջից եւ իւրաքանչիւր կին իր եգիպտացի հարեւանուհուց թող խնդրի ոսկեայ եւ արծաթեայ զարդեր ու զգեստներ»: 3Տէրը շնորհ պարգեւեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ, եւ սրանք զարդեր տուին նրանց: Մովսէսը եգիպտացիների, փարաւոնի, նրա բոլոր պաշտօնեաների առաջ ու ժողովրդի աչքին շատ յարգարժան դարձաւ: 4Մովսէսն ասաց փարաւոնին. «Այսպէս է ասում Տէրը. «Կէս գիշերին ես կը մտնեմ Եգիպտոս, 5եւ Եգիպտացիների երկրում կը մեռնեն բոլոր անդրանիկ զաւակները՝ իր գահին բազմած փարաւոնի անդրանիկ որդուց սկսած մինչեւ երկանքի մօտ աշխատող աղախնի անդրանիկ որդին, բոլոր անասունների առաջնածինները: 6Եւ Եգիպտացիների ամբողջ երկրում այնպիսի մեծ աղաղակ կը բարձրանայ, որի նմանը չի եղել, եւ այդպիսին չի էլ լինի: 7Բայց իսրայէլացիների շրջանում մի շուն անգամ չի կլանչելու մարդկանց ու անասունների վրայ, որպէսզի իմանաս, թէ ինչպիսի զարմանահրաշ գործեր է անում Տէրը եգիպտացիների ու իսրայէլացիների մէջ: 8Այս բոլոր ծառաներդ պիտի գան ծնրադրեն իմ առաջ, երկրպագեն ինձ ու ասեն. «Ելէք գնացէ՛ք դու եւ քո ողջ ժողովուրդը, որին դու ես առաջնորդում: Այդ ժամանակ էլ ես կ՚ելնեմ»: 9Եւ Մովսէսը փարաւոնի մօտից դուրս ելաւ խիստ զայրացած: Տէրն ասաց Մովսէսին. «Փարաւոնը ձեզ չպիտի լսի, որպէսզի ես Եգիպտացիների երկրում է՛լ աւելի շատ նշաններ ցոյց տամ ու զարմանահրաշ գործեր անեմ»: 10Մովսէսն ու Ահարոնը Եգիպտացիների երկրում փարաւոնի առաջ արեցին այս բոլոր նշաններն ու զարմանահրաշ գործերը: Տէրը կարծրացրեց փարաւոնի սիրտը, եւ փարաւոնը չուզեց իսրայէլացիներին Եգիպտացիների երկրից արձակել: