1Դիմելով Մովսէսին՝ Տէրն ասաց. «Մտի՛ր փարաւոնի մօտ, որովհետեւ ես կարծրացրել եմ նրա ու նրա պաշտօնեաների սիրտը, որպէսզի իմ նշանները հերթով թափուեն նրանց գլխին, 2որպէսզի դուք պատմէք ձեր որդիներին ու ձեր որդիների որդիներին, թէ որքան եմ ես ծաղրուծանակի ենթարկել եգիպտացիներին, ինչպէս նաեւ պատմէք իմ այն նշանների մասին, որ կատարեցի նրանց մօտ, որպէսզի ճանաչէք, թէ ե՛ս եմ Տէրը»: 3Մովսէսն ու Ահարոնը մտան փարաւոնի մօտ եւ ասացին նրան. «Այսպէս է ասում եբրայեցիների Տէր Աստուածը. «Մինչեւ ե՞րբ չես պատկառելու ինձնից: Արձակի՛ր իմ ժողովրդին, որպէսզի պաշտի ինձ: 4Եթէ չկամենաս արձակել իմ ժողովրդին, ես, ահա, վաղն իսկ, հէնց այս ժամին շատ մորեխ կը թափեմ քո սահմաններից ներս: 5Դրանք կը ծածկեն ողջ երկրի երեսը, եւ դու չես կարողանայ տեսնել երկիրը: Դրանք կը խժռեն բոլոր մնացած այն բաները, որ ձեզ թողել է կարկուտը, կը խժռեն բոլոր տունկերը, որ բուսել են երկրի վրայ ձեզ համար: 6Քո պալատները, քո պաշտօնեաների եւ Եգիպտացիների ամբողջ երկրի բոլոր տները այնպէս կը լցուեն մորեխներով, որ ո՛չ ձեր հայրերը, ո՛չ էլ նրանց նախահայրերը երբեք չեն տեսել երկրի վրայ իրենց ծնուած օրից մինչեւ այսօր»: Եւ Մովսէսը դուրս եկաւ փարաւոնի մօտից: 7Փարաւոնի պաշտօնեաներն իրեն ասացին. «Այս խոչընդոտը մինչեւ ե՞րբ պիտի լինի մեր առաջ: Արձակի՛ր մարդկանց, որպէսզի պաշտեն իրենց տէր Աստծուն: Գուցէ ուզում ես տեսնել, թէ ինչպէ՞ս է կործանւում Եգիպտոսը»: 8Եւ նրանք Մովսէսին ու Ահարոնին վերադարձրին փարաւոնի մօտ: Փարաւոնը նրանց ասաց. «Գնացէք պաշտեցէ՛ք ձեր տէր Աստծուն: Գնացողները, սակայն, ովքե՞ր են լինելու»: 9Մովսէսն ասաց. «Կը գնանք մենք մեր երիտասարդներով ու ծերերով, մեր տղաներով ու աղջիկներով, կը գնանք մեր արջառների ու ոչխարների հետ, որովհետեւ մեր տէր Աստծու տօնն է»: 10Փարաւոնն ասաց նրանց. «Թող այդպէս լինի: Տէրը ձեզ հետ: Քանզի արձակում եմ ձեզ. բայց մի՞թէ ձեր ունեցուածքն էլ եմ ազատ արձակում: Տեսնո՞ւմ էք, որ չարութիւն կայ ձեր մէջ: 11Այդպէս չի լինի: Նախ թող գնան միայն տղամարդիկ եւ պաշտեն Աստծուն, քանի որ դուք հէնց այդ էիք ուզում»: Եւ նրանց վռնդեցին փարաւոնի մօտից: 12Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր Եգիպտացիների երկրի վրայ, եւ մորեխ պիտի ելնի Եգիպտացիների երկրի վրայ եւ պիտի խժռեն երկրի այն ողջ բուսականութիւնն ու ծառերի պտուղները, որ փրկուել են կարկտից»: 13Մովսէսը ձեռքը մեկնեց դէպի երկինք, եւ Տէրը մի ամբողջ ցերեկ ու գիշեր հարաւային հողմ բարձրացրեց երկրի վրայ: Երբ առաւօտ եղաւ, հարաւային հողմն առաւ մորեխն 14ու ցրեց Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ, նրա սահմաններից ներս: Ո՛չ դրանից առաջ էր այդքան մորեխ եղել, եւ ո՛չ էլ դրանից յետոյ այդքան մորեխ եղաւ: 15Մորեխը ծածկեց ամբողջ երկիրը, եւ երկիրը բուսականութիւնից զրկուեց: Մորեխը կերաւ երկրի այն ողջ բուսականութիւնն ու ծառերի պտուղները, որ փրկուել էին կարկտից: Եգիպտացիների ամբողջ երկրում կանաչ բան չմնաց ո՛չ ծառերի, ո՛չ էլ դաշտային տունկերի վրայ: 16Փարաւոնն շտապ կանչեց Մովսէսին ու Ահարոնին եւ ասաց. «Ես մեղք գործեցի ձեր տէր Աստծու եւ ձեր դէմ: 17Արդ, ներեցէ՛ք իմ այս յանցանքը եւս եւ աղաչեցէ՛ք ձեր տէր Աստծուն, որ ինձ ազատի այս մորեխներից»: 18Մովսէսը գնաց փարաւոնի մօտից եւ աղօթեց Աստծուն: 19Աստուած ծովի կողմից սաստիկ հողմ բարձրացրեց, հողմն առաւ մորեխն ու լցրեց Կարմիր ծովը: Եգիպտացիների ամբողջ երկրում մորեխ չմնաց: 20Տէրը կարծրացրեց փարաւոնի սիրտը, եւ նա չարձակեց իսրայէլացիներին: 21Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր դէպի երկինք, եւ Եգիպտացիների երկրի վրայ թող խաւար լինի՝ թանձրամած խաւար»: 22Մովսէսը ձեռքը մեկնեց դէպի երկինք, եւ Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ երեք օր խաւար, մէգ ու մութ եղաւ: 23Երեք օր եղբայրն իր եղբօրը չտեսաւ, երեք օր ոչ ոք իր անկողնուց վեր չելաւ, մինչդեռ բոլոր իսրայէլացիների բոլոր բնակավայրերում լոյս էր: 24Փարաւոնը, կանչելով Մովսէսին ու Ահարոնին, ասաց նրանց. «Գնացէք պաշտեցէ՛ք ձեր տէր Աստծուն, ձեր ունեցուածքը վերցրէ՛ք ձեզ հետ, բայց ձեր արջառն ու ոչխարը թողէ՛ք այստեղ»: 25Մովսէսն ասաց. «Ողջակիզութեան ու զոհաբերութեան անասուններ դու ի՛նքդ մեզ պիտի տաս, որ մատուցենք մեր տէր Աստծուն: 26Մեր անասուններն էլ մեզ հետ պիտի գնան, մենք մի կճղակ անգամ չենք թողնելու այստեղ, որովհետեւ մեր տէր Աստծուն դրանցից պիտի զոհ մատուցենք: Մինչեւ մեր այնտեղ հասնելը մենք դեռ չգիտենք, թէ ինչ պիտի զոհաբերենք մեր տէր Աստծուն»: 27Տէրը կարծրացրեց փարաւոնի սիրտը, եւ փարաւոնը չուզեց արձակել նրանց: 28Փարաւոնն ասաց. «Հեռացի՛ր ինձնից, զգո՛յշ եղիր, այլեւս չհամարձակուես իմ աչքին երեւալ, որովհետեւ այն օրը, որ երեւաս ինձ, կը սպանուես»: 29Մովսէսն ասաց. «Դու արդէն ասացիր. այլեւս աչքիդ չեմ երեւայ»: